
«Առողջ մարդուն մտցրու ՔԿՀ, հիվանդ դուրս կգա, հաստատ»
Հարցազրույց նախկին քաղբանտարկյալ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի հետ, ով 2008-2011 թթ. անազատության մեջ է եղել «Երեւան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում:
Դուք, լինելով քրեակատարողական հիմնարկներում, անընդհատ ահազանգում էիք, որ ոտնահարվում են դատապարտյալների իրավունքները: Ի՞նչ նկատի ունեիք:
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողով կա: Յուրաքանչյուր ամսվա 25-31-ը դատապարտյալները ներկայացվում են հանձնաժողովին, որ այսինչ մարդը իր պատժաչափը կրել է հանգիստ, խաղաղ, գործող տույժ-տուգանք չունի: Յուրաքանչյուր դատապարտյալի մասին ամեն ամիս ռեփորթ կա քո անձնական քարտի մեջ՝ լավ, շատ լավ… Մտնում ես, 7-8 հոգի նստած են ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովից: Ու քեզ գովում են՝ էս տղան շատ լավն է, յուրաքանչյուր գործը անում է… միայն լավը, ու իրենց եզրակացության մեջ ասում են, որ այսինչ դատապարտյալը պատժի մնացած հատվածը կալանավայրում անցկացնելու կարիք չունի: «Պեչատ», ստորագրություն, այսինքն՝ քեզ առաջարկում են անկախ հանձնաժողովին, որը քեզ պետք է ազատի:
Դուրս ես գալիս, կես ժամ հետո մտնում ես, ասում են՝ մերժված ես: Չես հասկանում՝ ո՞վ մերժեց, ասում է՝ մենք: Բա դուք չէի՞ք էդ ամեն ինչը քիչ առաջ ներկայացնում իմ մասին: Ես ի՞նչ եմ արել, որ ինձ մերժում ես: Մերժման համար հիմք պետք է լինի, առանց հիմքի չկա պատճառաբանություն:
Մի հատ տղա կար, կուրանում էր արդեն, մնացել էր մի քանի ամիս, իրեն բաց չէին թողնում: Դատարան դիմեց էդ տղան, «Վարդաշեն» ՔԿՀ-ի ադմինիստրացիային դատարանը ստիպեց, որ էս տղային էդ բոլոր դրական գնահատականներով ներկայացնեն անկախ հանձնաժողովին, ու էդ մարդը հաղթեց դատը: Դատական նախադեպը կա, այսինքն: Ու հետաքրքիր է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ն չբողոքարկեց: Տղան ազատվեց երեք օր հետո, դա բոլորի ուրախությունն էր:
Դրանից հետո մենք բոլոր դատապարտյալներով, բացի պարսիկներից, բողոքարկեցինք նախարարին՝ հույս ունենալով, որ Հրայր Թովմասյանը կիրթ է, գրել-կարդալ գիտի, էն բոլոր օրենքները, որ մենք ենք կարդում, ինքն էլ է կարդում, Սահմանադրությունից էր խոսում, ասում էր, որ դրա առաջ բոլորն են հավասար: Ես իրեն գոնե մի 18 հատ լրիվ պատճառաբանված, ադմինիստրացիայի անուն-ազգանուններով նշված բողոք եմ ուղարկել, ինքն ասեց՝ ես ծառայողական քննություն կբացեմ սրա հիման վրա: Եթե ծառայողական քննություն անցկացվի, ՔԿՀ-ում երեւի թե մեկ կամ երկու աշխատող կմնա: Նրանց տեղը հենց ՔԿՀ-ներն են:
Հրայր Թովմասյանի հետ երբ որ էդ դարակազմիկ հանդիպումը եղավ, ինքն ասեց՝ էդ գրքի մեջ ինչքան օրենք կա, բոլորից կօգտվեք, ես երաշխավորում եմ դա: Մյուս օրը մեզ մոտ ուղարկեց իր տեղակալին՝ էս հունվարին էր: Ասեց՝ Հացպանյան, հիմա կանչի էդ տղաներին, հավաքվեք, ինչքան խնդիր կա՝ դուք գրեք, մենք լուծում ենք, մեզ մի ամիս ժամանակ տվեք: Չորս ներկայացուցիչով ժողով արեցինք էդ տղայի՝ Նիկոլայ Առուստամյանի հետ: ՔԿՎ-ի երկու տեղակալների խայտառակ արեցի իր առջեւ: Մենք հույս ուենացանք, որ սրանք հարցերը կդզեն, այսինքն՝ ձայնը տեղ հասավ:
Բայց ի՞նչ տեղ հասավ: Էս անգամ սկսեցին վրեժխնդիր լինել՝ վարդաշենցիները հարց են բարձրացնում. սկսեցին տղաներին տույժեր տալ: Ինձ առանձնացրին իրանցից: Պատգամավորներ, դիտորդներ, իրավապաշտպաններ եկան, լուրջ աժիոտաժ եղավ, մենք դարձանք իրենց աչքի փուշը: Ի՞նչ անել. առաջինը սրանք են էս բունտը ստեղծել, եթե սրանց կոտրենք, մնացած տեղերում արդեն կվախենան: Իսկ մնացած տեղերում մարդիկ, լսելով, որ «Վարդաշենում» շարժում կա, իրանք եւս սկսեցին սենց հարցեր դնել:
Մարտի վերջին, ապրիլին սկսեցին մարդկանց բաց ռեժիմ հանել կիսաբացից ու փակից: Եթե ըստ քո հոդվածի՝ 1/3-ը, կեսը կամ 2/3-ը նստել ես, ու համարում են, որ քո՝ բաց ռեժիմում գտնվելը վտանգավոր չի, դուրս են բերում, ու դա նաեւ լավ է, որովհետեւ ընտանիքները քայքայվում են: Բաց ռեժիմ որ մարդուն հանում են, առավոտ 8-ին ինքը դուրս է գնում՝ ուր ուզի՝ տուն, աշխատանքի, երեկոյան 8-ին պիտի գա հետ, միայն քնելու համար է գալիս: Այսինքն՝ մարդը գնում աշխատում է, իր ընտանիքին է օգնում:
Երբ բունտային վիճակը արդեն շատ ուժեղ էր մեզ մոտ, ու բոլորս պիտի հացադուլ սկսեինք, միանգամից խումբ-խումբ սկսեցին բաց ռեժիմ անել: Ասում էինք՝ մեզ կուտ են տալիս, որ հանգստանանք: Նախարարությունից մարդիկ եկան. բա՝ հանգստացեք, ՔԿՎ-ից հանձնարարական է իջեցվել, բոլոր պայմանականները, բաց ռեժիմի մարդիկ դուրս կգան…
Պայմանական վաղաժամկետի ներկայացվողների ցուցակ է կազմվում օրենքով յուրաքանչյուր ամիս: Բայց ՔԿՎ-ի պետը կամ տեղակալը զանգում է յուրաքանչյուր ՔԿՀ-ի պետին, ասում է՝ էդ ցուցակիդ վրա էս 3 մարդու կողքը պլյուս դիր, ինձ պետերն են պատմել էդ մասին: Էդ պլյուսները նրանք են, որ պիտի անցնեն: Էդտեղ փողային հաշիվներ կան: Մարդը օրենքով իրեն հասանելիքը փողին մուննաթ կարողանում է լուծել եւ դուրս գալ:
Մարդիկ որ հանձնուք են ստանում, կան արգելված բաներ: Օրինակ՝ տոլմա չես կարող բերել, ձուկ չես կարող բերել, ձու չես կարող բերել, ելակ չես կարող բերել, ձմերուկ չես կարող բերել: Անհեթեթություն է: Ցուցակը կարդացել եմ, չեմ հասկացել՝ սա ինչու կարելի է, սա՝ ոչ: Ասում են՝ տենց են ասել: Նայում եմ՝ մարդը ձմերուկ է ուտում, բա ո՞նց է ուտում: Դա, ասում է, շեֆի հետ հարցերը լուծել է: Հիմա խաղողի շրջան է, բայց չեն թողնում:
5200 դատապարտյալ կա, յուրաքանչյուրի վրա օրական ծախսում են 3800 դրամ, ինչի համար ՔԿՎ-ն բյուջեից առանձին սնվում է: Ես նստած-ելածի կարգավիճակով ասում եմ, որ օրը 300-400 դրամ էլ չի ծախսվում: Էդ հացը որ դատապարտյալին տալիս են, լրիվ մեջը ջուր է, խոնավ: Ես իրան ասում եմ՝ ինչի՞ չես ուտում էդ հացը, որ մեզ բաժանում ես, ասում՝ էդ ուտելու հա՞ց է, որ ես ուտեմ: Հաշվապահությանը հարցրի, թե էդ 3800-ի մեջ ինչ է մտնում: Ասում է՝ Հացպանյան, գի՞ժ ես, ես տենց բան ոնց կանեմ, ինձ գործից կհանեն, ասի՝ տղա ջան, ես հեսա ամբողջ մամուլին կթափեմ ստեղ, դու կասես:
Ասի՝ ատամի պաստան ինչքան է, ասում է՝ 800 դրամ: Հիմա մտեք որեւէ սուպերմարկետ ու 800 դրամով ատամի պաստա գտեք: Դրանք որ տալիս են, Պարսկաստանից բերված «Նասիմ» են, ժամկետանց: Պարսիկ տղաներին ասում էի՝ ինչ է գրված, ասում են՝ ուժի մեջ է մինչեւ 92 թիվ: Էդ պաստաներն ու օճառները Կարմիր խաչին, դիտորդներին, ՔԿՎ-ի պետին եմ ուղարկել:
Ես չեմ տեսել մի հատ մեխ մեխի էդ ադմինիստրացիան, հոսանքի լար անցկացնի, ջրի խողովակները անհեթեթ վիճակի մեջ են: «Վարդաշենում» մենք մեր ուժերով ենք նասոսը ներս բերել, խողովակները հողի տակից անցկացրել, որ լողանալու ջուր ունենանք ձմեռը, նասոսը չսառի: Այսօր Հայաստանում յուրաքանչյուր դատապարտյալ միայն իր ընտանիքի, հարազատների հաշվին է ապրում, ոչ պետության: Առողջ մարդուն մտցրու ՔԿՀ, հիվանդ դուրս կգա, հաստատ: Էդտեղի ուտելիքները ուտելիք չեն, ջուրը՝ շատ վատ եւ այլն, եւ այլն:
Խնդիրը կոռուպցիոն է, տնտեսական է: Մարդը ասում է՝ սրանք իմ կլիենտներն են, ես սրանց հաշվին փող եմ աշխատում, իրենց ծնողներից, բարեկամներից, փաստաբաններից: Ասում է՝ հիմա օրենքները գործեն, սրանց դուրս կհանեն, մարդ չի մնա ներսում, բյուջեից տրվող միլիոններն էլ չեն լինի: Դրա համար ինչքան ուզում, ավելացնում են դատապարտյալների թիվը:
Դատապարտյալների դիմումները տեղ հասնու՞մ են:
Հիմա՝ հա, առաջ՝ չէ: Ում որ դատապարտյալները դիմել էին, զանգում էի ես, ասում էին՝ դիմում չենք ստացել: Հատուկ մասին ստիպել եմ, բերել են մատյանները, ստուգել ենք, պարզվել է, որ իրենք չեն ուղարկել: Հրայրին ասում եմ՝ 4 դիմում եմ քեզ ուղարկել, ինչու չես պատասխանել, ասում է՝ ոնց, ես քեզնից միայն մեկ դիմում եմ ստացել: Պետը խառնվեց իրար, կես ժամ հետո երեք դիմումը, որ իրենց մոտ էին, հանեցին տվին Հրայրին: Ու նախարարը դա տեսավ: Դրանից հետո էդ համակարգը սկսեց մի քիչ աշխատել:
Իսկ զանգահարե՞լը:
Դա միշտ խնդիր է: Գրաֆիկ կա կազմված: Քո օրը գնում ես տաքսաֆոնից զանգելու, ասում է՝ չի աշխատում, «ԱրմենՏել»-ից է: Բայց շատ լավ էլ աշխատում է, ուղղակի չեն թողնում: Մի ուրիշ մաֆիա է գործում. իրենք ասում են՝ եթե ուզում ես միջոցներից օգտվել, հաշիվներ կան մաքրելու: Ու տարբեր դատապարտյալներ, ուզեն թե չուզեն, մեծ ծախսերի հաշվին գնում են էդ քայլին: Ես բարձրացրել եմ դատապարտյալներին բջջային հեռախոս տրամադրելու հարցը: Օրենքով դա արգելված չէ: Մեկ է՝ ԿԳԲ-ն ամբողջը լսում է: Ամեն ՔԿՀ-ում երկու անդամ կա, օպերբաժին են ասում, իրենք յուրաքանչյուր շաբաթ լսումների ռեփորթ են տալիս:
Իրավապաշտպանների առջեւ նույնպե՞ս դնում են արգելքներ, ինչպես լրագրողների առաջ:
Այո: Տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ դիմել էին՝ ինձ հետ հանդիպոլու: Ասում էին՝ պետը հարմար չի համարում, կուզի՝ կթողնի, չի ուզի՝ չի թողնի: Իրենք միայն դիտորդների խմբին չեն կարողանում արգելել, դիտորդներին էլ դարդ ու ցավդ պատմում ես, ասում է՝ ես արդարադատության նախարարին զեկույցի մեջ գրում եմ: Այսինքն՝ մի հատ փակ շղթայի մեջ կարուսել, նստած պտտվում ես:
Բայց էս ամենը որ մինչեւ հիմա շարունակվում է, էդտեղ Հրայր Թովմասյանի մեղքը 90 տոկոս է: Չի կարող մարդը արդարադատության նախարար լինել՝ առանց իր մեջ արդարություն ունենալու: Հրայր Թովմասյանի մեջ եթե դույզն-ինչ արդարություն լիներ, էս դատապարտյալների հարցերը լուծելը կես ժամվա խնդիր է: Եվ այսօր մենք Հայաստանում 5200-ի փոխարեն կունենայինք 200 դատապարտյալ: Էդտեղ շատ քիչ մարդ կա, որ իրոք հանցագործ է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել