Բողոքի ակցիա շուկայի սեփականատերերի դեմ
Գյումրիի կենտրոնական շուկայի անհատ ձեռներեցները դժգոհում են սեփականատերերի սահմանած «առասպելական» գներից:
Այսօր գործադուլ էին հայտարարել «Թերեզա-Գեւորգ» ՍՊԸ-ին պատկանող տարածքի մոտ 80 աշխատող՝ պահանջելով նվազեցնել տարածքի համար պահանջվող վարձավճարը : Ըստ բողոքավորների իրենք դեմ չեն աշխատել ՀԴՄ-ներով, ենթարկվել օրենքի բոլոր պահաջներին, եթե իհարկե երկրի օրենսդիրը մտածի նաեւ սեփականատերերին կարգի հրավիրելու մասին:
«Եթե էդքան փափագում են օրենքի երկրի դառնալ, թող սկսեն սեփականատերերից, թե վախենու՞մ են նրանց թանին թթու ասել, դե բոլորը խառոշի տղեք են , ինչպե՞ս կլինի նրանց խաթրին կպնել: Շուկայի տերերին էնպիսի արտոնություն են տվել, որ ով ինչ գին ուզում դնում է, իսկ դու պարտավոր ես եւ պետական հարկ ու տուրք մուծել, եւ սեփականատիրոջ քմհաճույքներին ենթարկվել: Էդ վարչապետին էդքան դժվա՞ր է գալ ու տեսնել Գյումրիի շուկաներում ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս են մեզ թալանում: Եթե վարչապետի քթի տակ ` ոսկու շուկայում է սեփականտերն իրեն էդպես լավ զգում ` պայման չստեղծած գումար է փախցնում, ապա հեռավոր Շիրակի մարզում ինչեր է կատարվում », - ասում էին բողոքավորները:
Նրանց հաշվարկներով ամսական ամենաքիչը 83 հազար դրամ են մուծում , մեկ քառակուսի մետրի համար սեփականտիրոջ սահմանած հարկը 8500 դրամ է, իսկ պետականը` 330 դրամ:
«Կոպիտ հաշվարկներով 15 հազար դրամի եկամուտ պիտի ունենանք, որ կարողանանք ծախսերը փակել, բայց հիմա 5 հազարից անգամ վախենում ենք խոսել: Մեր պահանջը հիմա կոնկրետ այն է, որ առաջվա պես վճարենք, ավելացված գումարը կոմպեսացվի, եթե մեր սեփականատերը գումարը չիջեցրեց մենք հարկային դաշտից դուրս ենք գալու »,- նախազգուշացնում էին առեւտրականները:
Ի դեպ , մի քանի ամիս առաջ, ՀԴՄ-ների պատճառով բարձրացած մեծ աղմուկի պահին , վերոհիշյալ տարածքի սեփականատերը առեւտրականներին խոստացել էր փոքր-ինչ իջեցնել տարածքի գումարը եթե նրանք անաղմուկ հարկային դաշտ մտնեն եւ իր վրա խոսակցություն չբերեն: Իսկ հարկային դաշտ մտնելուց հետո իր խոստումն անմիջապես մոռացել էր:
Տեղեկացնենք, որ այդ տարածքը պատկանում է Շիրակի մարզի օլիգարխներից մեկին, ով հայտնի է մարալիկցի Շոթա անվամբ: Այս կապակցությամբ վերջինիս պատկանող «Թերեզա-Գեւորգ» ՍՊԸ-ից մեզ պարզաբանեցին, որ «իրենք եւս հարկատու են եւ սահմանվածից էժան գին սահմանելը «աբսուրդ է»:
Բողոքավորները եղան քաղաքապետարանում, հանդիպեցին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, ով խորհուրդ տվեց համատարած լքել Շոթայի տարածքն ու տեղափոխվել կողքի սեփականատիրոջ մոտ, այսինքն այնպես անել, որ Շոթան ստիպված լինի զիջումների գնալ:
Քաղաքապետի այս առաջարկի հետ բողոքավորները համամիտ են , սակայն խնդիրն այն է, որ կողքի տարածքում միայն երեսուն կրպակ կա, բոլորին չի բավարարում: Բողոքավորները որոշել են չաշխատել այնքան ժամանակ, մինչեւ սեփականատերը «խելքը գլուխն հավաքի »: Չի բացառվում, որ նրանց միանան դիմացի տարածքի ` «Պինգվին » ՍՊԸ-ի առեւտրականները, որոնց ասելով իրենց վարձը հանրապետությունում ամենաթանկն է ` հասնում է 200-240 հազարի :Նրանց բնութագրելով Շոթայի պահանջած վարձը իրենց սեփականտիրոջ պահանջածի հետ համեմատ «փառք է »:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել