Նախադպրոցական հիմնարկների մանկավարժները նախատեսվածից ցածր աշխատավարձ են ստանում
Արաբկիր համայնքի թիվ 5 մանկապարտեզի մանկավարժները դիմել էին Ազգային ժողովի կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանին եւ խնդրել պարզել, թե ինչու են իրենք նախատեսվածից պակաս աշխատավարձ ստանում:
Ըստ "Նախադպրոցական կրթության" մասին օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժների աշխատավարձը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից: Այսինքն` անցած տարի այդ գումարը կազմում էր 50 հազար դրամ, իսկ այս տարի մանկավարժը պետք է ստանա 60 հազար դրամ: Մինչդեռ մանկավարժները, ինչպես մենք պարզեցինք, տարբեր համայնքներում ստանում էին տարբեր աշխատավարձ` Դավթաշենում` 37 հազ. դրամ, Արաբկիրում` 25 հազ., Աջափնյակում`30 հազար: Օրենքը, բացի վերոնշյալ համայնքներից, չէր գործում նաեւ Երեւանի Վարդաշեն, Շենգավիթ, Էրեբունի համայնքներում:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, հիմք ընդունելով թաղապետերի գրությունները, ասում է, որ վերոնշյալ թաղային համայնքների ղեկավարները համայնքների 2009 թ. բյուջեով նախատեսել են նախադպրոցական հիմնարկների աշխատողների աշխատավարձը բարձրացնել` օրենքի պահանջների համաձայն: Իսկ աշխատավարձի մասնակի փոխհատուցումը թաղապետերը բացատրել են միջոցների սղությամբ: Մենք փորձեցինք ծանոթանալ վերոնշյալ համայնքների ավագանու որոշումներին, որով սահմանված են նախատեսված նախադպրոցական կրթական հաստատություններում աշխատող մանկավարժների` 2009-ին նախատեսվող աշխատավարձերի չափը: Սակայն տեղեկատվություն մեզ տրամադրեցին միայն Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքներում, որտեղ 2009 թ. նախատեսված է 60 հազ. դրամ օրինական աշխատավարձ վճարել մանկավարժներին: Մնացած համայնքների ֆինանսական բաժինները տարբեր պատճառաբանություններով խուսափեցին պատասխանել մեր հարցերին:
Նախադպրոցական հիմնարկները համայնքային ենթակայության տակ են, ինչի պատճառով էլ համայնքների ղեկավարներն այս ոլորտում զբաղվում են ինքնագործունեությամբ. "Այսօր թաղապետը իր համայնքի թագավորն է",- ասում է Ա. Բախշյանը: Ո'չ Կրթության նախարարությունը, ո'չ քաղաքապետարանը չեն կարող վերահսկել մանկապարտեզների ֆինանսական անցուդարձը: Նրանց ենթակայության եւ վերահսկողության տակ է միայն ծրագրերի իրականացումը: Վերահսկողություն իրականացնող մարմիններից Վերահսկիչ պալատը իր վերջին նիստի ժամանակ ներկայացրեց Դավթաշեն համայնքում կատարված չարաշահումները, սակայն այս մեկը վրիպել էր ՎՊ-ականների աչքից, քանի որ նրանք Ա. Բախշյանի հարցին պատասխանեցին, որ նման խախտումներ չեն հայտնաբերել: "Ես վստահ չեմ, որ դա իրենց աչքից վրիպել է, հնարավոր է` կրթության բնագավառը չեն ուսումնասիրել կամ էլ համապատասխան մասնագետներ չունեն այդ բնագավառում, որ կարողանան գլուխ հանել",- ասում է պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել