Վարչապետն ընդունել է «Ֆրանս Տելեկոմ»-ի գլխավոր տնօրենին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, «Գրանդ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն-բաժնետեր Արման Փինարբասին։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Ողջունելով «Ֆրանս Տելեկոմ»-ի մուտքը Հայաստան` վարչապետը նշել է, որ մեր երկրում վաղուց էր հասունացել հեռահաղորդակցման ոլորտում եւս մեկ լուրջ ընկերության գործունեության անհրաժեշտությունը։
Պարոն Բրունո Դյութուան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ կառավարությանը` միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ անցկացնելու, ինչպես նաեւ Հայաստանում գործարարության համար գործունեության բարենպաստ պայմանների ապահովման համար։ Ներկայացնելով հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը համարվող «Ֆրանս Տելեկոմի» գործունեությունը` պարոն Դյութուան նշել է, որ «Օրանժ Արմենիան» դեռեւս ձեւավորման փուլում է եւ մտադիր է նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչեւ տարեվերջ ու այդ ժամկետում սկսել գործունեությունը։ Նա տեղեկացրել է, որ 2009թ. ընթացքում ընկերությունը նախատեսում է եւս 70 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ներդրումներ կատարել` նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մարզերում` ընդգրկելով ազգաբնակչության հնարավորինս լայն շրջանակներ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ֆրանս Տելեկոմի» մուտքը հայաստանյան շուկա կարեւորել է մի քանի տեսանկյունից։ Ըստ նրա` նախ ավելանում է մրցակցությունը հեռահաղորդակցման ոլորտում, որի արդյունքում շահելու են սպառողները, ինչը նաեւ` դա նշանակում է նոր ներդրումներ ու նոր աշխատատեղեր։ Այդ հանգամանքը, կառավարության ղեկավարի խոսքով, առավել կարեւոր է ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Տիգրան Սարգսյանի համոզմամբ` «Օրանժ Արմենիան» իր հետ Հայաստան է բերելու նոր բիզնես մշակույթ։ Ըստ կառավարության ղեկավարի` ընկերության գործունեությունը, այդ ամենի արդյունքում, կնպաստի նաեւ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը հաջողություն է մաղթել «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)» ընկերությանը` մեր երկրում նրա գործունեության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել