Նախարարն առաջարկում է օրենք ընդունել երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ունի մի քանի կարեւորագույն խնդիր, որոնք այսօր Կառավարությունում ներկայացրեց նախարար Արմեն Գրիգորյանը: Նա առաջնային է համարում մարզիկ-մանկավարժների վերապատրաստումը, ինչը 20 տարի է չի իրականացվում: Սպորտի զարգացումը մարզերում ապահովելու համար նախարարը կարեւոր է համարում երիտասարդության եւ սպորտի բաժինների հիմնումը, որպեսզի իմանան, թե «ում հետ կարող են գործ ունենալ»: Նախարարը առաջարկեց օրենք ընդունել, որը կլուծի երիտասարդ ընտանիքների բնակարանային օգնության խնդիրը:
Անդրադառնալով 2008թ իրականացված աշխատանքներին` Արմեն Գրիգորյանը առանձնացրեց մի շարք միջոցառումներ. «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք»: Անցկացվել են մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցել են սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք, օրինակ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի կողմից անցկացվել է հանրապետական հաշմանդամային մարզական փառատոն 7 մարզաձեւից, հավաքական թիմն էլ մասնակցել է Պեկինի 29-րդ ամառային պարալիմպիկ խաղերին:
Նախարարը կարեւորեց 2008թ օլիմպիական ձեռքբերումները. 6 բրոնզե մեդալ, որից 3-ը ծանրամարտ, 1-ը՝ բռնցքամարտ, 2-ը` հունա-հռոմեկան ըմբշամարտ մարզաձեւերից, նաեւ 2008թ շախմատի 38-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը դարձավ չեմպիոն:
Ի տարբերություն Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության` Մշակույթի նախարության խնդիրները բազմաբնույթ եւ բազմաքանակ էին: Նախարար Հասմիկ Պողոսյանը անդրադարձավ խնդիրներին ըստ ոլորտների. մշակութային ժառանգության պահպանության ոլորտում խնդիր է մնում պետական սեփականություն համարվող գույքային իրավունքների գրանցման հարցը, երկրորդ խնդիրը ոլորտում իրավախախտումների համար պատժամիջոցների սահմանումն ու կիրառումն է, խնդիր կա նաեւ հուշարձանների վերականգնման պետպատվերի շրջանակում` պատվիրատուները տարբեր են: Խնդիրների մի մասն էլ վերաբերում են մշակույթի տարբեր ոլորտներում գործող կադրերին` թանգարանային, հուշարձանների եւ երաժշտական դպրոցների մասնագետների վերապատրաստման կարիք կա:
«Բացակայում են կադրերի պատրաստման եւ վերապատրաստման մասնագիտական կառույցները, որոնք ժամանակին գործում էին, այսօր մենք փորձում ենք վերականգնել դրանք»,-ասում է նախարարը: Նա նշեց նաեւ, որ չեն կարողանում հաղթահարել թանգարանային հավաքածուների ընդհանուր քանակի շրջանառության 3 տոկոսը. «Այսօր թանգարանային տարածքների լուրջ խնդիր կա»:
Նախարարը առանձնացրեց արվեստի դպրոցների կարգավիճակի խնդիրը, քանի որ, ըստ օրենքի, դրանք համարվում են արտադպրոցական, ուստի մանկավարժների վարձատրման տարբերություն կա հանրակրթական դպրոցների հետ համեմատած:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել