HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային հանրությունն՝ ընդդեմ զանգվածային բռնաճնշումների

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին The Financial Times-ին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել բանակցություններ սկսել՝ իշխանությունը հանձնելու համար:

Սա կարելի է դիտարկել որպես վերջին շրջանում ավտորիտար պետությունների իշխանությունների հանդեպ ցուցաբերող միջազգային հանրության պահվածքի բնորոշ օրինակ: Արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական գործընթացները հրատապ դարձրին ավտորիտար համակարգերի փոխակերպման և ժողովրդավարացման թեման:

Այդ գործընթացներին զուգահեռ մեծացավ միջազգային հանրության ճնշումը բռնապետական երկրների նկատմամբ, և հատկանշական է, որ այդ ճնշումը շատ հաճախ իշխանությունը հանձնելու կամ նվազագույնը ընդդիմության հետ երկխոսություն սկսելու, արմատական, կտրուկ բարեփոխումների գնալու պահանջ է՝ ուղղված վերոնշյալ տիպի պետությունների ղեկավարությանը: Ի՞նչն է միջազգային հանրության նման պահվածքի պատճառը:

Նախ, նշենք մի կարևոր հանգամանք. միջազգային հանրության բոլոր նմանատիպ պահանջներն առաջ են քաշվում այն ժամանակ, երբ ավտորիտար պետությունները զանգվածների հանդեպ կիրառում են բիրտ ուժ, որի հետևանքով լինում են զոհեր, վիրավորներ կամ առնվազն ձերբակալվածներ: Որպես կանոն, ավտորիտար, բռնապետական պետության առջև նման պահանջներ չեն դրվում, քանի դեռ նա չի դիմել զանգվածային ֆիզիկական ճնշումների:

Ուստի կարելի է ենթադրել, որ միջազգային հանրությունը, թեև բացասական վերաբերմունք ունի ավտորիտար, բռնապետական կառավարման համակարգերի նկատմամբ, սակայն բուն համակարգի բնույթը դեռևս պատճառ չէ այդպիսի պետություններին չհանդուրժելու և դրանց հանդեպ ճնշումներ ու պատժամիջոցներ կիրառելու համար:

Ի վերջո, միշտ չէ, որ ավտորիտար համակարգն ինքնին ենթադրում է մարդկանց դեմ շարունակական զանգվածային ճնշումներ: Միջազգային փորձում շատ են օրինակները, երբ հասարակությունը, օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր պատճառներով, դժգոհություն կամ անհնազանդություն չի ցուցաբերում, և վարչակարգը բռնություններ կիրառելու կարիք չի ունենում:

Փաստորեն, միջազգային հանրության միջամտության հիմքը ոչ թե ավտորիտար պետությունների բնույթն է, այլ դրանց հանրության՝ ազատ ապրելու ակնառու ցանկությունը և այդ ցանկությունից բխող ակտիվ ընդվզման բիրտ, համապարփակ ֆիզիկական ճնշումը։

Բայց արդյո­՞ք միջազգային հանրության նման կոշտ միջամտությունը պայմանավորված է զուտ մարդասիրական նկատառումներով։ Իրականում քիչ չեն դեպքերը, երբ առանձին անհատների նկատմամբ կատարված բռնությունները կամ անուշադրության են մատնվում, կամ էլ, լավագույն դեպքում, պարզապես դատապարտվում են։

Ուստի միջամտության իրական դրդապատճառն այլ է. այն գտնվում է պրագմատիկ հաշվարկների դաշտում։ Բանն այն է, որ զանգվածային ճնշումները հանգեցնում են իրավիճակի ծայրահեղ ապակայունացման, առաջացնում քաոս, անկառավարելի իրավիճակ, ինչն իր հերթին կարող է վտանգել համընդհանուր անվտանգությունը, պարարտ հող նախապատրաստել միջազգային ահաբեկչության համար, խաթարել միջազգային տնտեսական կապերի կայունությունը և այլն։

Այսօր, առավել քան երբևէ, աշխարհը սերտ փոխկապակցվածության մեջ է, և անցել են այն ժամանակները, երբ բռնապետերը կարող էին անարգել ու անսահման բռնաճնշումներ կատարել՝ կաշկանդված չլինելով գլոբալ աշխարհաքաղաքական և համամարդկային հետաքրքրությունների կապանքներով։

Էդգար Վարդանյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter