Նարինե Թուխիկյան.«Ցավալին այն է, որ մենք միշտ ուշանում ենք»
«Պետք է արդեն սթափ նայել այս ամենին. տունն արդեն ունի իր սեփականատերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանում Թումանայնի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Թումանյանի տունը, որը դեռ 1921թ.-ին վրաց իշխանությունների կողմից նվիրվել է Թումանյանին, 1959թ.-ից բաժանված է եղել 2 մասին: Մի մասում մինչեւ հիմա ապրում են Թումանյանի ժառանգները, իսկ մյուսը Թումանյանի զավակների խնդրանքով վերածվել էր քաղաքային գրադարանի:
Սակայն, ըստ Նարինե Թուխիկյանի, 13 տարի առաջ Լեժավա անունով բիզնեսմենին Վրաստանի կառավարությունը 25 հազար ԱՄՆ դոլարի պարտքի դիմաց առաջարկել է Թումանյանի անունը կրող քաղաքային գրադարանը: Տարածքը սեփականաշնորհվել է վերջերս, սակայն Նարինե Թուխիկյանը, երբ նոյեմբերին այցելել է Թիֆլիս, չի կարողացել այդ գործին առնչվող որեւէ փաստաթուղթ գտնել: Նրա խոսքերով այս մասին շատ տարիներ հայտնի է եղել, սակայն ոչ մի կոնկրետ միջոցառում չի նախաձեռնվել:
Ըստ Նարինե Թուխիկյանի` այս հարցը պետք է լուծվի պետական մակարդակով եւ երկու երկրների նախագահները պետք է այս հարցի շուրջ համաձայնության գան:
«Վրաստանի նախագահը պետք է բարի կամք դրսեւորի եւ հայերի համար մեծ արժեք ներկայացնող գրադարանը նորից սպասարկի քաղաքի ընթերցողներին»,-ասում է Ն.Թուխիկյանը: Նա չի բացառում, որ այս դեպքը եւս ուղղված է Վրաստանի կողմից հայկական հոգեւոր արժեքների վերացմանը, չի բացառում նաեւ, որ սա մի սովորական ծրագիր է, որով Վրաստանի իշխանությունները, պարզապես փակելով մանր գրադարանները, ամեն ինչ կենտրոնացնում են խոշոր գրադարաններում:
«Վրացական շատ թերթեր քննադատում են այս փաստը, այնտեղ բոլորը Թումանյանին համարում են ոչ միայն հայ, այլեւ միջազգային մասշտաբի գրող, եւ նշում են, որ Թիֆլիսում իշխում է թումանյանական շունչը»,-ասաց Նարինե Թուխիկյանը:
Վերջում էլ նա ավելացրեց, որ եթե հնարավոր չլինի հետ գնել գրադարանը, ավելի լավ կլինի մենք մեր հոգու մեջ պահենք Թումանյանին.«Կներեք, բայց չորս պատերը էական չեն: Եթե բոլորը այդպես մտահոգված են Թումանյանի հիշատակով, թող պայքարեն դասագրքերում տպագրվող Թումանյանի կենսագրության մեջ խեղաթյուրումների դեմ»:
Լիլիթ Նուրիջանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել