HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյուտա Պեպանյան. «Էն, որ ասում են` մարդը հացս կտրեց, կնիկը` ջուրս, հիմի սրանցն ա»

bazar3Ալավերդու Հարկային տեսչության կողմից «Հայպետշին» թաղամասի շուկայի և այլ փողոցներում կանգնած պտուղ-բանջարեղեն վաճառող առևտրականները բորբոքված են ՀԴՄ-ներով աշխատելու` կառավարության պահանջից: Նրանց մի մասը գտնում է, որ Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից բանվորների զանգվածային կրճատումներից հետո խիստ նվազել է պտուղ-բանջարեղենի իրենց առևտուրը, որի հետևանքով էլ ժամանակավրեպ են համարում իրենց հարկային դաշտ տեղափոխելու` կառավարության պահանջը: Մի մասն էլ գտնում է, որ իրենց փոքր եկամուտներով չեն կարող ապահովել հարկային տեսչության պահանջները: Մարիետա Աղեկյան. «ՀԴՄ-ն նշանակում է`մենք չաշխատենք: Սովամահ կլինենք, թե ինչ կլինենք, դա արդեն չգիտեմ, թե ոնց կլինի»: Ֆրունզիկ Գալստյան. «Հիմա մեզնից պահանջում են աշխատենք ՀԴՄ-ով և մեր առևտրի 11%-ը հարկ վճարենք: Ես 11% եկամուտ չեմ ստանում: Եթե պետության այս պահանջը կատարում ենք, դուրս է գալիս, որ մենք միայն պետության համար ենք աշխատում, ոչ թե մեր երեխաների: Փողոցում, այ, տեսնում եք, առավոտից իրիկուն արևին ու սառնամանիքին կանգնած ենք, եթե այդքան միջոցներ ունենայինք, ինչի էինք սառնամանիքին կանգնում ու աշխատում, մեր բանջարեղենի խանութը կսարքեինք, ՀԴՄ-ն էլ կդնեինք ու կաշխատեինք: Բայց այդ միջոցները չունենք: Ես մնում եմ զարմացած, բանջարեղենից ինչպես են հարկ պահանջում, իմ գիտենելով` հարկային օրենսգրքում այդպիսի կետ չկա: Մենք համաձայն ենք, գանձեք ինչ-որ չափի գումարային հարկ, բայց ոչ ՀԴՄ-ներով: Մեկը ես` միջոց չունեմ ՀԴՄ գնելու, որի գինը 40 հազարից է սկսվում: Մարդ կա` զուտ 40 հազարի բանջարեղեն ունի վաճառքի, մի տեղից 25-30 հազար դրամ է վերցրել իր գոյությունը մի կերպ պահելու համար, դրել է շրջանառության մեջ, որ իր հացը վաստակի, ինչպես կարա ՀԴՄ առնի, բերի դնի: Մարդը պետք է ունենա սեփականաշնորհված տարածք, էլեկտրացանցից հանի էներգիայի օգտագործման պայմանագիր, որը 60 հազար դրամ գումար է կանգնում, փողոցում առևտուր անողը դա չի կարող անել: Այստեղ առևտուր անելու թույլտվություն էլ չունենք, այստեղ շինարարություն անել էլ չի թույլատրվում, քաղաքապետարանը ժամանակավոր թույլ է տվել այստեղ կանգնենք առևտրի` մեր սոցիալական ծանր վիճակից ելնելով: Քաղաքապետարանի բյուջեին էլ տարեկան 12 հազար դրամ հարկ ենք վճարում: Դրա հետ հարմարվում ենք, բայց ՀԴՄ-ին ահավոր դեմ ենք»: Անահիտ Սիմոնյան. «Մեր կառավարությունը չի տեսնում, որ մենք բոմժի նման ենք, կանայքս` տեսքից լրիվ ընկած: Նստած սպասում եմ, թե եսիմ մի արկղ խնձոր պտի ծախեմ, որ նրանից մի երկու կգ տակի փտածը տանեմ, որ իմ երեխեքն օգտվեն, դա է ընդամենը Ալավերդու առևտուրը: Հիմա ենթադրենք ես ունեմ 50 հազարի ապրանք, ենթադրենք: Ես լույս քաշելու համար պտի դոգովոր ունենամ, պայմանագրով լույս քաշեմ: Ես սկի էդ ՀԴՄ ապարատի գնի չափ ապրանք չեմ ունենում ոչ մի անգամ: Գալիս են` բա պտի հարկային մտնեք, պլան կա: Ամեն մարդու առաջին 30-50 հազար դրամի ապրանք ա հազիվ, դրանից ինչ են ուզում գանձեն, ես ինչ աշխատեմ, իմ տունը տանեմ, մեր կարգավիճակի մասին մեկը պտի մտածի, թե`չէ: Թող աշխատատեղ տան մեզ, 50 տարեկաններին սկի բանի տեղ չեն դնում: Ես ՀԴՄ-ի փող չունեմ»: Գայանե Նիազյան. «Բողոքավոր ենք նրա համար, որ մարդկանց աշխատանք չեն տալիս, ես 39 տարեկան անաշխատանք մարդ եմ: Մենք առողջ մարդ ենք, նստել ենք երկու բան ենք ծախում, որ երեխա պահենք, հիմա էդ էլ չեն թույլ տալիս: Էսօր հաց չենք առել: Հացի փող էլ չենք կարողանում աշխատել: Սպասում ենք մի բան ծախենք, որ հաց առնենք: Եթե պարտադրեն ՀԴՄ-ն, այլևս չենք աշխատի»: Նորիկ Թարիվերդյան. «Կիրովականից ու Սադախլոյից բանջարեղեն ենք բերում` վերավաճառելու համար, երեխաներս էլ են կրթություն ստացել, ոչ մեկս չենք աշխատում, միայն մեր գոյությունը պաշտպանում ենք: Եթե մտնենք հարկային դաշտ, մեր զամբյուղը չի հերիքի: Մանավանդ գործարանի փակվելու հետ էլ առևտուր չկա: Ես էլ էս րոպեին օպերացիայի խնդիր ունեմ, փող չունեմ, չեմ կարողանում գնալ»: Սուրեն Աղայան. «Ես 8 տարի է այստեղ առևտուր եմ անում աշխատանք չունենալու պատճառով: Հիմա առևտուրը լրիվ կանգ է առել: Տարվա մեջ միայն դեկտեմբեր ամսին ենք կարողանում առևտուր անել: Մնացած ամիսներին մի կերպ քարշ ենք գալիս: Էս տանջանքը, որ մենք էստեղ կրում ենք, վաղը, մյուս օրը մեր առողջության վրա լրիվ դուրս է գցելու, ու մեր աշխատած փողը տալու ենք բժիշկներին: Տասը կոնա կանաչի եմ բերում, 5-ը ծախում եմ, 5-ը` դեն գցում: Ավելի լավ է կառավարությունում իրենց ներքին խոհանոցը մաքրեն, հետո նոր գան, մեզ հասնեն: Պետությունը ժողովրդին գործ չի տալիս, գոնե նրա ստեղծած գործատեղը ձեռքից չխլի: Ընդամենը էսա մեր պահանջը: Ինչ է, ուզում են քաղաքի գործազուրկների բանակը մի 25 մարդով էլ ավելանա: Ինչ է, ուզում եք, որ ամբողջ ազգը վեր կենա ստեղից քոչի»: Անյուտա Պեպանյան. «ՀԴՄ-ների մասին շատ վատ կարծիքի եմ: Էն, որ ասում են` մարդը հացս կտրեց, կնիկը` ջուրս, հիմի սրանցն ա: Ճգնաժամը զավոդը փակեց, կառավարությունն էլ էս փոքր կրպակներին է նեղում, որ չկարողանանք մենք մեր երեխեքի գոյությունը պաշտպանենք: Սերժ Սարգսյանին բողոքի դիմումներ ենք գրել, որ ուղարկենք: Սենց ապրել չի լինի: Գործարանի աշխատողներին նիսյա ապրանք ենք տվել, կրճատվելու պատճառով ոչ ոք պարտքը չվերադարձրեց: Ալավերդին չի ապրում, մեր ժողովրդի դեմքից էլ երևում է: Ավելի լավ է իմ ապրանքից մի սոված մարդու տամ` ուտի, քան պետությանը ես 500 կամ 1000 դրամ տամ: Ես 100 դրամ էլ չեմ ուզում պետությանը տալ»: Ռուբիկ Մնացականյան. «Ես ասելիք չունեմ, ես պարտքում կորած մարդ եմ, ինչ ասեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter