Նոյեմբերյանի քաղաքապետը բյուջետային պարտքերը մարելու համար կրճատումներ է անում
Նոյեմբերյան քաղաքում ֆինանսական ճգնաժամ է, սակայն այն կապ չունի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: 2008 թ. հոկտեմբերի 19-ի ընտրությունների արդյունքում քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանին փոխարինեց նրա հեռավոր ազգականը` Վանուշ Ամիրաղյանը, ով այս պաշտոնը զբաղեցրել էր նաեւ 2002-2005 թվականներին:
Նոր քաղաքապետը նոյեմբերի 1-ին անցավ իր պարտականությունների կատարմանը: Նա իր նախորդից լավ ժառանգություն չէր ստացել: Քաղաքապետարանի ընդհանուր պարտքը 13 մլն 62 հազար դրամ էր, որի գերակշիռ մասը կազմում էր քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատավարձի 2 ամսվա պարտքը` 9 մլն 404 հազար դրամ, նաեւ այդ աշխատողների սոցիալական ապահովագրության գումարների պարտքը` 2 մլն 599 հազար դրամ, ժամանակին չվճարված աշխատավարձերի համար սոցապ հիմնադրամին վճարելիք տուգանքները` 1 մլն 57 հազար դրամ: Քաղաքային գերեզմանատուն տանող ճանապարհի հենապատի հիմնանորոգման 10 մլն արժողությամբ ծրագրում համայնքը 1,5 մլն դրամ ներդրում պետք է կատարեր, սակայն այդ գումարից պարտք էր մնացել 1 մլն 268 հազար դրամ: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի հավաստմամբ` նշված գումարից 900 հազարը քաղաքապետարանն արդեն փոխանցել է շինարարական աշխատանքներն իրականացրած «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ին` դեռեւս պարտք մնալով 600 հազար դրամ: Քաղաքապետարանը կարողացել է ժամանակին վճարել 2008 թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների աշխատավարձը: Բացի այդ, աշխատավարձի պարտքից մարվել է 2 մլն 123 հազար դրամ, այսինքն` վճարվել է քաղաքապետարանի եւ քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Բարետես» ՓԲԸ-ի աշխատակազմի մի մասի, մշակույթի տան, գեղարվեստի դպրոցի, քաղաքային եւ մանկական գրադարանների աշխատակիցների 2008 թ. սեպտեմբերի աշխատավարձը: Մարվել է քաղաքապետարանին ենթակա հիմնարկությունների 2008 թ. սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների սոցվճարների պարտքը` 1 մլն 314 հազար դրամ: Այս վճարումը հրատապ խնդիր էր` հետագա տուգանքներից խուսափելու համար: Դեռեւս վճարված չէ Սոցիալական ապահովությասն հիմնադրամի 1 մլն 57 հազար դրամ տուգանքը եւ նրան ունեցած պարտքը` 1 մլն 255 հազար դրամ: Աշխատավարձի պարտքը նվազելով` տարեսկզբին 7 մլն 252 հազար դրամ էր: Տարեվերջին, սովորաբար, տեղական հարկերի եւ տուրքերի գանձման առաջընթաց է լինում: Կառավարության որոշմամբ` գույքահարկի վճարման վերջնաժամկետը օգոստոս ամսից երկարաձգվեց մինչեւ տարեվերջ, ինչի արդյունքում տարեվերջին գույքահարկի գծով մուծումներն ավելացան: Սակայն, դա չէր կարող փոխել ստեղծված բարդ վիճակը: Համայնքի նոր ղեկավարը դեռեւս 2008 թ.-ի դեկտեմբերի 2-ի ավագանու նիստում հայտարարեց, որ քաղաքապետարանի ենթակա հիմնարկների աշխատակազմը ուռճացված է, եւ կրճատումներ են լինելու: Երկու ամիս առաջ աշխատանքից ազատվելու վերաբերյալ զգուշացում է ստացել քաղաքային գրադարանի 9 գրադարանավարներից 2-ը: «9 գրադարանավարներով 9 հատ գիրք էին տալիս»,- գույները խտացնելով` ասում է քաղաքապետը: Քաղաքային մշակույթի տան աշխատակազմը կիսվել է. կրճատվել են 2 ռեժիսոր եւ խմբավար, գեղարվեստի դպրոցից եւս խմբավար է կրճատվել, քաղաքային մանկապարտեզներից` անգլերենի ուսուցիչ, բուժքույր եւ դերձակ: Ընդհանուր թվով` 9 հաստիք: 2008 թ. Վանուշ Ամիրաղյանը խոստացել էր քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատակազմը 127-ից հասցնել 105-ի: Այդքան աշխատող կար 2005 թ.-ին, երբ ինքը քաղաքապետ էր: «9-ը կրճատվեց, եւս 13-ին ե՞րբ եք կրճատելու»,- քաղաքապետին հիշեցրինք իր խոստումը: «Հեշտ չէ այդքան մարդու միանգամից աշխատանքից ազատելը, գործընթացը աստիճանաբար պիտի արվի, բայց դա անխուսափելի է, քանի որ մեր բյուջեն սուղ է»,- ի պատասխան` հայտնեց քաղաքապետը: Ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար քաղաքապետը հարկադրված այլ, ավելի ինքնատիպ միջոց է մտածել: Ընտրվելուց հետո նա քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատակիցներին հայտնեց, որ բոլորը պարտավոր են իրենց հաշվին մեկ ամիս արձակուրդ գնալ: Այս տխուր լուրը քաղաքային մշակույթի տան դահլիճում դժգհություն առաջացրեց: Սակայն, ոչ մեկը չհամարձակվեց բողոքել «կամավոր-պարտադիր» որոշման դեմ, քանզի ոչ ոք չէր ուզում աշխատանքը կորցնել: «Իսկ դուք ձեր հաշվին արձակուրդ գնացի՞ք»,- հարցրինք քաղաքապետին: «Ոչ: Դա վերաբերում է նախկին աշխատողներին, որոնց պատճառով են պարտքերն առաջացել, հիմա նոր ընդունվածներին ինչպե՞ս արձակուրդի ուղարկեմ»: Գրող, ռեժիսոր Սամվել Բեգլարյանը, ով, իր խոստովանությամբ, Վանուշ Ամիրաղյանին է ընտրել, համամիտ չէ նրա գործելաոճի հետ: «Այսօր ինչո՞վ է մեղավոր մշակույթի բնագավառը, մեր քաղաքում ամենատուժած, ամենաանպաշտպան ոլորտը: Այս ոլորտի կամ քաղաքապետարանի աշխատողները բոլորովին մեղավոր չեն, սակայն ստիպված իրենց հաշվին արձակուրդ են գնում»,- ասում է Սամվել Բեգլարյանը` կողմ լինելով, որ ֆինանսական անմխիթար վիճակի պատասխանու անձինք պատժվեն: Անգլերենի ուսուցչուհի Լուսյա Ղարախանյանը, ով եւս Վանուշ Ամիրաղյանի կողմնակիցներից է, համոզված է, որ նախկինում քաղաքապետարանի աշխատակազմը ուռճացված էր, եւ կրճատումները տեղին են: Սակայն նա նաեւ դժգոհություններ է լսել աշխատող ծնողներից, ովքեր մանկապարտեզի ողջ աշխատակազմի «կամավոր-պարտադիր» արձակուրդ գնալու, այսինքն` նախադպրոցական հիմնարկության մեկամսյա անգործության հետեւանքով հարկադրված եղան երեխաներին տանը պահել: Ճգնաժամը ստիպեց տնտեսում անել նույնիսկ այնտեղ, ուր երբեք չէր արվել: 2009 թ.-ի տարեմուտին քաղաքային մշակույթի տանը այդպես էլ Ամանորի ավանդական հանդես չկայացավ, որովհետեւ մշակույթի օջախի կոլեկտիվը հենց դեկտեմբերին էր գտնվում չվճարվող արձակուրդում: Տարեմուտը, վերստին հակառակ ավանդույթի, Նոյեմբերյանում այս անգամ առանց համաքաղաքային միջոցառման անցավ. տոնական հանդեսի համար գումար չկար: Նոյեմբերյան քաղաքի 2009 թ. բյուջեն նախորդ տարիներից շուրջ 30 մլն-ով պակաս է: Սակայն դրա հավաքագրումն էլ հույս չի ներշնչում: «Այս տարի փաստացի ակնկալում ենք հավաքագրել մինչեւ 94 մլն դրամ: Սեփական եկամուտները չենք կարողանալու ամբողջությամբ գանձել: Միայն աշխատավարձի գծով գումարը կազմում է 72 մլն, բյուջեի 80 տոկոսը ծախսվում է քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներին աշխատավարձ վճարելու համար»,- ասում է համայնքի ղեկավարը: Վանուշ Ամիրաղյանի համար սա անթույլատրելի: Ըստ նրա` 2010 թ.-ին կրճատումների շնորհիվ համայնքի բյուջեի կեսը կծախսվի աշխատավարձի, մնացածը` համայնքային խնդիրների լուծման նպատակով: Քաղաքապետը խոստանում է վերացնել աշխատողների` տարիներով արձակուրդ չգնալու պրակտիկան, որի հետեւանքով հիմա ստիպված են կուտակված արձակուրդների գումարները աշխատանքից կրճատվածներին ավելի բարձր վերջնահաշվարկով վճարել: Սակայն ֆինանսական ճգնաժամը ամենեւին չի խանգարել, որ 2008 թ. դեկտեմբերի 2-ի ավագանու որոշմամբ 10 տոկոսով բարձրացվեն քաղաքապետարանի եւ ենթակա հիմնարկների աշխատողների աշխատավարձերը: Քաղաքապետի աշխատավարձն էլ 150 հազար դրամից դարձել է 180 հազար: Հավելումը գերազանցում է 10 տոկոսը, սակայն քաղաքապետ Վ. Ամիրաղյանն ասում է, որ այդ չափը համայնքի ավագանին է սահմանել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել