HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիիում ցուրտ ու մութ տարիներին սղոցումից փրկված ծառերը հատվում են այսօր

«Ես հիմա չեմ կարող ասել, թե 2008 թ. հողահատկացման դիմաց որքան գումար է մուտք եղել համայնքային բյուջե, սակայն վերջին 6-7 տարիների ընթացքում 50 մլրդ դրամի ներդրում է եղել մասնավոր շինարարության վրա»,- տեղեկացրեց Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը: Գյումրիի քաղաքապետը բազմիցս հայտարարել է, որ երկրաշարժից հետո կառուցապատվող քաղաքի համար սա լավ ցուցանիշ է:

Սակայն, ոչ մի անգամ չի բարձրաձայնվել, թե սպասարկման օբյեկտների շինարարության համար տրամադրվող տարածքներում որքա՞ն ծառ է հատվում, ի՞նչ տարածքներ են անապատանում «քարե օբյեկտների» հաշվին, եւ ի՞նչ ցուցանիշ է գրանցվել այդ առումով: Քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը պնդում է, որ Գյումրին իր զարգացման ներկա տեմպերով չի կարող կրկնել 20 տարի առաջ գոյություն ունեցածը: «Գլոբալ քաղաքաշինական խնդիրներից ելնելով, նաեւ հաշվի առնելով քաղաքի նոր քարտեզագրումը` կատարվում է կառուցապատում եւ, բնականաբար, պիտի լինեն նաեւ հակասություններ,- պարզաբանում է Լ. Աղեկայնը,- երկրաշարժից հետո մարդիկ տնակներին կից բանջարանոցներ են ստեղծել, ծառ են տնկել: Այդ տարածքները տնակներից ազատելուց հետո կառուցապատողը, բնականաբար, պիտի էդ ծառն ու ծաղիկն էլ կտրի-մաքրի»: Սակայն ծառահատումներ կատարվում են նաեւ այնպիսի վայրերում, որտեղ հաստաբուն ծառերի վրա բնակիչները ձեռք բարձրացնել չհամարձակվեցին անգամ ցուրտ ու մութ տարիներին: Գրեթե բոլոր դեպքերում ծառահատումները կատարվում են քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի թույլտվությամբ:

Օրինակ` Արագած փողոցում հունվարի 27-ի երեկոյան, երկհարկանի նորակառույց խանութների հարեւանությամբ գտնվող ծառերի հատումը քաղաքապետարանում արդարացրեցին նույն գլխավոր հատակագծով, թեեւ այդտեղ նախկինում պուրակ է եղել:

Հաղթանակի այգում եւս ծառեր են կտրվել, եւ միայն անցած տարի դրանց տեղում երեք մեծ տաղավար է տեղադրվել: Ի պատասխան հասարակական կազմակերպությունների բարձրացրած բողոքի` քաղաքապետը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր հատված ծառի դիմաց խանութների տերերը պետք է տնկեն 5 ծառ եւ խնամեն:

Քաղաքապետարանի լրատվության բաժնի ղեկավարը նույնպես հաստատեց դա` նշելով, որ կա ավագանու համապատասխան որոշում: Երկրաֆիզիկայի եւ ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոլան Գասպարյանը ավագանու հիշյալ որոշումը համարում է անհեթեթ, մանավանդ որ հնարավորություն չկա հետեւելու, թե ինչպես է այն իրագործվում: Նրա կարծիքով` անհեթեթություն է քաղաքի կենտրոնը զրկել կանաչ տարածքներից` քաղաքից դուրս ինչ-որ հատվածներում ծառատունկ կատարելու պայմանով:

«Ես այդ որոշման մեջ ոչ մի լոգիկա չեմ տեսնում: Կամայականությունները հիմնավորելու շատ խղճուկ փորձեր են դրանք,- ասում է Ռոլան Գասպարյանը,- Գյումրիի կենտրոնը քանի գնում զրկվում է կանաչապատ տարածքներից կառուցվող օբյեկտների հաշվին: Եվ ցանկացած հատում պիտի լուրջ հիմնավորում ունենա: Ավագանու որոշումը, թե մի ծառ կտրողը պիտի 5-ը տնկի.....ես այստեղ ոչ մի լուրջ հիմնավորում չեմ տեսնում: Գյումրիում օդի աղտոտվածությունը, օդում փոշու առկայությունը 5-6 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Տեսեք` ամեն տարի մեր քաղաքի մասնագետները հայտարարում են, թե էսքան գումարի ծառատունկ ենք անում, որտե՞ղ, քաղաքից դու՞րս, բայց ախր կանաչ տարածքները ոչնչացնում են քաղաքի կենտրոնում»,- հայտնեց պրն Գասպարյանը:

Գյումրիի Պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության եւ երկրաբնապահպանության ամբիոնի վարիչ Լեւոն Մարտիրոսյանի կարծիքով` համատարած խանութապատման տենդենցը, որ առկա է Գյումրիում, չպիտի լինի կանաչ տարածքների վերացման հաշվին:

«Խորենացի փողոցի փոքր պուրակը, օրինակ, կարելի էր զարգացնել, դարձնել մեծ կանաչապատ տարածք, ոչ թե ամեն մի քառակուսին վերածել խանութի, դա իմ կարծիքն է, ես գտնում եմ, որ ավագանին իր որոշումները կայացնելիս պիտի նախ մտածի, թե որքանով է այն բխում քաղաքում ապրողների շահերից»:

2007 թ. հոկտեմբերի 26-ին, օրը ցերեկով, հատվեցին Գյումրիի Ակախության հրապարակի եղեւնիները: 2007 թ. հոկտեմբերի 22-ի ավագանու նիստին բնակկոմունալ բաժնի պետ Գրքիկյանի առաջարկն է եղել կտրել իբրեւ թե հրապարակի տեսքը խաթարող 7 եղեւնիները: Ավագանու նիստին մասնակից ավագանու անդամներից 7-ը կողմ են քվեարկել որոշմանը, միայն Կարապետ Ներսիսյանն է ձեռնպահ մնացել, որեւէ մեկը դեմ չի արտահայտվել:

Չգիտես ինչու` 35-40 տարեկան եղեւնիները չափազանց ծեր են երեւացել Գրքիկյանի աչքին: Ավագանու նույն այդ նիստում ընդունվել է նաեւ մեկ այլ որոշում, համաձայն որի` 2008 թ. գարնանը կտրված եղեւնիների փոխարեն քաղաքապետարանի բնակկոմունալ բաժինը պարտավոր է տնկել երիտասարդ ակացիաներ: 2009 թ. հունվար ամսվա դրությամբ` ավագանու այդ որոշումը դեռեւս տեսանելի չէ բնակիչների համար: Քաղաքում գործող բնապահպանական եւ ոչ բնապահպանական հասարակական կազմակերպություններն էլ որեւէ լծակ չունեն վերահսկողություն իրականացնելու` բացի բարձրաձայնելուց, այն էլ` երբ կատարվածն արդեն հնարավոր չէ ուղղել:

«Բիոսոֆիա» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ միակ ճանապարհը դատարան դիմելն է:

«Բայց դա էլ ելք չէ մեր դեպքում, որովհետեւ նախ` էդպիսի նախադեպ չունենք, հետո` որ խանութպանին ուզում ես մոտեցիր` ինքը քեզ քաղաքապետարանի թույլտվությունը ցույց կտա,- ասում է Գեւորգ Պետրոսյանը,- ու որքան գիտեմ` ավագանու որոշում էլ գոյություն ունի, համենայդեպս ասում են, որ այդպիսի որոշում կա, որ յուրաքանչյուր կտրված ծառի փոխարեն խանութի տերը պիտի 5 ծառ տնկի, թե որտեղ` պարզ չէ: Մեր մոտ օրենսդրական դաշտն էլ այդ առումով անկատար է, դատարաններն էլ փորձ չունեն, մնում է, որ հասարակական կազմակերպություններն ավելի ակտիվ գտնվեն, եւ դեպքերը կանխվեն, նաեւ` լինի որոշակի վերահսկողություն: Ավագանին ճիշտ է, որոշում ընդունում է, բայց արդյո՞ք այն միշտ է բխում հասարակության շահերից, եւ արդյո՞ք միշտ են շահերից բխող որոշումներն ի կատար ածվում»:

2008 թ. օգոստոսին «Գյումրու շրջակա միջավայրի պահպանության հասարակական կոալիցիա» կազմակերպությունը դիմել էր Գյումրիի քաղաքապետին եւ ավագանուն քաղաքի ողջ տարածքի գոտիավորման նախագիծ ունենալու առաջարկով, որի համար 2009 թ. բյուջեում պիտի 80 մլն դրամ առանձնացվեր:

«Քաղաքի հատակագիծը ճիշտ է, համարվում է գլխավոր քաղաքաշինական փաստաթուղթ, սակայն առանց գոտիավորման նախագծի` նույն այդ հատակագիծը ոչինչ չարժե,- պարզաբանում է նախագծի հեղինակներից մեկը` «Բիոսոֆիա» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Պետրոսյանը,- եթե կա գլխավոր հատակագիծ ու գոտիավորման նախագծեր, ապա հողահատկացումներն իրականացվում են ըստ դրանց պահանջների»: Կազմակերպության ներկայացրած այս մի նախագիծը քաղաքապետարանը մերժել էր` պատճառաբանելով, թե առաջարկությունները ոչ նպատակահարմար, ոչ էլ բավարար հիմնավորված են համայնքի բյուջեից 80 մլն դրամ հատկացնելու համար:

Սակայն, քաղաքապետի առաջարկով 2009 թ. բյուջեում առաջարկ է եղել ողջամիտ գումար սահմանել «Գյումրի քաղաքի ամբողջ տարածքի գոտիավորման նախագծի» կազմման աշխատանքների համար, որոնք նպատակահարմար է իրականացնել քաղաքապետարանի մասնագետների ուժերով:

Կոալիցիայի լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը մերժումը բացատրում է այս կերպ. «Պարզապես նրանց պետք չէ որեւէ մեկի վերահսկողությունը: Թափանցիկ աշխատելաոճ, որեւէ մեկին հաշվետու լինել, հասկանալի է, որ քաղաքապետին դա ձեռնտու չէ»: Անցյալ տարի կանաչապատման նպատակով Գյումրի քաղաքի բյուջեում նախատեսվել էր 16 մլն դրամ: Գումարը հատկացվում է քաղաքի կանաչապատման եւ ՀԿ-ների հետ համատեղ բակերի կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար: Դա նախատեսվել էր Գյումրի քաղաքի 2007 թ. եւ 2008 թ. բյուջեներով, որոնք հաստատվել են ավագանու որոշումներով եւ տեղական մակարդակում իրականացնելու համար պարտադիր են:

«Չնայած ավագանու որոշմամբ հաստատված այս դրույթների` Գյումրու ՀԿ-ներն այդպես էլ չեն կարողանում ներգրավվել դրանց իրականացման աշխատանքներում,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,- մենք էլ առաջարկեցինք 16 մլն-ից 2 մլն դրամ դրամաշնորհի կարգով տրամադրել որեւէ բնապահպանական ՀԿ-ի ու տեսնել, թե իրենք են ավելի շատ գործ անում 14 մլն-ով, թե մենք` 2 մլն-ով: Ես համագործակցությունը դա եմ հասկանում` հավասար հիմունքներով, իսկ մեզ առաջարկում են մասնակցել մրցույթի, որի իրավունքը չունենք որպես ՀԿ»: Քաղաքապետարանի լրատվության բաժնի ղեկավար Լիլիթ Աղեկյանը տեղյակ էր ե՛ւ առաջարկից, ե՛ւ մերժումից:

«Քաղաքապետը եւ ավագանին քննարկել են այդ առաջարկը ու առաջարկել են տենդերի մասնակցել: Մենք դրամաշնորհատու կառույց չենք: Հո հիմա՞ր չենք, հասկանում ենք, որ դա գումար պոկելու ձեւ է: Օրինակ` անցյալ տարի մենք առաջարկեցինք «Սրբազան հող» կազմակերպությանը, որպեսզի մեզ հետ միասին ծառատունկի մասնակցի Մուշ-2 թաղամասի մերձակա տարածքում: Ասեմ, որ բացի նրանցից Գյումրիի ուսանողական խորհրդի անդամներն էլ մասնակցեցին: Շատ լավ անցավ, ահա ձեզ համագործակցության օրինակ, մենք նկարել ենք, «Քաղաքապետարանի լրատու»-ով էլ ցույց ենք տվել: Ի՞նչ է, պարտադիր փող պիտի տա՞նք, որ գան մասնակցեն»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter