Մանկապարտեզներիի վարձավճարն ավելացել է 1000 դրամով
Ալավերդու համայնքի ավագանու 13. 08.2008թ.-ի արտահերթ նիստի թիվ 33 որոշմամբ համայնքի սեփականություն հանդիսացող կազմակերպություններում սահմանվել են վարձավճարների նոր դրույքաչափեր: Ըստ այդ դրույքաչափերի` 2009 թ. հունվարի 1-ից քաղաքի նախադպրոցական հիմնարկների ծնողների կողմից վճարվող վարձը սահմանվել է 4000 դրամ` նախկին 3000-ի դիմաց, 500-ական դրամներով ավելացել են նաեւ քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների վարձերը:
Ալավերդու 2009թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ, դեռ 2008թ.-ի դեկտեմբերի 27-ին, ավագանու առանձին անդամներ հաշվի առնելով միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքով Ալավերդիում ստեղծված սոցիալական լարվածությունը, առաջարկություն արեցին չբարձրացնել մանկապարտեզների ծնողական վարձավճարները, սակայն քաղաքապետ Արթուր Նալբանդյանը մնաց անդրդվելի:
Մինչդեռ այսօր Ալավերդու մանկապարտեզներում կատարված մեր հարցումներից պարզվեց, որ երեխաների հաճախումները մանկապարտեզներ կիսով չափ նվազել են :
Այսպես, քաղաքի ամենամեծ թիվ 13 մանկապարտեզի վարիչ Անահիտ Հախվերդյանը մեզ տեղեկացրեց, որ հունվարին մանկապարտեզի 140 երեխաներից հաճախել են 70-80-ը: Նա բացատրեց , որ հաճախումների ցածր թվի պատճառներից մեկն էլ այն է, որ հունվարի տոնական` մանկապարտեզ չհաճախած 7 օրերի սննդի գումարները չեն հանվում ծնողական վարձավճարներից, որի պատճառով էլ ծնողների մեծ մասը երեխաներին մանկապարտեզ են ուղարկում փետրվարից:
Թիվ 11 մանկապարտեզի վարիչ Լաուրա Ավագյանը տեղեկացրեց, որ 85 երեխաներից հունվարին մանկապարտեզ են հաճախել 40-ը: Երեխաների հաճախումները գրեթե կիսով չափ կրճատվել են նաև մյուս մանկապարտեզներում:
Անահիտ Հախվերդյանը և Լաուրա Ավագյանը նաև հայտնեցին, որ փետրվարին ակնկալում են մանկապարտեզների երեխաների հաճախումների ավելացում: Ասենք որ քաղաքապետը 2009թ. բյուջեով 27,7 մլն. դրամ է նախատեսել քաղաքի 6 մանկապարտեզների 440 երեխաների սննդի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել