HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Բջնի» հանքային ջրերի գործարանի աշխատակիցների դիմումի վերաբերյալ այսօր դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանին: Նամակում ասված է. ««Բջնի» հանքային ջրերի գործարան` փակ բաժնետիրական ընկերության թվով 483 /չորս հարյուր ութսուներեք/ աշխատակիցները և ընկերության փաստաբանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով և դրան կից ներկայացված տեղեկանքով հայտնել են, որ ՀՀ վարչական դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն «Բջնի» հանքային ջրերի գործարան` ՓԲԸ-ից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձել 4.067.201.600 ՀՀ դրամ: ՀՀ հարկային պետական ծառայությունը /այժմ ՀՀ պետական եկամուտների կոմիտե/ համապատասխան կատարողական թերթ է ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն: ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը, չունենալով հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին համապատասխան որոշում, 23.10.2008թ. բազմաթիվ հարկադիր կատարողների և սև, առանց տարբերանշանի համազգեստներով դիմակավորված անձանց հետ ներխուժել են  «Բջնի» հանքային ջրերի գործարան` ՓԲ ընկերության Երևանում գտնվող պահեստ և Չարենցավանում գտնվող գործարան` կապարակնքելով տարածքներն ու առգրավելով Ընկերության տրանսպորտային միջոցները: Այս ամենի հետևանքով իրենք հարկադիր պարապուրդի են մատնվել, որի հետևանքով խախտվում են իրենց իրավունքները: Վերոգրյալի կապակցությամբ հարցում է կատարվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին և առաջարկվել պարզաբանում ներկայացնել առ այն, թե արդյոք եղել է հարկադիր կատարողների խումբ ստեղծելու վերաբերյալ որոշում, ովքեր են եղել դիմակավորված անձինք: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը 20.11.2008թ. թիվ Եվ 2555 գրությամբ հայտնել է, որ ղեկավարվելով «ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին ՀՀ օրենքի 21 հոդվածի 3-րդ մասով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 23.10.08թ. թիվ 899 հրամանով ստեղծվել է հարկադիր կատարողների աշխատանքային խումբ, սակայն չի անդրադարձել այն հարցին, թե ովքեր են եղել դիմակավորված անձինք: Գլխավոր հարկադիր կատարողի կողմից ներկայացված պատասխանի ուսումնասիրության արդյունքում առարկություն է ներկայացվել վերջինիս` հայտնելով այն տեսակետը, որ տվյալ դեպքում անհրաժեշտ էր ղեկավարվել «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն. «Բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետը»: «ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն. «Գլխավոր հարկադիր կատարողը» ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ»: Քանի որ «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը կոնկրետ անդրադառնում է բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար հարկադիր կատարողների խումբ ստեղծելուն, ապա գտնում եմ, որ «ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն այս դեպքում կիրառելի չէ: Միաժամանակ, նկատի ունենալով, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հարկադիր կատարողը ծառայողական պարտականությունները կատարելիդ կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագրերը, ինչպես նաև դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը», առաջարկվել է մեկ անգամ ևս տալ պարզաբանում, թե ովքեր են եղել դիմակավորված անձինք, ինչպես նաև հայտնել, թե տվյալ դեպքում արդյոք կիրառելի էր «ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 3-րդ մասը: Նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը 09.01.2009թ. թիվ Եվ 06 գրությամբ չի անդրադարձել իմ 23.12.2008թ. նամակում բարձրացված հարցերին` ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ հայտնել Ձեր տեսակետը վերոնշյալի կապակցությամբ, ինչպես նաև հայտնել, թե ովքեր են եղել դիմակավորված անձինք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter