600 մլն դրամ` «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից
Այսօր ԼՂՀ կառավարության եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի միջեւ հուշագիր է ստորագրվել: Ըստ հուշագրի` «Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարտավորվում է 2009թ. ընթացքում 600 մլն դրամ հատկացնել Արցախի առողջապահական բնագավառում նախատեսվող մի շարք ծրագրերի, այդ թվում` անցած տարի մեկնարկած ծրագրերի շարունակման համար:
Այս անգամ նախատեսված գումարներով նախատեսվում է նաեւ նոր ծրագիր, որի շրջանակներում կկառուցվի Քաշաթաղի շրջանային հիվանդանոցի նոր մասնաշենքը, ինչպես նաեւ այն կզինվի նոր սարքավորումներով: Կշարունակվեն աշխատանքները Մարտակերտի հիվանդանոցի շինարարության, Ստեփանակերտի պրոթեզավորման կենտրոնի, ինչպես նաեւ մի շարք բուժհիմնարկների վերազինման ուղղությամբ:
«Ինչպես տեսնում եք, առոջապահական ոլորտը տարեցտարի զինում ենք ավելի մեծ հնարավորություններով, որպեսզի այս ոլորտը կարողանանք ամուր ոտքերի վրա կանգնեցնել»,-հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին ասել է ընկերության ղեկավար Ռալֆ Եիրիկյանը: Նա նաեւ ավելացրել է, որ ծրագրի շրջանակներից դուրս նախատեսվում է սարքավորումների ձեռքբերում` Ստեփանակերտի եւ շրջանների բուժհիմնարկների համար, որտեղ հնարավորություններ կստեղծվեն նորածին երեխանների /1 օրականից մինչեւ 1 տարեկան/ առողջությանը լավագույն ձեւով հետեւելու համար:
Վերջում վարչապետ Արա Հարությունյանը ակտիվ գործունեության համար շնորհակալություն հայտնեց Ռ.Եիրիկյանին, նշելով, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ընկերության կողմից պետբյուջե փոխանցվող գումարների աճի շնորհիվ ընկերությունը, հնարավոր է, դառնա Ղարաբաղի ամենախոշոր հարկատուն:
Այսօր Ռալֆ Եիրիկյանին հանդիպել է նաեւ նախագահ Բակո Սահակյանը, որոնք քննարկել են հանրապետությունում ընկերության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել