HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը պարգեւատրել է մի խումբ զինծառայողների

Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար nախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով: Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահ Սարգսյանը նաեւ ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ. «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր մենք նշում ենք մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկի` Հայկական բանակի տոնը: Տասնյոթ տարի առաջ, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, բանակի ստեղծումը դարձավ օրվա ամենաանհետաձգելի հրամայականը: Հայկական բանակը ձեւավորվեց ու թրծվեց պատերազմի բովում` գոյության առաջին իսկ օրերից դրսեւորելով իր լավագույն որակները` անմնացորդ նվիրումը հայրենիքին, անկոտրում մարտական կամքն ու հաղթանակի ոգին: Այդ ամենի շնորհիվ կարողացանք հաղթել անհավասար գոյամարտում ու ամրագրել մեր իսկ արժեքներով ապրելու ազատությունը: Մեզ համար Հայոց բանակն ազգային հպարտություն է, իսկ հակառակորդների համար` զսպվածության ու զգոնության մղող հզոր գործոն, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է այնքան փխրուն խաղաղությունը: Մենք գիտենք, որ այդ անդորրի համար պարտական ենք ամեն օր ծառայության գնացող, իրենց դիրքերում ու խրամատներում գտնվող զինվորներին, մեր սպաներին ու հրամանատարներին, մեր խիզախ զավակներին: Հարգելի սպաներ ու զինվորներ, Բանակում ծառայելը մեծ առաքելություն է, իսկ հաղթանակած բանակում ծառայելը` պատիվ ու պատասխանատվություն: Պատմությունը մեր ժողովրդի մեջ արմատավորել է հարգանք Հայոց բանակի նկատմամբ ու պատահական չէ, որ անգամ օտարի համար հայ զինվորի կերպարը մնում է որպես քաջության ու արիության խորհրդանիշ: Այդ պատճառով մեզանում զինվորականի գործը համարվում է ամենապատվաբերներից մեկը: Հայաստանն ավարտին է հասցնում զինված ուժերի բարեփոխումների հերթական փուլը: Մեր խնդիրը ժամանակակից, մարտունակ ու շարունակական զարգացում ապրող հզոր բանակ ունենալն է` խարսխված առաջավոր փորձի ու հայ զինվորականության հաղթական ավանդույթների վրա: Սիրելի հայրենակիցներ, Միասին շնորհավորենք բոլորին, ովքեր մասնակցել են մեր ազատամարտին, ծառայել մեր զինված ուժերում, իրենց ներդրումն ունեցել մեր բանակի կայացման ու ամրապնդման գործում: Մենք հիշում ենք բանակաշինության բոլոր երախտավորներին, մեր զինակիցներին ու մարտական ընկերներին, ովքեր ոչինչ չխնայեցին այսօրվա ու վաղվա Հայաստանի համար: Եվ անշուշտ խոնարհվում ենք յուրաքանչյուր զինվորի ու սպայի հիշատակի առջեւ, ով իր կյանքը զոհեց հանուն Հայրենիքի: Այս տոնական օրը ձեզ մաղթում եմ խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ մեր զինվորներին` բարի ծառայություն եւ հաջողություններ: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը եւ փառք Հայկական բանակին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter