HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը քննարկել է ոսկու շուկայի աշխատակիցների բողոքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր անդրադարձել է մայրաքաղաքի Մ. Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկայում տիրող իրավիճակին եւ ձեռնարկվելիք միջոցառումներին: Վարչապետը նշել է, որ ստացել է դիմում-բողոք ոսկու շուկայի աշխատողների կողմից. «Մարդիկ բողոքում են անմարդկային աշխատանքային պայմաններից ձմեռը ցուրտ է` ջեռուցում չկա, ամառը շոգ է` օդափոխություն կազմակերպված չէ, 1 քմ-ի համար վճարը ահռելի թվերի է հասնում։ Հակասանիտարական վիճակ է ստեղծված, անվտանգության կանոնները չեն պահպանվում։ Այդ տարածքում գործում են արտադրամասեր, արտադրություն է կազմակերպված, որն իր ծավալներով չի զիջում ոսկերչական գործարանին, այդտեղ եւս օդափոխություն չկա, անվտանգության կանոնները պահպանված չեն եւ, նույնիսկ այս պայմաններում, «ձեզ ձեռնտու չէ, մի աշխատեք»` պատասխանն է տրվում աշխատողներին առեւտրի կազմակերպչի կողմից»։ Վարչապետը ասել է, թե այն գերշահույթները, որ ստանում է առեւտրի կազմակերպիչը` թաքցվում է պետությունից. «Նա ստանում է այդ վայրից հսկայական եկամուտներ եւ այդ մարդկանց համար չի ստեղծում նորմալ աշխատանքային պայմաններ ու հեքիաթներ է պատմում, թե պետությունն է խստացնում պահանջներն իրենց նկատմամբ»։ Վարչապետն ասել է, թե փոքր եւ միջին բիզնեսի համար պահանջները չեն խստացրել, հակառակը` խստացրել են պահանջները առեւտրի կազմակերպչի համար. «Նա պարտավոր է իր գերշահույթներից հատկացումներ կատարել եւ այդ մարդկանց համար ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ։ Այն օրենքները, որ մենք ներկայացրել ենք եւ Ազգային ժողովը հաստատել է, հենց դա է պահանջում»: Վարչապետը կարեւորեց նաեւ այն փաստը, որ պետեկամուտների կոմիտեն հայտնաբերել է հարյուրավոր չգրանցված աշխատողների. «Հարկերից խուսափելու ձեւ է սա, իսկ գերշահույթներով, որ ստացվում են այդ շուկայից, էլիտար տներ, Ծաղկաձորում դղյակներ են կառուցում, մինչդեռ այդ եկամուտների մի մասը պետք է գնար փոքր եւ միջին բիզնեսի հազարավոր աշխատողների համար նորմալ աշխատանքային պայմանների ստեղծմանը։ Սա է մեր պահանջը։ Եվ մենք հետեւողական ենք լինելու»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter