HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուլիգանություն` փոխնախարարների մասնակցությամբ

2009 թվականի հունվարի 2-ին Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) «Խուլիգանություն» հոդվածով հարուցվել է քրեական գործ` նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող «Կակտուս» ռեստորանի մոտ փոխնախարար Մանուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամլո ծառայությունը:

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի նախապատրաստած նյութերով պարզվել է, որ առողջապահության փոխնախարար Աբրահամ Մանուկյանը որդու` Արթուր Մանուկյանի եւ մի խումբ անձանց հետ, ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, 2008 թ. դեկտեմբերի 27-ին` ժամը 20:30-ի սահմաններում, «Կակտուս» ռեստորանի դիմաց` փողոցի մարդաշատ վայրում, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, բռնություն գործադրելով ծեծի են ենթարկել Մելս Հակոբյանին, Էդգար Ներսիսյանին, Կարեն Պողոսյանին եւ պատճառել մարմնական վնասվածքներ:

«Հատուկ քննչական ծառայության վարույթում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար»,- նշված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում: Այլ մանրամասներ ծառայությունում չեն հայտնում` ընթանում է նախաքննությունը պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետն Տիգրան Սարգսյանը, պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար, խիստ նկատողություն է հայտարարել ոչ միայն Աբրահամ Մանուկյանին, այլեւ առաղջապահության նախարարի մյուս տղակալ Թաթուլ Հակոբյանին: Թեեւ ՀՔԾ-ն իր հաղորդագրությունում նրա անունը չի հիշատակել, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, փոխնախարար Հակոբյանը նկատողության է արժանացել նույն միջադեպում «ծեծողների» խմբում ակտիվ ներգրավվածություն ունենալու պատճառով: Իսկ ծեծվողներից Մելս Հակոբյանը Էներգետիկայի նախկին նախարարն է: Այժմ նա զբաղեցնում է միջազգային էներգետիկ կորպորացիայի նախագահի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter