HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արհեստական լարվածություն

ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւից իշխանությունները կարծես թե գոհ են։ Նույն բանաձեւի վերաբերյալ ընդդիմությունն արդեն արտահայտել է իր դժգոհությունը։  Իշխանությունների գոհությունը կարելի է բացատրել «ձգձգենք, տեսնենք ինչ կլինի» տրամաբանությամբ։ Ընդդիմության դժգոհությունը՝ բանաձեւից «քաղբանտարկյալներ» ձեւակերպման եւ էլի մի քանի կարեւոր հարցերի դուրս մնալով։ Ընդհանուր առմամբ` եւ իշխանության գոհությունը, եւ ընդդիմության դժգոհությունը հիմնավորված չէ։

2008-ի մարտից հետո ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւերից այս վերջինը միակն է, որ էականորեն փոխում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Եթե անցած տարում հայաստանյան իրավիճակը բնութագրվել է մեկ՝ «լարված» բառով, ապա ԵԽԽՎ 1643 բանաձեւն արձանագրում է այդ լարվածության արհեստականությունը։ ԵԽԽՎ վերջին բանաձեւում անդրադարձ կա մի քանի կարեւոր խնդիրների. ա) մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության փաստահավաք խումբ, բ)  միայն ոստիկանների ցուցմունքներով հետապնդվողներ, գ) քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածների արժանահավատություն։

Այս կետերի համալիր դիտարկումը կարող է երեւակել իրավիճակի արհեստականությունը, եթե նաեւ հաշվի առնենք, որ առաջին եւ երրորդ կետերին զուգահեռ իշխանությունները փորձում են անցկացնել «Յոթի գործով» դատավարությունը։ Վեհաժողովը ողջունում է փաստահավաք խմբի ստեղծումը եւ ընդդիմության մասնակցությունն այս խմբի աշխատանքին։ Վեհաժողովը նաեւ հորդորում է ամեն կերպ աջակցել, ոչ մի կերպ չխոչընդոտել փաստահավաքի գործունեությանը։ Այսինքն՝ սպասելիքներ կան, որ փաստահավաք խմբի աշխատանքը պետք է օգնի «պարզաբանել մարտի 1-2-ի դեպքերին առնչված անձանց ձերբակալության, մեղադրանքների եւ դատապարտության հանգամանքները», ինչը նշանակում է, որ զուգահեռ դատավարություն անցկացնելը պարզապես անհեթեթություն է։ Անհեթեթությունն ավելի է խորանում ԵԽԽՎ-ին ԱԺ նախագահի տված խոստումների ֆոնի վրա, համաձայն որոնց պետք է փոփոխության ենթարկվեն Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածները, որոնցով մեղադրվում են յոթ քաղբանտարկյալները։ Վեհաժողովն այս նախաձեռնությունն էլ է ողջունում եւ հույս է հայտնում, որ ՀՀ ԱԺ-ն «Եվրոպական Խորհրդի համապատասխան մարմինների հետ միասին կմշակի բարեփոխումներ Հայաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում՝ լրացնելու իրավական բացթողումները»։ Վեհաժողովը նաեւ նշում է, որ, «ըստ Հայաստանի Սահմանադրության` օրենքում ցանկացած դրական փոփոխություն հետադարձ ուժ կունենա»։ Այս նշումով փաստվում է, որ ԱԺ նախագահի խոստումն ու ԵԽԽՎ-ի ակնկալիքը միանշանակ կերպով վերաբերում են Թոմաս Համարբերգի ասած՝ քաղաքական վենդետայի կասեցմանը։ Եթե անգամ չլիներ հայրենի արդարադատության նկատմամբ փորձով ապացուցված խոր անվստահությունը, այս զուգահեռները լիուլի բավարար են, որպեսզի «ամբաստանյալները» դատարանում ոտքի չկանգնեն, քանի որ այս իրավիճակում իսկական նախաքննությունը (փաստահավաք խումբ) եւ օրենսդրական նախաձեռնությունը (բարեփոխումներ) հաջորդելու են դատավարությանը։ Եթե փաստահավաք խմբի մասով այս անհեթեթությունն առկա էր անցած տարվա հոկտեմբերի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց փաստահավաքի ստեղծման իր որոշումը, ապա հոդվածների փոփոխության խոստում տալուց առաջ առնվազն պետք էր փոխել յոթի խափանման միջոցներն ու, ասենք, չբացակայելու ստորագրություն վերցնելով` նրանց ուղարկել տուն՝ ճշմարիտ դատավարությանը սպասելու։ Այսօր էլ ուշ չէ։ Դատավարությունն անվերջ ձգձգելու փոխարեն իշխանությունները կարող են գնալ այդ քայլին՝ գոնե ապացուցելու համար, որ խոստացված բարեփոխումներին զուգահեռ չեն շարունակում քաղաքական վենդետայի պրակտիկան։ Նշված պրակտիկայից հրաժարվելու համար անհրաժեշտ է նաեւ օր առաջ ազատ արձակել «միայն ոստիկանների ցուցմունքների վրա` առանց   հաստատող առարկայական ապացույցների» դատապարտված անձանց, քանի որ նրանց գործերը ոչ մի կապ չունեն ո'չ փաստահավաք խմբի գործունեության, ո'չ էլ փոփոխվելիք հոդվածների հետ։ Նրանց մասով էլ Վեհաժողովի բանաձեւում կա քաղաքական վենդետայի անթաքույց կասկած. «... զուտ ոստիկանների վկայությունների հիման վրա առաջադրված մեղադրանքներ(ը) կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ»։

Ավելի վառ կերպով հնարավոր չէր արձանագրել, որ դատախազության տվյալներով տասներկու, իսկ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի պնդմամբ երեսունինը դատապարտյալներ մինչ օրս շարունակում են մնալ պատանդի կարգավիճակում։ ԵԽԽՎ այս բանաձեւում առաջին անգամ ներումից եւ համաներումից բացի առաջարկվում է նաեւ մեղադրանքից հրաժարվելու տարբերակը՝ այն եւս դիտարկելով որպես «մարտի 1-2-ի դեպքերի պատճառով անազատության մեջ հայտնված եւ ոչ միտումնավոր բռնության գործողություններ իրականացրած անձանց» ազատ արձակելու միջոց։

Լարվածության արհեստականությունն ընդգծելով՝ ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին զրկում է «բարդ պրոցեսների» կամ «դատարանի անկախությանը միջամտելու» մասին հեքիաթներ պատմելու հնարավորությունից եւ հասկացնում, որ այս դեպքում ջանքի փոխարեն պահանջվում է կամք, եւ ուրիշ ոչինչ։

Օբյեկտիվ իրականության միջոցով չեզոքացվում է նաեւ «հաղթող-պարտվող» հակամարտությունը, ինչից ահավոր բարդութավորվում են Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter