Ազգային ժողովում կարող է փոխվել քաղաքական ուժերի հարաբերակցությունը
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը վերջերս դիմում է ներկայացրել խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ժողովրդավարություն» խմբակցությունից դուրս գալու համար:
Ինչպես նա Հետքի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, հիմնական պատճառը 2009թ. պետբյուջեի նախագծի հաստատման ժամանակ խմբակցության հրապարակած հայտարարությունն է, որը, ըստ պատգամավորի տեղեկատվության, նրանց բաժանվել է նիստից մի քանի րոպե առաջ: Զրուցակցիս հավաստմամբ, հայտարարության հետ անհամաձայնությունն էլ հենց պատճառ է դարձել այդ քայլին դիմելու համար:
Պատգամավոր Ռուդիկ Մարտիրոսյանը նույնպես դիմում է ներկայացրել: Ըստ նրա, պատճառը դարձյալ պետբյուջեի վերաբերյալ խմբակցության պաշտոնական տեսակետն է, որը նրա որակմամբ օբյեկտիվ չէ:
«Ես իմ անհամաձայնությունն այսպես եմ արտահայտում, չնայած խմբակցության պաշտոնական տեսակետը, ավելի ճիշտ տեսակետի տեքստը ես եմ ներկայացրել նիստի ժամանակ»,-Հետքի հետ զրույցում նշել է Ռ.Մարտիրոսյանը: Նա նաեւ հավաստել է, որ ոչ մի խմբակցության չի միանալու, լինելու է անկախ պատգամավոր, ինչը նրան հնարավորություն է տալու համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ բյուջեի նախագծի հաստատման ժամանակ մյուս պատգամավորների հետ մեկտեղ կողմ են քվեարկել նաեւ Գարիկ Գրիգորյանը եւ Ռուդիկ Մարտիրոսյանը: ԱԺ 33 պատգամավորներից միայն անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն է ձեռնպահ քվեարկել:
Պատգամավորների դիմումները դեռ պետք է քննարկվեն: Սակայն սա վերջը չէ: Մեր տվյալներով, «Ժողովրդավարություն» խմբակցությունից դուրս գալու համար դիմում են ներկայացրել եւս 3 պատգամավորներ, որոնցից երկուսի հետ կարողացանք զրուցել նման որոշման պատճառի մասին:
Պատգամավոր Սերգեյ Սեյրանյանը գտնում է, որ «խմբակցությունից դուրս կարող է ավելի լավ կատարել իր պարտականությունները»: Հարցին, թե խմբակցության անդամ լինելով չէր կարողանում կատարել այդ պարտականությունները, պատասխանեց. «Ես այսպես ավելի ազատ եմ ինձ զգում»:
Մյուս դիմողը` պատգամավոր Արծվիկ Սարգսյանը, մեզ հետ զրույցում միայն ասաց. «Առայժմ պատճառը չեմ կարող ասել»:
Փոքր ինչ անդրադառնանք քաղաքական ուժերի հարաբերակցությանը. Ազգային ժողովի 33 պատգամավորներից 16-ը «Ժողովրդավարություն» խմբակցությունից են, 12-ը` «Հայրենիք», 2-ը` «ՀՅԴ-Շարժում 88», 3 պատգամավոր էլ անկախ են: Եվ եթե «Ժողովրդավարություն» խմբակցությունից դուրս գան վերոնշյալ 5 պատգամավորները, ապա խորհրդարանում մեծամասնություն կկազմի արդեն «Հայրենիք» խմբակցությունը: Իսկ թե ինչ կանեն այդ 5 պատգամավորները, դեռ հստակ հայտնի չէ: Չի բացառվում նրանց կողմից առանձին խմբակցություն ստեղծելու տարբերակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել