HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերատիվ շտաբում երեք ծրագրեր վերջին փուլում են

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել պետություն-մասնավոր հատվածների համագործակցության (ՊՄԳ) հայեցակարգին։ Այն մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից եւ նպատակ ունի նախանշել պետություն-մասնավոր հատվածներ համագործակցության ոլորտում պետական քաղաքականության հետագա քայլերը, որը հնարավորություն կտա ամփոփել եւ վերլուծել ՀՀ-ում ՊՄԳ միջավայրը, ինչպես նաեւ առաջարկություններ ներկայացնել` ուղղված համագործակցության իրականացման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը: Հայեցակարգով նախատեսված քայլերի իրականացումը հնարավորություն կստեղծի ուսումնասիրել եւ օգտագործել ՊՄԳ-ների հնարավորությունները` թե՛ ենթակառուցվածքների ավանդական հատվածներում, ինչպիսիք են էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության եւ կոմունալ ծառայությունների ոլորտները, եւ թե՛ այնպիսի համեմատաբար չբացահայտված ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, ձեռներեցությանն աջակցության ծառայությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները, քաղաքաշինությունը, հանրային ծառայությունների կառավարումը եւ այլն։ Վարչապետը նշել է, որ դա չափազանց կարեւոր հայեցակարգ է եւ այսօր բացառիկ հնարավորություն կա հայեցակարգում ամրագրված սկզբունքներն ի կատար ածելու։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ օպերատիվ շտաբում երեք ծրագրեր արդեն իսկ անցկացվել են վերջին փուլ, որտեղ պետք է որոշումներ կայացվեն, թե ինչպիսի՞ն է լինելու պետության օժանդակությունը։ Այդ երեք ծրագրերն էլ առնչվում են բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծմանը, մթերումների կազմակերպմանը եւ այլն։ «Կարծում եմ, որ հիմա ձեզ համար էլ բացառիկ հնարավորություն է ստեղծվում այդ սկզբունքները պրակտիկայում կիրառելու, փորձարկելու համար»,- ասել է նա։ Վարչապետը հանձնարարել է Ֆինանսների նախարարությանը` կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ` փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման կենտրոնին գումար հատկացնելու վերաբերյալ` այն ծրագրի համար, որը հավանության է արժանացել օպերատիվ շտաբում։ Ըստ նրա, այդ գումարի տրամադրումը պետք է լինի վերոնշյալ հայեցակարգի ներքո, որ ե՛ւ կորպորատիվ կառավարման կանոնները պահպանվեն, վերահսկողական մեխանիզմները լինեն, մոնիտորինգ իրականացվի, ե՛ւ այս հայեցակարգում ամրագրված սկզբունքները փորձարկվեն տվյալ ձեռնարկությունում` հետագայում այդ փորձը նաեւ մնացած ծրագրերի վրա տարածելու համար։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին` օպերատիվ շտաբի արձանագրությունն ուղարկել ֆինանսների նախարարություն, որպեսզի դրա հիման վրա անհրաժեշտ գումարները կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեն։ Վարչապետն ընդգծել է այդ ծրագրերը հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը եւս, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչպե՞ս է որոշումը կայացվում, ի՞նչ սկբունքներով է գումարը հատկացվում, որո՞նք են երաշխիքները, որ պետական միջոցները չեն փոշիանալու եւ ծառայելու են իրենց նպատակին։ Ըստ նրա, եթե այդ փորձը հաջողվի, բնականաբար, պետական օժանդակություն ստացող ծրագրերի քանակը կավելանա։ Օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած երկրորդ ծրագրում, որին եւս անդրադարձել է վարչապետը, առաջարկվում է պետություն-մասնավոր հատված բավականին հետաքրքիր համագործակցություն` եռակողմ համաձայնագիր գյուղատնտեսության ոլորտում սուբսիդիաներ տրամադրելու, օրգանիկ արտադրություն կազմակերպելու համար։ Ըստ կառավարության ղեկավարի, այդ ծրագիրը նույնպես պետք է անցկացնել մասնավոր-պետություն համագործակցության հայեցակարգի ներքո, որպեսզի այդ հարաբերությունները լինեն ինստիտուցիոնալ, հետագայում այդ փորձը այլ ոլորտների վրա եւս տարածելու համար։ Վարչապետի համոզմամբ, այն, ինչ առաջարկում է մասնավոր հատվածը` սուբսիդիայի մեխանիզմը, ամենաարդյունավետն է, որովհետեւ մի կողմից` վերահսկելու է պետությունը, մյուս կողմից` մասնավոր հատվածը, որ այդ սուբսիդիաները ծառայեն իրենց նպատակին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սուբսիդիաներ եւ պետական երաշխիք տրամադրել նաեւ առեւտրային բանկերին, որպեսզի վարկային միջոցները տրամադրվեն այդ ձեռնարկությանն ավելի երկար ժամկետով եւ ցածր տոկոսադրույքներով, որը նույնպես հայեցակարգի ներքո է։ «Կոնկրետ այդ ծրագրերի վերաբերյալ` ստանալով համաձայնություն մեր մասնավոր հատվածի գործընկերներից, կհրապարակենք դրանց բովանդակությունը»,-նշել է վարչապետը, առաջարկելով հաստատել հայեցակարգը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter