
Ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նշանակվել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն: Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ կենտրոնն այսուհետ շատ հաճախ հանդես է գալու, ինչպես ներքաղաքական խնդիրներին, այնպես արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական, գործընթացներին վերաբերող, չեզոք զեկույցնեով և վերլուծություններով :
Կենտրոնը, ըստ նրա, արդեն հայտնի անուն ունի և որպես այդպիսին իր ձեռագիրը նորություն չի լինելու, սակայն իրենք փորձելու են էլ ավելի ակտիվացնել կենտրոնի գործունեությունը:
Հիշեցնենք, որ կենտրոնը 1994թ հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով` կենտրոնը պաշտոնապես որևէ կապ չունի կուսակցության հետ և իրենց հետազոտությունները լինելու են լիովին չեզոք:
Վերլուծաբանը միաժամանկ շեշտեց նաև, որ իրենք պատրաստ են ցանկացած քաղաքական ուժի տրամադրել քաղաքական խորհրդատվություն:
«Հայաստանում այժմ ես պատմական ժամանակներ կտեսնեմ, քաղաքական տագնապ և պատմական ժամանակը կպահանջե լուրջ գործ անենք, եթե կարողանանք լեզու գտնել պաշտոնյաների հետ, սիրով պատրաստ ենք ամեն կողմեն մեր խոսքը և մեր միտքերը տալ, որ Հայաստանի ազգի հարցերը լուծվին»,-ասաց հայերենին այնքան լավ չտիրապետող Ռիչարդ Կիրակոսյանը:
Իսկ քաղաքական ուժերին իրենց չեզոքությունը, ինչպես նշեց վերլուծաբանը, կապացուցեն գործով`իրենց զեկույցներով: Վերլուծաբանի խոսքերով` կենտրոնի չեզոքությունը կարևոր է այն առումով, որ չնայած Հայաստանում կան տարբեր վերլուծաբաններ, քաղաքագետներ, սակայն նրանք չեզոքություն չունեն:
«Ես մտահոգ եմ, թե ինչպես կարող ենք առաջընթաց արձանագրել մեր ազգի համար և այսօրվա մեր ներքաղաքական վիճակը կպահանջե, որ ամեն մարդ արթնանանա և ոչ թե ամպայման քաղաքական դաշտ մտնելու համար, այլ դեմոկրատիային նպաստելու համար»,-ասաց Ռ.Կիրակոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել