HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նա անտրտունջ ապրում է իր բաժին կյանքը

38-ամյա Սասունի զբաղմունքը հիմնականում հեռուստացույց դիտելն է եւ եղբոր երկու փոքրիկ երեխաների հետ շփվելը: «Լավ է եղբորս ընտանիքն էլ կա`օրս անցնում է»,- խոստովանում է Սասունը: Նրա հետ խոսելիս երբեք ոչ մի դժգոհություն չես լսի: «Դժգոհելու ոչինչ չունեմ, այսպես է ստացվել` ինչ անենք, ճակատագիր է, միայն թե էլ պատերազմ չլինի: Ես հիմա ոչ մեկի ոչ օգնող եմ, ոչ էլ` խանգարող, հարմարված ապրում եմ իմ բաժին կյանքը»,-ասում է նա:

Արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ Սասուն Ալեքսանյանը Ղարաբաղի կառավարության կողմից իրականացվող նոր ծրագրի մասնակիցներից է: 1-ին կարգի մի շարք հաշմանդամների պես նա 2008-ի սեպտեմբերին ձեռքի կառավարմամբ մեքենա է ստացել եւ այժմ գյուղում ապրող ծնողներին հենց այդ մեքենայով է այցելում: Սասունը ծնվել ու մեծացել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն գյուղում:

Գյուղի դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: 1989-ին զորակոչվել է խորհրդային բանակ, սակայն երկու ամիս անց, երբ արդեն սկսվել էր Արցախյան շարժումը, վերադարձել է հայրենի գյուղ եւ, ընդգրկվելով Բերդաձորի ինքնապաշտպանական ջոկատում, սկսել է պաշտպանել գյուղը: 1991-ին, երբ գյուղի ողջ բնակչությունը բռնի տեղահանվեց ադրբեջանցիների կողմից, Սասունի ծնողներն ու հարազատները ժամանակավոր տեղափոխվեցին Ստեփանակերտ: Այնուհետեւ սկսվեցին մարտական թեժ գործողությունները: 

Սասունը մասնակցել է Շուշիի եւ Լաչինի միջանցքի ազատագրմանը, Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերի պաշտպանության համար մղված մարտերին, ինչպես նաեւ Քելբաջարի, Ղուբաթլուի ազատագրմանը: Ղուբաթլուի Բաշարաթ վայրում տեղի ունեցած թեժ մարտերից հետո, երբ փոքրիկ դադար էր եւ ժամանակ էր տրված խաղաղ բնակիչների դուրս բերման համար, հակառակորդի կողմից արձակված ականանետի  արկից էլ ծանր վիրավորվեց Սասունը` ստանալով ողնուղեղի վնասվածք, իսկ իր կողքին գտնվող մարտական ընկերը մահացավ:

«Միայն հիշում եմ, որ Հադրութի հոսպիտալում բժիշկն ասաց` Սասունը չի ապրի: Այնուհետեւ ինձ ուղղաթիռով տեղափոխեցին Երեւան, որտեղ ես մի քանի վիրահատություն տարա, բուժումներ անցա»,- պատմում է նա: Երեւանում եւ Մոսկվայում տարած վիրահատությունների եւ բուժումների արդյունքում, սակայն, քայլելու հնարավորություն այդպես էլ չունեցավ Սասունը: Այժմ տեղաշարժվելու միակ միջոցը սայլակն է, որն օգտագործում է եղբոր օգնությամբ: Սասունը եղբոր ընտանիքի հետ ապրում է Շուշի քաղաքում, երեք սենյականոց բնակարանում:

«Մինչեւ պատերազմը հայրս ուզում էր ինձ համար մեքենա գնել, իսկ ես անընդհատ պնդում էի, որ քաղաքում տուն գներ»,- հիշում է Սասունը: Նա 2007-ին կառավարության կողմից 1 սենյականոց բնակարան է ստացել Ստեփանակերտի Թումանյան փողոցի նորակառույց շենքից:

Բայց այդ բնակարանում չի ապրում, քանի որ մենակ ապրելու համար այդ, ինչպես եւ Ստեփանակերտի մյուս շենքերում հաշմանդամների համար համապատասխան պայմաններ չկան: Սասունը որպես առաջին կարգի հաշմանդամ 60 հազար դրամ թոշակ է ստանում, տոն օրերին նրան տրամադրում են նաեւ միանվագ դրամական օգնություն:

«Ոչ մի բանի կարիք չունեմ, Աստված պահի ծնողներիս ու հարազատներիս, ինչով կարողանում` օգնում են»,- ասում է Սասունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter