HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակավայրը դառնում է աղբավայր

axbՎանաձորի Տարոն 4 թաղամասի «մինէներգո» կոչվող տարածքը գտնվում է քաղաքի ծայրամասում: Այս հանգամանքից օգտվելով` արդեն երկու տարի է, ինչ քաղաքի զանազան շինարարական կազմակերպություններ շինարարական աղբը թափում են թաղամասի թիվ 5 շենքի հարակից տարածքում, ավելի ստույգ` 1988-ի երկրաշարժից հետո կառուցվելիք 3 շենքերի հիմքերում:

Չկառուցված շենքերի հիմքերը, որտեղ ժամանակին խիճ էին լցրել նախկին շինարարները, կարճ ժամանակում «շահագործելով» որպես խճաքարի հանքավայր` այնուհետեւ լրիվ դատարկված փոսերը տարբեր շինկազմակերպություններ սկսեցին օգտագործել որպես աղբավայր: Այդտեղ որոշ ժամանակ անց սկսեցին թափել նաեւ կենցաղային աղբ, ինչը տարվա տաք եղանակներին գարշահոտություն է առաջացնում: Մանկավարժ Մարինե Թունյանը պատմում է. «Մի անգամ մեքենայի վարորդին հարցրի` ով է թույլ տվել աղբը թափել այստեղ, նա պատասխանեց` քաղաքապետը»: «Լոռու Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն գերմանական KfW բանկի դրամաշնորհով Լոռու եւ Շիրակի մարզերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի վերականգնման ծրագրով Տարոն-1, Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4 թաղամասերում պետք է մինչեւ 2008 թ. դեկտեմբերի վերջը փոխեր խողովակաշարերը եւ ապահովեր 24-ժամյա ջրամատակարարում: Խողովակաշարը ծածկելու համար «Լոռու Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կավահողը հանում է խաղահրապարակից` առաջացնելով մեկ այլ փոս, որը նույնպես ծառայում է որպես աղբավայր: «Սա թաղամասում երեխաների ձեռքով պատրաստված միակ խաղահրապարակն էր, այդ էլ ավերեցին»,- ասաց բնակիչներից մեկը: Կարճ ժամանակում խաղահրապարակն ամբողջովին վերածվել է աղբավայրի. բեռնատարները, նախորդ փոսը թողած, սկսում են աղբը թափել այդտեղ` լցնելով նաեւ բնակիչների համբերության բաժակը: «Մենք տեղյակ ենք խնդրի մասին: Մի քանի տարի առաջ Վանաձորի քաղաքապետարանի եւ շինարարական ձեռնարկությունների միջեւ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շենքի բակում գտնվող փոսերում կարող են միայն շինաղբ թափել»,- ասում է Տարոն 4-ի թաղամասային հիմնարկի պետ Տիգրան Ենոքյանը: Մեր այն հարցին, թե ինչպես է բացատրում երկրորդ աղբավայրի առաջացման փաստը, Տ. Ենոքյանը պատասխանեց. «Մենք տեղյակ ենք, որ այնտեղից միայն կավ են տարել, իսկ որ աղբ են լցնում` տեղյակ չենք: Հիշում եմ, որ մի անգամ աղբ թափող մի մեքենայի վարորդի ուղարկել ենք քաղաքապետարան, որտեղ եւ նա տուգանվել է»: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լ. Մելիքյանը, ում դիմեցինք պարզաբանումներ ստանալու նպատակով, տեղյակ չէր խնդրից: Նա միայն հիշեց, որ երբ իրենք 2008 թ. դեկտեմբեր ամսին «ՄԻԳ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հանդես էին գալիս հաշվետվությամբ, նման խնդրով զանգ է եղել, բայց ավելին չգիտի: Նա ևս պնդեց, որ թիվ 5 շենքի հարեւանությամբ իսկապես գոյություն ունի աղբ թափելու համար նախատեսված հատուկ տարածք, իսկ երկրորդ աղբավայրի թույլտվություն ոչ մեկը չի տվել: Հարցին, թե ինչ միջոցառումներ են ձեռք առնվում խնդիրը լուծելու համար, բաժնի պետը պատասխանեց. «Քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել. դա բնակիչների գործն է, իսկ աղբն էլ կմաքրի նա, ով որ թափել է»:

Էդուարդ Արզումանյան

Վանաձոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter