HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը պահանջում է դադարեցնել ՀՀ միջազգային ֆինանսական պահուստների թալանը

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Հանրապետությունում օրեցօր խորանում է ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դրա հետեւանքն էր անցած տարվա վերջին եռամսյակում տնտեսական անկումը, տնտեսության բոլոր ճյուղերում ծավալների կրճատումը, երկրի մակրոտնտեսական իրավիճակին սպառնացող վտանգը: Անխուսափելի դժվարությունները դիմագրավելու եւ տարածվող ճգնաժամի հետեւանքները մեղմելու ռացիոնալ մեթոդների դիմելու փոխարեն, ապօրինի վարչախումբն զբաղված է միմիայն կայունության պատրանք ստեղծելու այնպիսի քայլերով, որոնք ինքնին ավելի են նպաստում ճգնաժամի խորացմանը ու կանխորոշում դրա աղետալի հետեւանքները: Խոսքը վերաբերում է մասնավորապես դրամի արհեստական արժեւորման կանխամտածված քաղաքականության շարունակմանը, ինչն իրականացվում է առեւտրային բանկերի գործունեությանը կոպիտ միջամտությամբ, ընդհուպ` փոխանակման կետերի գործունեության նկատմամբ իրավապահ մարմինների ուժի գործադրմամբ: Դրամի արհեստական արժեւորումը ներկայացվում է որպես գնաճի զսպման մեխանիզմ, մինչդեռ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այն դառնում է տնտեսության փլուզման առավել վտանգավոր նախադրյալը, ինչպես նաեւ մատնում դրա իրական, հանցավոր էությունն ու նպատակները: Միայն անցած տարվա ընթացքում, ֆինանսական շուկայում առաջացած լարման պայմաններում, արդեն իսկ շուկա է նետվել Հայաստանի արտաքին արժութային պահուստների 20%-ը: Դրա հետեւանքով Հայաստանի միջազգային պահուստները նվազել են մինչեւ այն անբարենպաստ սահմանը, որից հետո վտանգվում է երկրի վճարունակությունը: Նույն քաղաքականությունը, ավելի մեծ թափով, շարունակվում է նաեւ այս տարի. միայն հունվար ամսա առաջին երկու տասնօրյակում նույն պահուստներից վաճառվել է եւս 100 միլիոն դոլար: Արհեստականորեն արժեւորելով դրամը, վարչախումբը ա) Նահանջ է կատարում ազատական տնտեսվարման սկզբունքներից, ի չիք դարձնում փոխարժեքի բնականոն տատանումների կարգավորիչ դերը: բ) Խախտում է միջազգային փաստաթղթերով ստանձնած կարեւոր պարտավորությունները, այդ թվում նաեւ ԱՄՀ համաձայնագրով ստանձնած` փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականության իրականացումը: գ) Վատնում է երկրի արտաքին պահուստները, ինչը տնտեսության համար կունենա կործանարար հետեւանքներ: դ) Նպաստում է ներկրման բարձր մակարդակի պահպանմանը, իսկ իրականում` մոնոպոլ իրավունքներով ներկրող մի քանի անհատների հարստացմանը: զ) Վերջնական քայքայման է դատապարտում միջին ու մանր գործարարներին, ոչնչացման դատապարտում տեղական արտադրողին ու արտահանողին: Երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենուր տեղի է ունենում գների աննախադեպ անկում, անհեթեթ է գնաճը զսպելու պատրվակով դրամի արհեստական արժեւորումը: Հանցավոր վարչախումբը, իր վաղվա օրը չտեսնելով, պարզապես տրվել է ինքնամոռաց թալանի` հույս ունենալով, որ երկրի ողջ հարստությունները անձնական գրպանում տեղավորելով կարող է փրկել սեփական գլուխը, նույնիսկ պահպանել իշխանությունը: Դրամի արհեստական արժեւորմամբ գնաճի զսպման քողի տակ վարչախմբի պարագլուխները պարզապես յուրացնում են հանրապետությունն ու ժողովրդին պատկանող հարստությունը: Ավազակապետական բուրգի գագաթին հայտնված մի քանի տասնյակ մարդկանց համար համաշխարհային ճգնաժամը ոչ թե աղետ է, որին պետք է դիմակայել, այլ հարմար առիթ ու հնարավորություն` թալանն ու կողոպուտը բազմապատկելու համար: Հայ ազգային կոնգրեսը պահանջում է. - անհապաղ դադարեցնել ՀՀ միջազգային ֆինանսական պահուստների թալանը, - կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, այդ թվու` հետեւել Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի շրջանակներում փոխարժեքի լողացող քաղաքականության իրականացմանը, - ապահովել ԿԲ-ի` օրենքով սահմանված ինքնուրույն գործունեությունը եւ այն չդարձնել առանձին պետական մարմինների ու անհատների կամակատար, - ՀՀ ԿԲ-ի մասին օրենքի 52 հոդվածի համաձայն արտահերթ տեղեկատվություն ներկայացնել միջազգային պահուստների նվազման եւ վիճակը շտկելու անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, - դադարեցնել առեւտրային բանկերի ու փոխանակման կետերի գործերին ապօրինի միջամտությունները, - գնաճը զսպելու նպատակով օգտագործել տնտեսական ու դրամավարկային քաղաքականության այլ գործիքներ, օրենքով սահմանված այլ միջոցներ, ապահովել գնագոյացման թափանցիկությունը, վերացնել մենաշնորհները, բացառել մենաշնորհային դիրք ունեցողների կողմից գերշահույթների ստացումը: Վերոհիշյալ քայլերը չկատարելու դեպքում վարչախումբն ամբողջությամբ կկրի երկրի ֆինանսական եւ տնտեսությանը փլուզման ողջ պատասխանատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter