HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ամփոփեց դավոսյան հանդիպումները

serjikՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ցյուրիխի «Հայաթ» հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որով էլ ավարտվել է նախագահի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն: Հանդիպման ժամանակ նախագահը հանդես է եկել ելույթով: Նա նշել է, որ Շվեյցարահայ համայնքը, գրեթե բոլոր հայ գաղթօջախներին բնորոշ խնդիրներով հանդերձ, ամենակազմակերպված համայնքներից մեկն է: «Լինելով փոքրաթիվ` դուք կարողանում եք մեծ գործեր կատարել Հայ-շվեյցարական հարաբերությունների այսօրվա բարձր մակարդակն ու մանավանդ Շվեյցարիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հանգամանքը կապված է հիմնականում ձեր աշխատանքի հետ: Մենք սա շատ հստակ գիտակցում ենք Հայաստանում»,-ասաց Նախագահը: Նախագահն անդրադարձավ իր դավոսյան հանդիպումներին. «Դավոսում մի շարք հանդիպումներ եմ ունեցել տարբեր երկրների պաշտոնյաների հետ: Տեղեկացնում եմ ձեզ, որ այս հանդիպումները չափազանց կարեւոր էին, այցելությունն օգտակար էր, շփումները` արդյունավետ: Ցյուրիխում, ես երեք օր առաջ` մինչ Դավոս մեկնելը, հանդիպել եմ Ադրբեջանի Նախագահի հետ: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մենք շարունակել ենք բանակցությունները:Այս առումով, Հայաստանի դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ. մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը»,-վստահեցրեց Սերժ Սարգսյանը Նախագահը «հեքիաթներ» բնորոշեց այն, թե իբր ելնելով ինչ-ինչ նպատակներից կամ տեղի տալով ինչ-ինչ ճնշումների, իշխանությունները կարող ենք միակողմանի զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի խնդրում. «Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Մենք չենք կարող մեր ազգային նպատակը, համընդհանուր խնդիրը զոհել ինչ-ինչ երկրորդական  խնդիրներ լուծելու համար»: Անդրադառնալով Դավոսում Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման արդյունքուներին`  նախագահը տեղեկացրեց, որ  հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները. «Կարծում եմ, որ երկու հարեւան պետությունների միջեւ առանց որեւէ նախապայմանների բնականոն ու քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելը բխում է մեր շահերից: Այստեղ էլ ուզում եմ, որ բոլորի համար միանշանակ պարզ եւ հասկանալի լինի: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում մոռանալ Ցեղասպանությունը, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում ստորադասել մեր ազգային շահերն ինչ-ինչ խնդիրների: Մենք մշտապես ասել ենք, հիմա էլ կրկնում ենք` առանց որեւէ նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բացել սահմանները, ստեղծել միջկառավարական հանձնաժողով, այնուհետեւ քննարկել ցանկացած հարց, որ կա մեր երկու պետությունների, մեր երկու ժողովուրդների միջեւ»: Նախագահը ներկայացրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները եւ նշեց, որ պետք է  նվազագույնի հասցնել ժողովրդի համար այս ճգնաժամի բացասական հետեւանքները. «Մեզ մինչեւ այժմ հաջողվել է երկրում ապահովել ֆինանսական կայունություն, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ Հայաստանը չի կարող զերծ մնալ նման գլոբալ գործընթացներից»: Նախագահը կարեւորեց Շվեյցարիայի կողմից  Հայաստանին տարբեր բնագավառներում տրամադրած բազմաբնույթ օգնությունը. «Խնդրում եմ շարունակել ձեր աշխատանքը` այն ինչ դուք անում եք տարիներ, տասնամյակներ ի վեր: Բայց խնդրում եմ մի քիչ ավելի ակտիվ լինել, խնդրում եմ ավելի շատ ջանքեր ներդնել: Խոսքը ոչ միայն նրա մասին է, որ կա ճգնաժամ, կան խնդիրներ, այլեւ, որ մենք ցանկանում ենք Հայաստանում ունենալ ավելի մեծ հաջողություններ, քան ունեցել ենք այս տասնյոթ տարիների ընթացքում»: Նախագահը առաջարկեց հաճախ գալ Հայաստան, տեսնելու համար նաեւ առկա խնդիրները եւ կիսվել այդ խնդիրների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter