«Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերությունում կրճատումներ չեն լինի
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Քեյ-Փի-Էմ-Ջի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին` Ռուսաստանի Դաշնության եւ ԱՊՀ երկրների ավագ գործընկեր Էնդրյու Քրենստոնի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո գրասենյակը:
Էնդրյու Քրենստոնը ներկայացրել է Հայաստանում «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։ Նա նշել է, որ «Քեյ- Փի-Էմ-Ջի»-ն հանդիսանում է աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտացված ընկերությունների ցանց, որի նպատակն է աշխատակազմի գիտելիքներն օգտագործել ի շահ հաճախորդների, աշխատակիցների եւ շուկաների։
Նշելով, որ «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն Հայաստանում իր գրասենյակը հիմնել է 1997թ.-ին, Քրենստոնը հավաստել է, որ ընկերության գրասենյակների լայնածավալ ցանցն ապահովում է անհրաժեշտ ռեսուրսներ` բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում, ԱՊՀ մի շարք այլ երկրների համեմատությամբ, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման համար, ինչը հնարավորություն է տալիս «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերությանը, նաեւ տարածաշրջանի որոշ երկրների համեմատ, ընդլայնելու եւ զարգացնելու իր բիզնեսը Հայաստանում։
Էնդրյու Քրենստոնը տեղեկացրել է, որ ընկերությունն այսօր արդեն ՀՀ-ում ունի մոտ 100 աշխատակից, որոնց թիվը, համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում անգամ, կրճատելու մտադրություն չունի։ (Վրաստանում, օրինակ, գործունեության երկու տարիների ընթացքում ընկերության աշխատողների թիվը, ըստ պարոն Քրենստոնի, 30-ից չի անցնում):
Նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված Հայաստանում «Քեյ- Փի-Էմ-Ջի»-ի բիզնեսը երկարաժամկետ հեռանկարում զարգացնելու հարցում։
Վարչապետ Սարգսյանը հաջողություն է մաղթել ընկերությանը հետագա գործունեության ընթացքում` հավաստելով ՀՀ կառավարության պատրաստակամությունն իրավասության շրջանակներում ընկերությանն աջակցելու հարցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել