Գյուղացին՝ նոր խնդրի առաջ. թանկացել է պարարտանյութը
Փշատավանը Արմավիրի մարզի սահմանակից գյուղերից է, հեռավորությունը Թուրքիայից անգամ կիլոմետրով չի չափվում: Այնքան մոտ է, որ փշատավանցիներն օրը մի քանի անգամ լսում են թուրքերի նամազը: Գյուղում մեր գտնվելու պահը ևս համընկավ այդ ժամին: Թուրք մոլլայի նամազի ձայնը հասավ նաև լրագրողներիս ականջին: Դրա ելևէջներին արդեն ծանոթ փշատավանցի Անդրանիկ Պապիկյանը դժգոհեց: Ասաց, որ ձմռանն էլի կարողանում են տանը փակվելով չլսել ականջ ծակող այդ ձայնը, բայց տաքերն ընկնելուն պես, երբ գյուղի ողջ բնակչությունը դաշտերում է` խուսափել նամազն ունկնդրելուց` հնարավոր չէ: Այնքան են լսել, որ իրենք էլ են սովորել:
Եթե ոչ նամազ լսելու հաճախականությամբ, ապա տարին գոնե մեկ-երկու անգամ կուզեին, որ իրենց էլ մարզի ղեկավարությունը լսեր: Առիթը ստեղծվել էր. մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գնացել էր Փշատավան: Այցը թեև այլ նպատակ ուներ, բայց գյուղացիները, պահը որսալով, մարզպետին բաց չթողեցին այնքան ժամանակ, մինչև «չդատարկվեցին» տարիներով կուտակված հարցերից:
Գյուղացու համար գլխավոր հարցն այսօր պարարտանյութի թանկ գինն է: Ինչպես ամեն տարի, այս տարեսկզբին նույնպես մարզի գյուղապետերը պարարտանյութ ձեռք բերելու նպատակով գումար հավաքագրելու հայտարարություն էին արել: Գյուղացիներն էլ, որ նախորդ տարիների փորձից գիտեին իրենց տրամադրվելիք պարարտանյութի մասին` հնարավորությունների սահմաններում գումար էին պահել դրա համար: Բայց, շատ զարմացան, երբ իմացան, որ նախորդ տարվա համեմատ պարարտանյութի գինը գրեթե կրկնակի բարձրացել է:
Սամվել Քարտաշյանն ասում է, որ անցած տարի հունվար-փետրվարին 50կգ (մեկ պարկ) պարարտանյութը գնել է 3700 դրամով, իսկ հիմա դրա համար պետք է վճարի 6600 դրամ: Գյուղացին դա բարձր գին է համարում: Ասում է` հաշվի չեն առնում, որ այս սեզոնին գյուղացու ձեռքին փող չկա: Եթե գյուղատնտեսական եռուն շրջանում նույնիսկ մեկ պարկը 10.000-12.000 դրամով են գնել` դրա հնարավորությունը եղել է. մի կողմից ապրանքը վաճառել են, մյուս կողմից` ծախսել: Բայց հիմա, այդ գնով պարարտանյութ վաճառելը գյուղացիներն իրենց նկատմամբ թշնամանք են համարում:
Իսկ Անդրանիկ Սարգսյանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե պարապտանյութ ներկրողը ոչ թե անհատները, այլ Կառավարությունը լինի: «Թե չէ` անհատն իր գինն է դնում ու դրանից չի նահանջում, որովհետև գիտի` ստիպված առնելու ենք», -ասում է Անդրանիկ Սարգսյանը: Նա պարարտանյութը ներկրող «Դվին» կոնցեռնին ապառիկ գործարք է առաջարկում` աշնանը վճարելու պայմանով:
Հողի մշակները սխալ են համարում ոչ միայն գյուղապրանքների ներկրումն անհատներին վստահելը, այլև` դրանք մենաշնորհելը: Բայց, այնուամենայնիվ, եթե Կառավարությունն արդեն այդ գործը թոթափել է իրենից ու վստահել անհատին, ուրեմն` նրանց կարծիքով` պետք է հնարավորություն տրվի` ներմուծումն իրականացնի ոչ թե մեկ, այլ մի քանի կազմակերպություն: Այդ դեպքում, նրանց կարծիքով, հնարավոր կլինի զսպել գների աճը:
Գյուղացիներին փորձեց հանգստացնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: «Ինձ հասած տեղեկություններով ևս 8-10 կազմակերպություն պարարտանյութ ներկրելու իրավունք է ձեռք բերել: Առաջիկայում նրանցից մի քանիսի հետ կբանակցենք. հնարավոր է` գների փոփոխություն լինի»,- ասաց մարզպետը:
Իսկ, թե ինչով է պայմանավորված հողագործի համար այդքան կարևոր ապրանքի գնի կտրուկ թանկացումը, Աշոտ Ղահրամնյանը հիմնավորեց սուբսիդիաների բացակայությամբ. «Ամեն տարի պետությունը սուբսիդիա էր տրամադրում` թեթևացնելով գյուղացու ծախսը: Այս տարի չի տրամադրում, հետևաբար` ողջ վճարը մնացել է գյուղացու վրա»:
Գյուղացիների կարծիքով` գյուղապետերն այնքան էլ շահագրգռված չեն պարապտանյութի իրացման հարցում: Ասում են, որ գյուղապետերի հնարավորությունները ներում են` պարարտանյութի` եթե ոչ ողջ խմբաքանակը, ապա գոնե մի մասը գնել` սեզոնին վերավաճառելու նպատակով:
Հարևան` Արազափ համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը, որը նույնպես ներկա էր հանդիպմանը, ասածը չհամաձայնվեց այս մտիքն. «Սուտ խոսակցություններ են: Ովքեր գումար ունեն` թող գան առնեն: Ի՞նչ է նշանակում գյուղապետը պարարտանյութը պահում է, որ հետո ծախի: Էնա` 3 մլն. դրամ արդեն հավաքել եմ: Եթե փողն առել եմ, ապրանքը տալու եմ չէ՞…»:
Գյուղացու նկատմանբ «մատների արանքով» վերաբերմունքը հողագործ- մանկավարժ Անդրանիկ Սարգսյանի կարծիքով ղեկավարների` հողից կտրված լինելու արդյունք է: «Թող գան, հողակտոր վերցնեն, այսօրվա շուկայական գներով մշակեն, վաճառեն: Եթե ստացած մաքուր եկամտով մի քնձռոտ «դոմիկ» առնելու հնարավորություն ունենան` թող պահպանեն գնային այս քաղաքականությունը: Հալալ լինի իրենց…»:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել