HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ով պետք է վերահսկի գովազդը

«Հայաստանում գովազդի մասին օրենք կա, բայց կարծես եւ չկա, որովհետեւ շատ դրույթներ չեն կիրառվում կամ էլ ընդունելի չեն, իսկ թե ով պետք է վերահսկի, հասկանալի չէ, քանի որ օրենքում դրա մասին ոչինչ չի ասվում»,- այսօր Նովաստի միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Ռադիո Վան» ռադիոկայանի համակարգող եւ ծրագրերի տնօրեն, Հայկական գովազդի հասարակական խորհրդի անդամ Գոռ Գրիգորյանը: Հայկական գովազդի հասարակական խորհուրդը գործում է 2005թ եւ նպատակ ունի Գովազդի մասին օրենքին համապատասխան կարգավորիչ գործառույթ իրականացնել գովազդային շուկայում: Սակայն խորհուրդն այսօր է սկսել մտահոգվել գովազդների որակով եւ օրենքի դրույթներին դրանց համապատասխանությամբ: Խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը  նշեց գովազդին վերաբերող հոդվածներ, որոնք կիրառելի չեն, օրինակ հոդված 2-րդ, որտեղ ասվում է, որ արգելվում են այն գովազդները, որտեղ  գովազդվող ապրանքների եւ ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական  են կամ շփոթելի աստիճան նման: «Գոյություն ունի Սենատոր գրիչ, կազինո, օղի եւ ծխախոտ, ըստ այս օրենքի տրամաբանության, Սենատոր գրիչի գովազդը արգելվում է, քանի որ անվանումը համընկնում է այն ապրանքանիշների անվանը, որոնք, ըստ օրենքի, չի թույլատրվում գովազդել»,-ասաց Ա.Մարտիրոսյանը: Խրոհրդի մեկ այլ անդամ, «Շարմ հոլդինգի» գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը ներկայացրեց  գովազդներ, որոնք  չեն համապատասխանում օրենքի դրույթներին: ««Բորժոմի» հանքային ջրի գովազդի լեզուն ռուսերեն է, իսկ տիտրերը շատ աննկատ են, գովազդը չի համապատասխանում օրենքի հոդված 5-ին, որտեղ ասվում է, որ գովազդի լեզուն հայերենն է: Մեկ այլ` «Հայ կոլայի» գովազդում էլ ասվում է, որ այդ հյութը համար մեկն է, ինչը հիմնավորված չէ, նաեւ գովազդը չի համապատասխանում հոդված 6-ին, որտեղ ասվում է, թե չպետք է վարկաբեկել կամ անհարկի համեմատության մեջ դնել մի ապրանքը մյուսի հետ, իսկ այստեղ նույնիսկ չգիտեն, թե որն է համար երկու հայկական ըմպելիքը»,-ասաց Կ.Ղազարյանը: Նա անդրադարձավ նաեւ օրենքի այն դրույթին, որն արգելում է անչափահասի ձայնի օգտագործում: «Tissot ժամացույցի առավելությունները ներկայացված են երեխայի ձայնով»,-այս օրինակը բերեց բանախոսը:  Կ. Ղազարյանը խոսեց մի շարք գովազդների մասին, որոնք համարում է անպատշաճ. ««Ինեկոբանկի» պաստառին երեխա է, ում ձեռքին ատրճանակ է, իսկ ներքեւոմ գրված է. «Մտածիր քո երեխայի վաղվա օրվա մասին», ինչը նաեւ անտրամաբանական է»: Բանախոսները գտնում են, որ  թերեւս օրենքի թերի կատարման պատճառներից մեկն էլ այն է, որ օրենքի ընդունման համար ոչ մի մասնագետի հետ այն չեն քննարկել կամ էլ խորհուրդ չեն հարցրել. «Սակայն պատրաստվում են փոփոխություններ կատարել օրենքում եւ 2008թ խորհրդի անդամներն ակտիվորեն մասնակցել են ԱԺ-ի լսումներին` ներկայացնելով գովազդի բնագավառի օրենսդրական թերությունները»,-ասում է Ա. Մարտիրոսյանը: Խորհուրդը պատրաստվում է օրենքի խախտումների դեպքում դիմել դատախազություն: Խորհուրդը նաեւ կոչ է անում համագործակցել եւ ցանկացած անճշտության կամ անհամապատասխանության դեպքում զանգահարել 091 01 83 63 թեժ գծի հեռախոսահամարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter