Դիտավանի գազատարի շինարարությունն ավարտվեց
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Դիտավան գյուղում ավարտել է գազատարի կառուցման ծրագիրը, իսկ վարչական շենքի (գյուղապետարանի) վերանորոգման ու կահավորման ծրագրերն արդեն ավարտական փուլում են: Դիտավան համայնքում ողջ ծրագրերի շարքն իրականացվում է արգենտինահայ բարերարներ Արմեն եւ Նադիյա Էքսերջյանների հովանավորությամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի հաղորդմամբ, Երեք կիլոմետր երկարությամբ գազատարը Դիտավան գյուղի համար այլեւս իրականություն է: Այժմ տարվում են գազատարը շահագործման հանձնելու վերջին փորձարկման աշխատանքները:
Շահառու գյուղում Հիմնադրամը զուգահեռաբար հիմնանորոգում է Դիտավանի վարչական շենքը: Ավարտվել է տանիքի եւ հատակի նորոգումը, ինչպես նաեւ սալիկապատման եւ ծեփագործական աշխատանքները: Վերջնական լուծում է ստացել նաեւ ջեռուցման խնդիրը: Շենքում տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ: Երկհարկանի կառույցում այժմ տարվում են վերջնական ներքին հարդարման աշխատանքները:
Զարգացնելով ծրագիրը` Հիմնադրամը Դիտավանի գյուղապետարանում առաջիկայում իրականացնելու է նաեւ կահավորման ծրագիր:
«Մեր գլխավոր ձեռքբերումը սահմանամերձ այս գյուղում հանդիսացավ գազաֆիկացման ծրագիրը, իսկ նախորդ տարվա հոկտեմբերից մեկնարկած Դիտավանի մնացած ծրագրերն արդեն հանգուցալուծման եզրին են»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:
Մարզկենտրոնից 19 կմ հեռավորության վրա գտնվող Դիտավան գյուղում ապրում է շուրջ 120 ընտանիք: Համայնքի ղեկավարի խոսքով` Հիմնադրամը նպաստել է գյուղի շրջակա միջավայրի պահպանմանը եւ այժմ դիտավանցին ցրտից պաշտպանվելու համար այլեւս ստիպված չի լինի անտառից ծառ կտրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել