HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Եվրախորհրդի բանաձեւը չի փոխելու ընդդիմության ռազմավարությունը

29_01-h_igityan"Չեմ կարծում, որ հիմա էական է` հոդվածները փոխվում են, թե ոչ, քանի որ, ի վերջո, գործերը կեղծ ձևով են սկսվել, և արդեն կարևոր չէ, թե որ հոդվածի դիսպոզիցիան ինչպես կիրառել: Չլիներ 300 հոդվածը, կդատեին 301 հոդվածով (իշխանությունը բռնի տապալելու կոչ) կամ ապօրինի զենք ունենալու համար, ցանկացած այլ ձևեր կան, որը մեր դատախազությունը կամ դատական մարմինները շատ մեծ փորձ ու հնարավորություններ ունեն կիրառելու",- այսօր Մամուլի ազգային ակումբում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Պրն Իգիթյանը բնական է համարում, որ եթե իշխանություններն ասում են, որ հոդվածները փոխելով` մարդկանց ազատ կարձակենք, Եվրախորհուրդը պետք է հավատար նրանց. "Ի վերջո, Եվրախորհրդի նպատակը Հայաստանին պատժելը չէ, նրանք ուզում են, որ խնդիրները, որոնք նշված են 1609 և 1620 բանաձևերում, իրականանան: Հենց այս առումով Հ. Իգիթյանին 1643 բանաձևը բավարարում է այն առումով, որ այստեղ գրված է` 1609 և 1620 բանաձևերի պահանջները մնում են ուժի մեջ: Հովհաննես Իգիթյանի խոսքերով` Եվրախորհրդի աշխատաոճն է`հարցի լուծումը կապել իշխանության գործողությունների հետ: Ւ վերջո, քաղբանտարկյալներին ազատ պետք է արձակի իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը կամ Եվրախորհուրդը: "Քաղբանտարկյալ" տերմինը հանելուն Հովհաննես Իգիթյանը մեծ ուշադրություն չի դարձնում, քանի որ "քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներ" ձևակերպումը գալիս է դեռ 1609 բանաձևից: Հովհաննես Իգիթյանը խոստովանեց, որ այն ժամանակ ինքը իսկապես կարծում էր, որ եթե Կոլոմբիեն և Պրեսկոտը եկել են քաղբանտարկյալների հետ կապված խնդիրներում առաջխաղացումը ճշտելու, ապա նրանք գործ ունեն զուտ իշխանությունների հետ, բայց հիմա հասկանում է, որ սխալվել է, և եվրոպացի պաշտոնյաները նաև ընդդիմության եւ Օմբուդսմենի հետ պետք է հանդիպեին. "Մենք նրանց թեկուզ կասեինք, որ 300 և 225 հոդվածը փոխելը կապ չունի մարդկանց անազատության մեջ պահելու հետ": Ի դեպ, պրն Իգիթյանը հավելեց, որ Եվրախորհրդի աշխատաոճը ենթադրում է ընդդիմության հետ պարտադիր հանդիպումներ, և սա առաջին անգամ է, որ Եվրախորհուրդը չի հանդիպում ընդդիմության հետ: Խոսելով կոնկրետ Կոլոբիեյի և Պրեսկոտի մասին` նա ասաց, որ խնդիրների պատճառները պետք չէ փնտրել անձերի մեջ, քանի որ նրանց խնդիրը ընտրություններին հետևելն ու այդ մասին զեկուցելն էր: "Նրանք չէին պատկերացնում, որ պետք է մի տարի լինեն զեկուցողներ, եթե իմանային, չէին համաձայնի, գոնե Կոլոմբիեն չէր համաձայնի, ես գիտեմ` Կոլոմբիեն ինչու է եկել, ինչ պետք է գնար ասեր, ինքը ֆրանս-հայկական բարեկամության քարտուղարն է և եթե չլիներ համազեկուցող, ինչպես Բենեվուկեն կստանար հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման շքանշան": Հովհաննես Իգիթյանին 1643 բանաձևում չի բավարարում այն, որ այնտեղ չստուգված թիվ է տեղ գտել` 28 հոգու ներում է տրվել. "Կարող էին 65 էլ գրել, կարող էր համաներում էլ արվել, ասենք` տնտեսական մանր խուլիգանության համար ազատ արձակել, ինչպես Վրաստանում, բայց դա դեռ չի նշանակում, որ դա որպես ժողովրդավարական ձեռքբերում պետք է նշվեր Վրաստանին վերաբերող բանաձևում": ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարի խոսքերով` ինքը երբեք էլ սանկցիաների մասին չի խոսել, բայց ակնհատ է, որ մենք այսօր ունենք քաղբանտարկյալների խնդիր, և այն պետք է լուծենք միջազգային հանրության միջոցով, քանի որ ներսում այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսները սպառված են: Ըստ Իգիթյանի` երկար ժամանակ կեղծելով` հնարավոր չէ ցույց տալ, որ մենք համապատասխանում ենք Եվրոպայի քարոզած չափանիշներին. "Այս մեկ ամիսն էլ կանցնի, 2-րդ ամիսն էլ կանցնի, և ապրիլին կրկին Եվրախորհուրդը կանդրադառնա այդ խնդրին, ինչ պետք է ներկայացնենք նրանց, ի վերջո, բոլորս գիտենք, որ այսօր Հայաստանում կա 58 քաղբանտարկյալ կամ հալածված մարդ, գիտենք, որ մարտի 1-ի հիմնական մարդասպաններն այսօր հայտնի չեն, գիտենք, որ լարված իրավիճակ կա, գիտենք, որ հասարակության մեջ անվստահություն կա": Իգիթյանի կարծիքով` շատ հեշտ է ապակողմնորոշել Եվրախորհրդին, քանի որ պատվիրակության մեջ չկան հասարակության մի մասի շահերը ներկայացնողներ: Նա վստահեցրեց, որ ընդդիմության ռազմավարությունը չի փոխվելու, և իրենց խնդիրը լինելու է մարտի 1-ի գործի հետ կապված կեղծիքների բացահայտումը, իսկ 2009 թ.-ի մարտի 1-ը կլինի նոր ակցիաների սկիզբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter