HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ճգնաժամի երկրորդ փուլին ընդառաջ

«Հայաստանը ճգնաժամի ֆինանսական փուլը  բարեհաջող հաղթահարեց»,- այսօր Հայացք ակումբում ասաց ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա գտնում է, որ դա հնարավոր դարձավ, քանի որ Հայաստանն ունի լավ մշակված օրենսդրություն այդ բնագավառում եւ բանկերն էլ  վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից: «Սա թույլ տվեց պահպանել  կարեւորագույն այս կառույցները ճգնաժամի առաջին փուլում, ինչը կապահովի, որպեսզի մենք հաղթահարենք ճգնաժամի երկրորդ` տնտեսական փուլը»,- ասում է Գագիկ Մինասյանը: Ասուլիսի մյուս բանախոսն էլ` տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը  համաձայն է, որ Հայաստանը չի կարող դուրս մնալ համաշխարհային ճգնաժամից, քանի որ Հայաստանը ոչ թե գին թելադրող երկիր է, այլ շուկայի գների ազդեցությունը կրող: «Հայաստանը իր տեղը գտնելու համար կապված է համաշխարհային տնտեսությանը եւ այս պայմաններում պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել ֆինանսական եւ համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը` պարզելու, թե ինչ տատանումներ են արձանագրում արժույթները», -ասում է Թաթուլ Մանասերյանը: Անդրադառնալով արժույթի թեմային` տնտեսագետը խորհուրդ տվեց հաշվի առնել դոլարի, եվրոյի եւ բրիտանական ֆունտի դիրքերի թուլացումը. «Սա բնական գործընթաց է եւ էժան դրամի քաղաքականությունը մեզ  այլընտրանք չի թողնում, քանի որ տնտեսությունը բերում է արժեզրկման, այլ ոչ թե արժեւորման, ինչին այսօր ականատես ենք»: Թ. Մանասերյանը գտնում է, որ այսպիսի քաղաքականությունը բացասական կազդի տնտեսության վրա: Դրամի հնարավոր թուլացումը, ըստ Գագիկ Մինասյանի, արդյունք կարող է լինել տնտեսական շրջանառության ակտիվացման քաղաքականության, որի հնարավոր տարբերակներից մեկը թույլ արժույթի քաղաքականությունն է. «Ես չեմ բացառում, որ Հայաստանը եւս կարող է ապագայում օգտագործել այդ գործիքը, սակայն հարց կա, թե ինչ պրոբլեմներ են առաջանում դրանից հետո»: Պատգամավորը գտնում է, որ այսօրվա վարվող քաղաքականությունը թույլ է տալիս մեղմել գնաճային ճնշումները. «Այժմ, երբ արդեն մեղմել ենք գնաճային ճնշումները, կարող ենք ավելի համարձակ քայլ կատարել դրամի արժեզրկմանը դոլարի նկատմամբ, ինչը չի առաջացնի հավելյալ ճնշումներ»: Գնաճը Հայաստանում 2008թ կազմել էր 5.2 տոկոս, իսկ ԱՊՀ-ում գնաճը կազմել է նվազագույնը 10 տոկոս, այս փաստը պատգամավորը բացատրում է դրամի կայունության պահպանման կարողությամբ: Գագիկ Մինասյանը գտնում է, որ  տնտեսության խթանմանն էլ կնպաստի Կառավարության ձեռնարկած քայլերը. «Նախ այն, որ Կառավարությունը պատրաստ է պետական երաշխիք տրամադրել այն ձեռնարկություններին, ովքեր ունեն բիզնես ծրագրեր, բայց դրանք իրականացնելու համար կարիք ունեն  ֆինանսական միջոցների»: Բանախոսը հաջորդ կարեւոր քայլն էլ համարում է  այն, որ Կառավարությունն իր վրա է վերցնում բիզնես ծրագիր  մշակելու գործընթացը, եթե ընկերությունը չունի  մենեջմենթի կարողություն. «Սրանք աննախադեպ քայլեր են, նաեւ առաջնային եմ համարում այն, որ Կառավարությունը պատրաստ է խրախուսել այն ճյուղերը, որոնք միտված են փոխարինել ներմուծումը, երկրորդն էլ` հատուկ խրախուսման են արժանանում այն ոլորտները, որոնք իրենց արտադրանքով կորպորացիա են ստեղծում հարակից ճյուղերի հետ, ինչը թույլ կտա աշխուժացնել տնտեսությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter