HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինքնափրկության շանս, որ կորցնում է խորհրդարանը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Յոթի գործով» որպես մեղադրյալներ անցնող անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Սասուն Միքայելյանի՝ օրեր առաջ իրեն ուղղված հայտարարությանը պատասխանեց ընդամենը նրանց մոտ իր ներկայացուցիչներին ուղարկելով։

Այդպիսով նա քաղկալանավորներին, փաստորեն, փորձեց բացատրել, որ չի պատրաստվում ԱԺ նիստ գումարել նրանց պահանջով։ Իրականում անգամ այդ քայլը պետք է մեծ «ինքնազոհություն» համարել Հովիկ Աբրահամյանի կողմից։ Կալանավորված պատգամավորների պահանջը շատ հստակ էր. ԱԺ նիստ հրավիրել եւ դրա ընթացքում հանրապետության գլխավոր դատախազից պահանջել ներկայացնել այն իրավական հիմքերը, փաստական ապացույցները, որոնց վրա հենվելով` նա 2008 թ. մարտի 4-ին խորհրդարանին իրենց անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց։

Առաջին հայացքից թվում է, թե դա անհրաժեշտ էր հայտարարություն տարածած պատգամավորներին՝ վերջապես հրապարակայնորեն ստանալու բոլոր հարցերի պատասխանը, կամ իրենց կարծիքով՝ ապացուցելու «Յոթի գործի» ողջ սնանկությունը։

Սակայն, որքան էլ տարօրինակ թվա, իրենց այդ քայլով նրանք մեծ ծառայություն են մատուցում թե՛ խորհրդարանական քաղաքական մեծամասնությանը, թե՛ անձամբ Հովիկ Աբրահամյանին՝ վերջիններիս իրենց հեղինակությունը փրկելու շանս առաջարկելով։ Եվ խնդիրն այստեղ բոլորովին այն չէ՝ ՀՀ գլխավոր դատախազը կներկայացնի՞ այդպիսի փաստեր, թե՞ ոչ, որովհետեւ պատասխանը, կարծես թե, պարզ է հենց սկզբից։

Դատախազը չի կարող նման փաստեր ներկայացնել, որովհետեւ եթե դրանք այնքան ամուր ու անհերքելի լինեին, որքան անհրաժեշտ էր, երբեք Քր. օրենսգրքի 225 եւ 300-րդ հոդվածները փոփոխության ենթարկելու անհրաժեշտություն չէր առաջանա, իսկ «Յոթի գործով» դատավարությունը անընդհատ չէր հետաձգվի անհեթեթ պատճառաբանություններով կամ մեղադրյալների կողմից պրովոկացիաներին տուրք տալով։

Խնդիրն ԱԺ-ի հեղինակության վերականգնման եւ դրանում Աժ նախագահի եւ քաղաքական մեծամասնության իրական շահագրգռության մեջ է։ 2008 թ. մարտի 4-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը այս 4 պատգամավորներին (ներառյալ Խաչատուր Սուքիասյանը) անձեռնմխելիությունից զրկելու` դատախազի միջնորդությունը բավարարելու անհրաժեշտությունը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Մեկ խնդիր ունենք` ստեղծել հնարավորություններ: Գլխավոր դատախազը եկել է այդ առաջարկով: Ստեղծել հնարավորություններ, որ քննությունը թույլ տա պարզելու, թե ինչ է կատարվել այդ ժամանակ: Կանե՞նք դա, թե ոչ. սա է խնդիրը»։

Այդ ժամանակ Աժ-ն այլ ելք չուներ, թեեւ ակնհայտ էր, որ գլխավոր դատախազն իր միջնորդությունը հիմնավորում էր շատ ընդհանրական մեղադրանքների եւ կոնկրետ ապացույցների կատարյալ բացակայության հիման վրա։ Սակայն նախաքննությանն օժանդակելու եւ դատախազությանն անհրաժեշտ ապացուցողական բազան ձեւավորելու հնարավորություն տալու խնդիր կար։ Խաչատուր Սուքիասյանի՝ ընդհատակ անցնելու հանգամանքը ԱԺ-ի` նման կեցվածք ընդունելու համար լրացուցիչ խթան հանդիսացավ։ 2008 թ. մարտի 4-ից անցել է ուղիղ տասնմեկ ամիս, սակայն որեւէ հարցի կոնկրետ պատասխան նախաքննությունն իրականացնող մարմինը չի տվել Աժ-ին, դուրս չի եկել ընդհանրական բնույթի նախնական մեղադրանքների շրջանակներից։ Այսինքն՝ դատախազությունը, վատնելով ԱԺ-ի վստահությունը, նրա տված հնարավորությունը, երկրի օրենսդիր մարմնին ստիպեց ինքն իրեն շատ անլուրջ վիճակի մեջ դնել։

Անլրջությունն այն էր, որ ակնհայտորեն մատների արանքով նայելով դատախազության այս տրամադրվածությանը` Աժ-ն պատգամավորների մասով մեղադրանքները հիմնավորող ապացույցներ այդպես էլ չպահանջեց ողջ տասնմեկ ամիսների ընթացքում, եւ պարզ էլ չէ՝ նման խնդիր ընդհանրապես դրե՞լ է իր առջեւ, թե՞ ոչ։ Խորհրդարանը Աղվան Հովսեփյանից այդ ընթացքում անգամ չփորձեց պարզաբանում ստանալ ուղղորդող այնպիսի հարցերի կապակցությամբ, թե, ի վերջո, ինչքա՞ն ժամանակ է պետք ապացուցելու համար այդ մարդկանց մեղավորությունը, ինչքա՞ն ժամանակ են նրանք անազատության մեջ մնալու, եւ թե ինչու՞ 10 ամիս պահանջվեց, որպեսզի «Յոթի գործը» վերջապես ուղարկվի դատաքննության։ Խնդիրն այն է, որ այսպիսի անտարբերությունը նախադեպային կարող է դառնալ։

Այլեւս չի կարելի բացառել, որ ցանկացած շարժառիթից ելնելով` առանց որեւէ կոնկրետ մեղադրանքի, զուտ քաղաքական հաշվեհարդարի համար դատախազը խորհրդարան մտնի ներկայիս պատգամավորներից յուրաքանչյուրին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ՝ համոզված լինելով, որ իր կայացրած որոշման, պատգամավորների ճակատագրի նկատմամբ խորհրդարանը, միեւնույն է, հետեւողականություն եւ պահանջկոտություն չի ցուցաբերելու։ Եվ ահա կալանավորված պատգամավորները Աժ նախագահին ուղղված իրենց հայտարարությամբ ու պաշտոնական նամակով խորհրդարանի ուշադրությունն են սեւեռում այս հարցերի վրա՝ անուղղակի պահանջելով տեր կանգնել սեփական որոշմանը եւ ստիպել դատախազությանը, ընդհանրապես իշխանության մյուս ճյուղերին՝ հարգանքով վերաբերվել խորհրդարանին։ Եթե խնդրին այս տեսանկյունից ենք մոտենում, ապա ԱԺ նախագահը ոչ թե պետք է սպասեր կալանավորված պատգամավորների նամակին կամ դրա քարոզչական ազդեցությունը «ջրելու» համար նրանց մոտ մարդ ուղարկեր, այլ սեփական նախաձեռնությամբ, ընդ որում` դեռ մի քանի ամիս առաջ, «հաշիվ» պահանջեր դատախազից։

Դա նրան մի կողմից հնարավորություն կտար իշխանությանը «Յոթի գործում» ավելի չեզոք ներկայացնել, մյուս կողմից՝ կատարել իր խոստումը՝ կապված Աժ դերն ու հեղինակությունը բարձրացնելու մտադրության հետ։ Սակայն նման քայլի գնալու համար ԱԺ նախագահին անհրաժեշտ է «անկախ խաղացող» լինել, որը երբեք հատուկ չի եղել նախկինում միշտ գործադիր ֆունկցիաներ կատարած, բնույթով վարչարար Հովիկ Աբրահամյանին։ Եվ պարզ էր հենց սկզբից, որ պատգամավորների պահանջին պատասխանելու, այսինքն` դրա «տակից դուրս գալու» համար վերջինս պետք է օգտագործեր Քր. օր.-ի 225 եւ 300 հոդվածները փոփոխելու հեռանկարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter