Վտանգվել է հայկական դպրոցների հայեցիությունը
2008 թվականին Սամցխե-Ջավախքի կրթության բնագավառում իրագործվել են որոշ արդյունավետ ծրագրեր, որոնցից մեկն էլ Վրաստանի կրթության նախարարության կողմից տարածաշրջանի հայկական հանրակրթական դպրոցների բարեկարգմանն ուղղված գործընթացներն էին:
Ինչպես տեղեկացնում է Ա-ինֆո գործակալությունը, խոսքը հիմնականում վերաբերում է նախարարության աջակցությամբ և տեղի շրջանային վարչության ջանքերով Ախալքալաքի թիվ 1, 4 և 5 դպրոցներում տարված վերանորոգման աշխատանքներին, որոնք ակնհայտորեն ապահովել են շոշափելի արդյունք:
Հատկապես այդ դպրոցների աշակերտներն իրենց գոհունակությունն են հայտնում «եվրո» հարդարմամբ կրթօջախներ «պարգևելու» համար` չմոռանալով շնորհակալություն հայտնել վերանորոգման նախաձեռնող կողմերին:
Սակայն, ասվածի հետ մեկտեղ պետք է մեկ անգամ ևս շեշտել և հիշատակել այն բացթողումներն ու անուշադրության մատնված խնդիրները, որոնք մեկ անգամ չէ, որ տեղական տարբեր կառույցների կողմից բարձրաձայնել են:
Օրինակ` հայոց պատմության դասաժամերի վերստին ընդգրկումն ուսումնական ծրագրում կամ Վրաստանի հայկական դպրոցների համար նախատեսված դասագրքերում` հայ ժողովրդի պատմության հայտնի փաստերի աղավաղման դեպքերին վերջ տալը:
Այժմ էլ տեղի հանրակրթական դպրոցներում պահանջվում է աշակերտական օրագրերում վրացերենով գրառումներ կատարել, որը դեռևս պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում:
«Այժմ էլ լուրեր են պտտվում, իբր` տարածաշրջանի հայկական հանրակրթական դպրոցներում որոշ առարկաներ վրացերենով են տարվելու, օրինակ` աշխարհագրությունը, պատմությունը:
Եվ եթե այսպես լինի, ապա այդ դպրոցները հայկական համարել այլևս «անհարմար» կլինի, և վրացական կողմը ստիպված` տվյալ հաստատության վերանվանման մասին պետք է մտածի»,- հայտնում է Ա-ինֆո գործակալությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել