Վ. Չախալյանի դատավարության ժամանակ նույնիսկ պատշաճ թարգմանություն չի ապահովվում
«Երկիր» միության հայտարարությունը
2009թ. հունվարի 28-ին գրեթե երկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեց ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, ««Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի գործով դատավարությունը: Կայացավ դատական երկու նիստ` հունվարի 28-ին եւ 29-ին:
Դատական նիստերին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրեցին հետեւյալ փաստերը.
1. Վահագն Չախալյանը դատարանի դահլիճում հայտարարեց հացադուլ` ի նշան բողոքի վրացական իշխանությունների կողմից Ախալցխայի հայ հասարակական գործիչներ Գրիգոր Մինասյանի եւ Սարգիս Հակոբջանյանի ձերբակալման դեմ:
2. Քանի որ ո՛չ ամբաստանյալներ Վահագն Չախալյանը եւ նրա հայրն ու եղբայրը, եւ ո՛չ էլ նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը չեն տիրապետում վրացերենին, ապա դատարանը հատկացրել էր թարգմանիչ: Սակայն թարգմանությունը կատարվում էր անփույթ կերպով` բացթողումներով եւ ընդհատումներով: Թարգմանությանը խոչընդոտում էր նաեւ դատավորը, որն իրեն հաճախ նեղություն չէր տալիս թարգմանության համար իր խոսքում անհրաժեշտ ընդմիջումներ անելու:
3. Ըստ Վրաստանի օրենսդրության` դատարանի դահլիճում չի թույլատրվում տեսագրել, ձայնագրել կամ լուսանկարել, մինչդեռ դատալսումների տեսագրումը կամ ձայնագրումը թույլ կտային ապահովագրվել դատական նիստերի արձանագրությունների հնարավոր կեղծումից:
4. Դատական նիստերը կայացան Չախալյանների ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի բացակայության պայմաններում: Վրացական իշխանությունները արհեստականորեն ձգձգում են նրա գրանցումը, թեեւ այդ նպատակով համապատասխան փաստաթղթերը ներկայացվել էին Վրաստանի արդարադատության նախարարություն դեռեւս հունվարի 13-ին:
5. Հունվարի 28-ի նիստի ընթացքում պարզվեց, որ Վահագն Չախալյանին չէին տրամադրվել իր նկատմամբ առաջադրված նոր մեղադրանքների համապատասխան մեղադրական եզրակացությունները` թարգմանված հայերեն: Դատավորը, սակայն, չընդմիջեց նիստը` խոստանալով տրամադրել հայերեն թարգմանված մեղադրական եզրակացությունը հետագայում:
6. Դատավորը մերժեց դատապաշտպանների միջնորդությունը դատահետքաբանական փորձաքննության ենթարկել Չախալյանների տանը եւ Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության (ՋԵՄՄ) շենքում, իբր, հայտնաբերված զենքն այն պատճառաբանությամբ, որ զենքի «հայտնաբերումից» հետո անցել է 6 ամիս, եւ մատնահետքերն արդեն ջնջվել են: Դատապաշտպանի առարկություններն առ այն, որ դատահետքաբանական փորձաքննություն պետք է կատարվեր ոստիկանության կողմից անմիջապես, ինչը չի արվել, եւ առ այն, որ պաշտպանական կողմը փորձաքննության միջնորդությունը ներկայացրել էր դեռեւս 3 ամիս առաջ, մնացին անպատասխան:
7. Վահագն Չախալյանը հունվարի 28-ի նիստի ընթացքում հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ (տեքստը կցվում է): Դատավորը բազմիցս ընդհատում էր Վահագն Չախալյանի կողմից իր հայտարարության ընթերցումը` պատճառաբանելով, որ այն չի վերաբերվում գործին:
8. Հունվարի 28-ի դատական նիստին ներկա չէր եւ ոչ մի վկա. միայն մի քանիսը գրություն էին ուղարկել դատարանին առ այն, որ նրանք պնդում են իրենց նախաքննական ցուցմունքների վրա եւ չեն ցանկանում ներկայանալ դատարան: Դատավորը ցանկանում էր անմիջապես անցնել ամբաստանյալների հարցաքննությանը եւ միայն պաշտպանական կողմի համառ առարկությունից հետո տեղի տվեց եւ հետաձգեց նիստը մեկ օրով:
9. Հունվարի 29-ի նիստին ներկայացան միայն 2 վկա եւ 2 տուժող: Քննվեցին 2006թ. մարտի 11-ին Ախալքալաք քաղաքում հայ բնակչության զանգվածային բողոքի ցույցի հանգամանքերը, որի կազմակերպումը` Վահագն Չախալյանին առաջադրված մեղադրանքներից մեկն է:
10. Ներկայացած տուժողների եւ վկաների հարցաքննությունից հետո դատավորը ընդմիջեց դատավարությունը մինչեւ փետրվարի 11-ը:
Հունվարի 28-ի եւ 29-ի դատալսումների ընթացքում արձանագրված փաստերը, եւ մասնավորապես`
- ֆրանսիացի փաստաբան պատրիկ Արաբյանի գրանցման ձգձգումը,
- Չախալյանի տանը եւ ՋԵՄՄ-ի գրասենյակում «հայտնաբերված» զենքի դատահետքաբանական փորձաքննության չենթարկելը եւ դա անելու պաշտպանական կողմի միջնորդության մերժումը,
- վկաների չներկայանանալը եւ դրանց բացակայության պայմաններում դատավարությունը շարունակելու դատավորի փորձը,
հերթական անգամ փաստում են, որ այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, որեւէ կապ չունի արդարադատության իրականացման հետ, այլ հանդիսանում է վրաց իշխանությունների քաղաքական պատվերի պարզ իրավական վավերացում:
«Երկիր» միությունը նորից դիմում է համապատասխան միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին, կոչ անելով նրանց`
- դիտորդների միջոցով հետեւել ջավախքահայ քաղաքական գործչի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ տեղի ունեցող դատավարությանը,
- ճանաչել Վահագն Չախալյանին, ինչպես նաեւ` առնչվող գործերով քրեական հետապնդման ենթարկվող անձանց քաղբանտարկյալներ,
- համապատասխան ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` Սամցխե-Ջավախքում համախումբ բնակվող հայերի նկատմամբ արդեն շարունակական եւ համակարգված բնույթ ստացած հալածանքների դադարեցման եւ ջավախքահայ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակման ուղղությամբ:
Այսօր Սամցխե-Ջավախքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը վրացական իշխանություններին գործնականում արտոնում է էլ ավելի ուժեղացնելու հայ բնակչության նկատմամբ հալածանքները` դրանով խորացնելով վախի եւ վրդովմունքի մթնոլորը, ինչը հղի է ապակայունացման անկանխատեսելի հետեւանքներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել