Բանաձեւ 1643. հաղթանա՞կ, թե՞ առկախված վտանգ
ԵԽԽՎ 1643 բանաձեւի առիթով հնչած կարծիքները զարմացրել են «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին: Այսօր «Հայելի» ակումբում նա ասաց, որ զարմանքի պատճառը որոշ քաղաքական գործիչների կարծիքն է, թե տեղի է ունեցել արմատական անցում, հաղթանակ: «Ես որեւէ կերպ չեմ կարողանում հայտնաբերել այս ամենը 1643 բանաձեւում, ոչինչ չի փոխվել, վտանգը առկախված է»,- ասում է պատգամավորը եւ հավելում, որ ժամանակի հետաձգումն էլ աշխարհաքաղաքական տեղաշարժի բաղադրիչ է եւ կարող է վտանգի նոր պատճառ դառնալ:
Վ. Խաչատրյանը խորհուրդ է տալիս չնմանվել այն թմրամոլին, որը թմրանյութ ընդունելով՝ սկսում է խոսել բարձր տոնայնությամբ. «Սա հերթական մի փուլ է եւ կարող է մեզ համար ավարտվել բավականին նեգատիվ»: Մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կրկնեց, որ նոր բանաձեւը հաղթանակ է. «Հաղթանակ է այն մարդկանց դեմ, ովքեր ամեն ինչ անում էին, որպեսզի մեր պատվիրակությանը զրկեն ձայնի իրավունքից»: Կ. Ավագյանի տրամաբանությամբ՝ եթե բանաձեւի համարը փոխվել է, ուրեմն փոփոխություն կա. «Ամեն անգամ պահանջները փոխվում են, այս անգամ էլ նոր պահանջ կա՝ կապված 225 եւ 300 հոդվածների հետ, իսկ այդ հոդվածներով կալանավորվածները համարվում էին քաղբանտարկյալներ»:
Կ. Ավագյանը ընդունելի չի համարում նաեւ «Ժառանգություն» կուսակցության որդեգրած պահվածքը. «Իրենք հայտարարել էին, որ կառուցողական ընդդիմություն են, ինձ թվում է, որ այդ պահվածքը ընդունելի չէ նաեւ այն մարդկանց կողմից, ովքեր ձայն են տվել այդ կուսակցությանը»: ՀՀԿ-ական պատգամավորը սերիալի հետ համեմատեց «Ժառանգության» հայտարարությունները, թե հնարավոր է` վայր դնեն մանդատները. «Հունվարի վերջն է արդեն, եւ մենք ուշի-ուշով կհետեւենք, թե ինչպես կավարտվի այդ սերիալը»:
Վարդան Խաչատրյանի պատասխանն էլ չուշացավ. «Մենք դրա մասին շատ վաղուց էինք հայտարարել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել