Հաստատվել են բարեգործական ծրագրեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։ Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Հայ Ձմեռ պապ-2009» բարեգործական ֆիլմի պատրաստում», «ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնանորոգման նախագծում», «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծածկված լողավազանի օդափոխության համակարգի բարելավում» եւ «ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի կահավորում», «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից 2009-2013 թվականներին իրականացվող «Ազգաբնակչության առողջության պահպանման և բժշկասոցիալական ծրագրերի զարգացման աջակցություն» ծրագրերը։
«Հայ դպրոց» հիմնադրամի կողմից 2009-2010 թվականներին իրականացվող ծրագրի (նախկին ծրագրի շարունակությունը) նպատակն է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներն ապահովել կահույքով։
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2009 թվականին իրականացվող ծրագիրը նպատակ ունի օգնելու փողոցում հայտնված երեխաներին եւ ծերերին, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ ու կարիքավոր ծերերին։
Հաստատվել է նաեւ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Կարի մեքենաների ներմուծում եւ անհատույց բաշխում ուսումնական հաստատություններին ու հասարակական կազմակերպություններին» ծրագիրը:
«Մանկական հանրապետական հիվանդանոցի հիմնական վերանորոգում և տեխնիկական հագեցում» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է ապահովել Ստեփանակերտ քաղաքում մանկական հանրապետական հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի հիմնական վերանորոգման ու տեխնիկական հագեցման շրջանակներում պահուստային էներգասնուցումը, իսկ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրն ուղղված է իրենց խնամքի տակ գտնվող միայնակ, սոցիալապես անապահով տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպմանը սոցիալական պահանջմունքների, բժշկական, հոգեբանական օգնության ցուցաբերմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել