Մանկապարտեզները մեկ տնօրինության տակ
Ավան համայնքի ավագանու եւ թաղապետի նախաձեռնությամբ 2005թ որոշվեց ստեղծել նախադպրոցական հիմնարկների միասնական տնօրինություն: Տնօրինությունն ունի մեկ տնօրեն` Վոլոդյա Բարսեղյանն է: Մանկապարտեզները չեն լուծարվել, բայց տնօրինությունը ստեղծվել է` խախտելով ՊՈԱԿ-ի մասին օրենքի պահանջները, ըստ որի, ուսումնական հաստատությունները, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, պատկանում են տարբեր կառույցների:
Բացի այդ էլ Կառավարության կողմից 2008թ ընդունվել է 2008-2015թ նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիր: Ըստ այդ ծրագրի` որդեգրվել է նախադպրոցական համակարգի կառավարման ապակենտրոնացման քաղաքականությունը, մինչդեռ Ավանի պարագայում այնպես է ստացվել, որ բոլոր մանկապարտեզների տնօրենի լիազորությունները ստանձնել է մեկ մարդ:
Վոլոդյա Բարսեղյանը ասում է, որ ինքը ծանոթ չէ Կառավարության կողմից ընդունված ծրագրին, բայց նշում է, որ 2005թ նախքան տնօրինության ստեղծումը հրավիրել էին կոնֆերանս, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ԿԳՆ-ից, քաղաքապետարանից. «Գործընթացը լիցենզավորման պրոցեդուրա էլ է անցել, իսկ վերջնական լիցենզիան ստացել ենք 2008թ հունվարի 15-ին, այնպես որ մենք անօրեն չենք գործում եւ որեւէ օրենքի խախտում չկա»:
ԱԺ կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը գտնում է, որ մանկապարտեզների տնօրենների լիազորությունների կենտրոնացումը մեկ մարդու ձեռքում տխուր հետեւանքներ կարող է ունենալ. «Վերանում է մանկավարժաստեղծագործական աշխատանքը, մրցակցությունը»,-ասում է պատգամավորը:
Վ. Բարսեղյանն էլ վստահեցնում է, որ մեթոդիկայի առումով որեւէ վտանգ չկա. «Ունենք մեծ մանկավարժական խորհուրդ, որտեղ քննարկվում են ցանկացած մանկապարտեզի ներկայացրած ծրագրերը...դեռ ավելին` սա թույլ է տալիս զերծ մնալ ինքնագործունեությունից, բայց ազատությունը չի սահմանափակվում»:
Պատգամավորն էլ ասում է, որ եթե խոսում ենք ապակենտրոնացման մասին, ապա պետք է նկատի ունենալ դրա տված հնարավորությունները` ինքնակառավարում, ինքնավարություն, պատասխանատվություն կրելու հնարավորություն:
«Նախաձեռնությունների օղակը արհեստականորեն ճզմելը ես ճիշտ չեմ համարում, քանի որ եթե մարդը ինքնավար է, նա իր պոտենցիալ կարողությունները դրսեւորելու լայն հնարավորություններ ունի, տվյալ դեպքում, որքան շատ մանկապարտեզներ, որքան շատ տնօրեններ, այնքան շատ ստեղծագործական, ազատ դրսեւորումներ»,- ասում է Անահիտ Բախշյանը:
Թերեւս խնդիրներից մեկն էլ հաստիքացուցակներ են, որոնք տվյալ դեպքում օպտիմալացված են: Սակայն Վ. Բարսեղյանը ասում է, որ կենտրոնացումը չի ազդել դաստիարակների հնարավորությունների ու ունակությունների իրատեսական բաշխվածության վրա, քանի որ «օպտիմալացվել է փականագործի, հյուսնի, սանիտարական ոլորտի հաստիքները»:
Այնուամենայնիվ տնօրինություն ստեղծելը Ա. Բախշյանը համարում է հակասահմանադրական քայլ. «Այս վատ մոտեցումը վաղը տարածում կստանա նաեւ մյուս համայնքներում, տեղեկություն ունեմ, որ Դավթաշենի ավագանին որոշել է կրկնել Ավան համայնքի գործած սխալը»:
Տնօրինության տնօրենն էլ նման մոտեցումն արդյունավետ է համարում եւ ասում է, որ այդ համակարգի օրոք 2.5-3 անգամ բարձրացել է երեխաների ընդգրկվածությունը. «Մեր տնօրինությունում այսօր 84 տոկոս է 5-6 տարեկանների ընդգրկվածությունը, երբ կառավարությունը պլան է դնում 90 տոկոսի հասցնել»:
Ի դեպ, այս 90 տոկոսն էլ նախատեսված է 2008-2015թ նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագրով, իսկ տնօրենը նշել էր, որ ծանոթ չէ այդ ծրագրին: Անահիտ Բախշյանը պատրաստվում է հարցը բարձրացնել Կրթության նախարարությունում, Քաղաքապետարանում, ԱԺ-ի կրթության հանձնաժողովում. «Մի խոսքով, պատրաստվում եմ օգնել ՏԻՄ-ի ղեկավարներին` վերանայելու իրենց որոշումները: Եթե չվերանայեն, նշանակում է, որ նրանք անձնական խնդիրներ ունեն` մարդկանց են հանում,որպեսզի իրենց ուզածին տեղավորեն»:
Շուշան Ստեփանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել