
Այսօր վաղ առավոտից Երեւանում՝ Հաղթանակի կամրջի վրա, հավաքվել էին հարյուրավոր երիտասարդներ` եռագույն դրոշներն ու եռագույնը խորհրդանշող տոնական փուչիկները ձեռքներին: Սա այն վայրն է, որտեղից տրվում է «Հայոց բանակը 17 տարեկան է» ծրագրի մեկնարկը:
«Չնայած այսօր բանակի հիմադրման տոնն է, բայց չկա այն խանդավառությունը, որին իրականում պետք է արժանանար այս տոնը, հասարակության գիտակցությունը, որ այս բանակը մեր խաղաղության և անվտանգության երաշխավորն է, չի ձևավորվել, և ամեն ինչ սահմանափակվում է զուտ պաշտոնական միջոցառումներով»,- ասում է ծրագրի մտահղացման հեղինակներից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը:
Տ. Պետրոսյանի խոսքերով` տոնը բոլորինը դարձնելու և հատկապես իրենց հարգանքը ազատամարտիկների և բանակի հիմադրման ակունքներում կանգնածներին ցույց տալու նպատակով էլ իրենք նախաձեռնել են «Հայոց բանակը 17 տարեկան է» ծրագիրը, որը բաղկացած է մի քանի միջոցառումներից:
«Ինչը, որ պետությունը չի հասցնում անել, մենք` երիտասարդներս, մեր համեստ ջանքերով փորձելու ենք լրացնել, որ վաղը ունենանք ավելի հզոր, ավելի կայացած ու ավելի մրցունակ երկիր»,- ասաց նախաձեռնող խմբի ղեկավար Հայկ Ակարմազյանը:
Ծրագրի մեկնարկը տրվում է Հաղթանակի կամրջից, քանի որ մենք «ունենք հաղթանակած բանակ ու պետք է լինենք միասնական, մենք մեր հասարակության մեջ շատ պարիսպներ ենք սարքել, այսօր կամուրջներ գցելու ժամանակն է»:
Երիտասարդները երկինք բաց թողեցին խորհրդանշական դրոշներն ու փուչիկները: Դրոշների ետևում կոչ-պաստառ կար, որով համաքաղաքացիներին առաջարկվում էր միանալ այսօր կայանալիք եզրափակիչ երթ- պսակադրությանը: Այն սկսվում է Եռաբլուրի մուտքի մոտից ժամը 13:30-ին:
Իսկ մինչ այդ երիտասարդները ոչ ֆորմալ խմբերով պետք է այցելեն 17 զոհված ազատամարտիկների տներ` փոքրիկ խորհրդանշական փաթեթեներով: Հայկ Ակարմազյանի խոսքերով` ազատամարտիկների այնպիսի ընտանիքներ են ընտրվել, որոնք ամենաքիչն են արժանանում ուշադրության: Այդ ընտրության մեջ նրանց օգնել է Դուշման Վարդանի մայրը`տիկին Զարիկը:
«Մենք գնալու ենք մեր շնորհակալական խոսքը ասելու, որ իրենք ունեցել են այնպիսի ընտանիքներ, որոնց շնորհիվ մենք հիմա կարող ենք ազատ երկրում ապրել»,-ասում է նոյեմբերյանցի Հասմիկ Խաչատրյանը:
Երիտասարդների մի մասն էլ շնորհավորական բացիկներ է բաժանելու քաղաքի բանուկ փողոցներում և կոչ է անելու միանալ իրենց: Վերջում բոլորը կրկին կհավաքվեն Եռաբլուրի մուտքի մոտ:
Նախաձեռնող խմբի հաշվարկներով` երթին մասնակցելու է 4-5 հազար երիտասարդ:
Երիտասրդները կոչ են անում նաև բոլորին իրենց քաղաքում, գյուղում բախել հարևան, բարեկամ զինվորականների և ազատամարտիկների տան դռները և շնորհավորել նրանց բանակի օրվա կապակցությամբ` թեկուզ դրանով մասնակից դառնալով իրենց ծրագրին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել