HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանը հացադուլ է հայտարարել

Այսօր Ախալցխայի շրջանային դատարանում կայացել է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի և նրա ընտանիքի անդամների դատավարությունը: Նիստը սկսվել է 14:00-ին: Դատավորը նախապես պետք է քններ Չախալյանների պաշտպանների ներկայացրած մինջնորդությունները: Հիշեցնենք, որ պաշտպանները միջնորդել էին  Չախալյանների տանը հայտնաբերված զենքերի վերաբերյալ նշանակել դատահետքաբանական փորձաքննություն և համապատասխան փորձագիտական եզրակացություն ստանալ մատնահետքերի վերաբերյալ: Միջնորդություն է ներկայացվել նաև գործին առնչվող բոլոր նյութերը տրամադրել պաշտպաններին, ինչպես նաև միջնորդել էին Վահագն Չախալյանին գրավի դիմաց ազատ արձակել մինչև դատավարության ավարտը և դատավճռի հրապարակումը: Դատավոր Ցիրա Մայսուրաձեն, լսելով մեղադրող կողմի կարծիքը, անմիջապես մերժել է բոլոր միջնորդությունները, ընդ որում զենքի դատահետքաբանական միջնորդության մերժումը հիմնավորել է երկար ժամանակ անցնելով, և զենքի վրա այլևս որևէ բան գտնելը անհնար է համարել: Պաշտպանները փաստել են, որ իրենք այդ միջնորդությունը ներկայացրել են դեռևս չորս ամիս առաջ, երբ մատնահետքերի անհետանալը անհնար կլիներ: Դրանից հետո Վ. Չախալյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի ընթերցումը դատավորն անընդհատ ընդհատել է: Վահագն Չախալյանը ընդհատման պահին ասել է, որ հացադուլ է հայտարարում: Փաստաբանների միջամտությամբ Վահագնին թույլ է տրվել մինչև վերջ կարդալ հայտարարությունը: Դատական նիստը ընդմիջվել է: Ընդմիջումից հետո պետք է կայանար վկաների հարցաքննությունը: Սակայն վկաներից և ոչ մեկը չէր ներկայացել դատական նիստին, փոխարենը նրանցից մի քանիսը դիմումներ էին ներկայացնել, որ չեն կարող ներկայանալ և խնդրել էին հաշվի առնել իրենց նախաքննական ցուցմունքները: Դատավորը ցանկացել է դատական նիստը շարունակել առանց վկաների և անցնել մեղադրյալների հարցաքննությանը, սակայն պաշտպանական կողմը պնդել է դատավարությունը չշարունակել մինչև վկաները չհարցաքննվեն: Դատավորը համաձայնել է մեկ օր ժամանակ տրամադրել վկաներին կանչելու համար և հետաձգել նիստը մինչև վաղը: Ստեփան Ոսկանյանը հայտարարել է, որ «գործի մեջ չկան ապացույցներ, և Վ. Չախալյանը հետապնդվում է ապօրինի» և պահանջել դադարեցնել դատավարությունը: «Սա քաղաքական դատավարություն է իմ պաշտպանյալի նկատմամբ զուտ նրա քաղաքական հայացքների համար: Առանց մանրամասն քննություն կատարելու ուզում են ավարտել դատաքննությունը, բոլոր ապացույցներին մակերեսորեն են նայում, նույնիսկ թարգմանությունը հստակ ու տեղին չի արվում, դատավորը բոլորին անընդհատ ընդմիջում է»,-Հետք հետ զրույցում ասաց Ստեփան Ոսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter