«Նպատակը Ջավախքը հայաթափելն է»
Վրացիների նպատակն է` կարողանալ արտամղել տեղաբնիկ հայերին հայկական տարածքից: Էթնիկական խնդիրների սրումը Վրաստանի ներսում նպատակ ունի ուժեղացնել արտագաղթը Ջավախքում: Այսօր «Հայացք» ակումբում հայ-վրացական հարաբերությունների և Ախալցխայի վերջին դեպքերի մեկնաբանություններն անելիս ասաց Քաղաքագիտության դոկտոր, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Իրավունքի և պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը:
Բանախոսի խոսքերով` Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայությունը տարբերվում է մյուս վրացահայերից, ինչպես Ղարաբաղի հայերը, և վրացիներն ուզում են մաքրել այդ տարածքը:
Լևոն Շիրինյանը փաստեց, որ մենք, որպես քրիստոնյա ժողովուրդ, միշտ էլ ուզեցել ենք պահպանել լավ հարաբերություններ վրացիների հետ, մշակութային գործոնը միշտ նշանակություն է ունեցել հայերի համար. «Մենք շահագրգիռ կողմ ենք, չենք ուզում, որ վրացիների հետ խնդիրներ ունենանք, սա մենք էլ գիտենք, գիտեն և վրացիները: Վրացիները հանդես են գալիս ուժի, հաշվեկշռի քաղաքականությունից` անտեսելով մշակութային արժեքները»:
«Հայացք» ակումբի մյուս բանախոսը` Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ հավելեց, որ բացի մեծ աշխարհաքաղաքական խաղերից ու նպատակներից հայ-վրացական հարաբերություններում մի կարևոր հանգամանք ևս կա:
«Վրացիների մոտ ձևավորվել է մի կարծիք, ելնելով հայ-ռուսական հարաբերություններից, որ Հայաստանին դիտարկում են որպես Ռոսւաստանի գործընկեր և հայերի բոլոր քայլերը դիտարկվում է որպես ռուսական հատուկ ծառայությունների և մեխանիզմների օգտագործում»,-ասաց Ս.Մինասյանը:
Քաղաքագետը չի զարմանում, որ վերջին տարիներին Վրաստանի սկսած գործողությունները Ջավախքում ելնում են ռուսական գործոնից, քանի որ դա Վրաստանի քաղաքական մտածելակերպի մի մասն է, որից անհնար է խուսափել:
«Վրաստանի վերաբերմունքը դեպի ջավախքահայերը ոչ միայն ռուսական գործոնն է, այլև այն, որ Վրաստանը գտնվում է ծանր շինարարական գործընթացում, այն է` Աբխազիայի, Օսիայի ինչպես նաև այլ փոքրամասնությունների հետ կապված խնդիրներ»,-ավելացրեց Ս.Մինասյանը:
Լևոն Շիրինյանի գնահատմամբ, Վրաստանը արտաքին քաղաքականություն չունի, նա հակառուսականամետ է, 1990թ.-ից մինչ այսօր վրացիները նույն քաղաքականությունն են վարում Հայաստանի նկատմամբ. ունենալ թուրքական հովանավորություն, Հայաստանի հաշվին լուծել իրենց հարցերը, քանի որ Հայաստանը թուրք-հայկական խնդրից կգնա փոխզիջումների, և Վրաստանի ներսում հայկական տարրը` էթնոսը չի գնա ադրբեջանական էթնոսի հետ համաձայնության: «Իսկ միգուցե գնա»,-ասում է բանախոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել