Համայքները պետք է ունենան զարգացման ծրագրեր
Այսօր ԼՂՀ կառավարության նիստում հաստատվեց Ղարաբաղի շրջանների զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգը: Ինչպես ներկայացրեց տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը, հայեցակարգը սահմանում է այն սկզբունքներն ու մեթոդաբանությունը, որոնք նպատակաուղղված են ԼՂՀ կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող խնդիրների առաջադրմանն ու շրջանների համաչափ զարգացման ապահովմանը:
Նա նաեւ շեշտեց, որ հանրապետության համայնքներից ոչ մեկը մինչ օրս չունի զարգացման մշակված ծրագիր: Այս առնչությամբ վարչապետ Արա Հարությունյանը հայտնեց այն կարծիքը, որ մինչեւ հիմա կառավարությունը հիմնականում իրականացրել է օպերատիվ կառավարում: Նա կարեւորելով երկարաժամկետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, իրավասու պաշտոնյաներին, շահագրգիռ անձանց ու մարմիններին հանձնարարել է իրատեսական ժամկետներում մշակել զարգացման հիմնավոր ծրագրեր եւ ներկայացնել կառավարության հաստատմանը:
Վարչապետը նիստի ընթացքում անդրադարձավ նախարարությունների եւ առընթեր մարմինների գործունեությանը, նշելով, որ ոչ միայն վարչակազմի ղեկավարները, այլ նաեւ նշված կառույցները պետք է հաշվետվություններ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ: Նա նաեւ ավելացրել է, որ նախարարներն էլ իրենց հերթին պարտադիր պետք է մասնակցեն գյուղապետերի հաշվետվությունների ներկայացմանը:
Նիստից հետո վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Հանդիպման հիմնական թեման գյուղատնտեսական ընթացիկ եւ առաջիկա աշխատանքներն էին: Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը դժգոհություն է հայտնել սեւ ցելի չափազանց դանդաղ ընթացքի առնչությամբ եւ ներկաներին հորդորել շարունակել բացատրական աշխատանքները հողագործների շրջանում:
Քննարկվել է նաեւ պարարտանյութերի հատկացման կարգը: Նախատեսվում է դրանց 1 կգ-ը տրամադրել 100 դրամով` մինչեւ ս.թ. օգոստոսի 1-ը վճարը վերադարձնելու պայմանով: Պարարտանյութ կարող են ստանալ միայն բարեխիղճ հողագործները, ովքեր հողամշակություն են անում կանոններով եւ չունեն պետությանը պարտքեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել