Բողոքի զանգվածային ակցիաներ Ռուսաստանում. կան ձերբակալվածներ
Օրը բավականին լարված և ծանրաբեռնված է Ռուսաստանի ոստիկանության համար: Այսօր Ռուսաստանի տարբեր բնակավայրերում և մասնավորապես մայրաքաղաք Մոսկվայում զանգվածային ակցիաների են դուրս եկել ինչպես իշխանության կողմնակիցները, այնպես էլ ընդդիմախոսները: Այս մասին հայնտում է «Գազետա.ru» կայքեջը:
«Միասնական Ռուսասատան» իշխանական կուսակցությունը ակցիաներ է անցկացնում՝ ի պաշտպանությոն կառավարության կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային ծրագրի` «Ժողովուրդ, Մեդվեդև, Պուտին, միասին կհաղթենք» լոզունգով:
«Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմնակիցները ակցիաների էին պատրաստվում գրեթե ամբողջ Ռուսաստանով մեկ, սակայն նրանք շատ տեղերում հրաժարվել են ակցիաների իրականացումից` պատճառաբանելով եղանակային պայմանները. «Պետք է մարդկանց նկատմամբ հոգատար վերաբերմունք ունենալ»,- ասել է կուսակցության Գլխավոր խորհրդի քարտուղար Վյաչեսլավ Վոլոդինը:
Կոմունիստական կուսակցությունը և հունվարի 31-ը «Անհամաձայնության օր» հռչակած ընդդիմադիրները հանդես են գալիս կառավարության հրաժարականի և տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխատողների շահերը պաշտպանելու պահանջներով:
Ընդդիմությունը ոչ բոլոր տեղերում է բողոքի ակցիաներ անցկացնելու թույլտվություն ստացել: Շատ դեպքերում անգամ չեն էլ դիմել` հայտարարելով, որ ակցիաները կանցկացնեն առանց թույլտվության և հասարակական կարգի պահպանությունը կապահովեն սեփական կողմնակիցների միջոցով:
Ի դեպ, ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Սուխոդոլսկին հայտարարել էր, որ իրենք թույլ չեն տա չարտոնված ակցիաների անցկացումը. «Ոստիկանության գործողությունները պետք է լինեն սկզբունքային՝ երկրի օրենսդրությունը խախտող և հանրային ակցիաների շրջանակներում չարտոնված միջոցառումներ անցկացնելու և սադրանքներ անելու փորձեր անողների նկատմամբ»:
Ընդդիմությունն իր հերթին բացել է հեռախոսային թեժ գիծ, որով իրենց բողոքները կարող են հայտնել ընդդիմության ակցիաներին մասնակցելու համար ոստիկանության կողմից բերման ենթարկված քաղաքացիները: Ընդդիմությունը հայտարարել է նաև, որ պատրաստ է նման քաղաքացիներին անվճար փաստաբաններ տրամադրել:
Հավելենք, որ նախագահ Մեդվեդևը երեկ բուլղարական ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ չնայած ինքն ու Պուտինը մտերիմ հարաբերություններ ունեն, բայց դա չի խանգարում, որ ինքը տեսնի երկրում առկա խնդիրները և կառավարության ու նախարարների հետ հադիպումների ընթացքում բարձրաձայնի առկա թերությունների մասին: Նա, մասնավորապես, օրինակ է բերել կառավարությանն ուղղված իր այն հայտարարությունը, որ հակաճգնաժամային քայլերն ուշանում են:
Այս պահի դրությամբ ոստիկանության կողմից արդեն բերման են ենթարկվել «Այլ Ռուսաստան» շարժման 7 ակտիվիստներ եւ նրա առաջնորդ Լիմոնովը, Կոմունիստական կուսակցության 10 ակտիվիստներ եւ «Գազետա.ru» պարբերականի թղթակից Ալեքսանդր Արտեմյեվը, ով լուսաբանում էր «Մենք» շարժման ակցիան Սպիտակ տան մոտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել