Հանքավայրերը շահագործվում են առանց լիցենզիայի
Հայաստանում շահագործվում են այնպիսի հանքեր, որոնք լիցենզավորված չեն եւ գրանցված չեն քարտեզի վրա: Այսօր Կառավարությունում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հաշվետու զեկույցի ներկայացման ժամանակ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ լիցենզավորվում է մի հանք, իսկ շահագործվում է նաեւ մեկ ուրիշը: «Պետք է 2009թ լուծենք այս խնդիրը` համատեղ աշխատանք իրականացնելով հարկային տեսչության հետ»,-ասաց Տ.Սարգսյանը:
Նախարարն էլ իր հերթին ներկայացրեց ոլորտում առկա այլ խնդիրներ եւս: Նա ասաց, որ խնդիրներ ունեն պահպանվող տարածքների, ինչպես նաեւ տեսչական հզորացման հետ. «Պետք է տեսչությունը համալրել տեխնիկապես, որպեսզի կապ ստեղծվի տարբեր տարածքների հետ»,-ասաց Ա.Հարությունյանը:
Անդրադառնալով 2008թ` մատնանշվեցին մի շարք կատարված գործողություններ. 2008թ նախարարությունը շարունակել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը. 2008թ դեկտեմբերի 31-ի դրությամբ մակարդակը 1898,85մ է:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի առափնյա տարածքների վարձակալների ուժերով եւս 4.8 հա-ի վրա կատարվել են ջրածածկ տարածքների ծառերի ու թփերի մաքրման աշխատանքներ: Սեւանա լիճ բաց է թողնվել իշխանի մանրաձուկ, Արփա-Սեւան թունելով լիճ տեղափոխվող ջրաքանակն էլ կազմել է 192,5 մլն.խմ:
Իրականացվել են 13 արգելավայրերի եւ 4 դենդրոպարկերի սահմանների ճշգրտման եւ քարտեզագրման ծրագիր, հաստատվել է «Որդան Կարմիր» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը եւ տարածքի չափը:
Տրվել են կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման 11 լիցենզիա, սիրողական որսի 12 կտրոն, արտահանման եւ ներմուծման 273 թույլտվություն, բուսական աշխարհի օբյեկտների 1 ներմուծման եւ 6 արտահանման թույլտվություններ:
Տեսչական ստուգումներ են իրականացվել 1642 տնտեսվարող սուբյեկտներում, հայտնաբերվել են 1535 խախտումներ, որից 368-ը հայտնաբերվել են բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության ոլորտում:
Վարչապետը նախարարին ասաց, որ պետք է վերացնել Վերահսկիչ պալատի հայտնաբերած թերությունները: Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարության ոլորտում Վերահսկիչ պալատը հայտնաբերել են շուրջ 226 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ, որոնց մեծ մասը վերաբերում է անարդյունավետ ծախսերին:
Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումները վերացնելու քայլեր պետք է ձեռնարկի նաեւ Գյուղատնտեսության նախարարությունը: Այս մասին վարչապետը ասաց Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին. «Պետք է բացառել այսպիսի դրսեւորումներ 2009թ»: Գյուղատնտեսության ոլորտում կան նաեւ խնդիրներ կապված սննդի ոլորտի եւ չիրացված գյուղտեխնիկայի հետ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը մատնանշեց մեկ այլ խնդիր գյուղատնտեսության ոլորտում. «Պետք է մշակել չափորոշիչներ, որպեսզի մենք իմանանք, թե ումից պետք է ավելացված արժեքի հարկ գանձենք: Մենք նախարարության հետ ընդհանուր հայտարարի չենք եկել չափանիշների հարցում, որ կարողանանք պարզել օրինակ, թե որն է համարվում խոշոր, որը մանր եղջերավոր»:
Վարչապետը, անդրադառնալով հարկային քաղաքականությանը, ասաց. «Հանրությանը սխալ ազդակ եք տալիս, թե գյուղատնտեսությունը սկսվում է հարկվել, այնինչ օրենքը տարածվում է միայն խոշոր բիզնեսի վրա»:
Վարչապետը ասաց, որ գյուղատնտեսությունը 3 տարվա ընթացքում լինելու է առաջնային ճյուղերից մեկը.«Ճգնաժամը ստեղծում է պայմաններ, երբ կարելի է այս ոլորտում բեկումնային ծրագրեր իրականացնել, ինչին կնպաստի նաեւ պոտենցիալ ունեցող ոլորտներում մաքսային տուրքը վերանայվում է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել