HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բարեգործական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է բարերարների աջակցությունը

2008 թվականի ընթացքում բարեգործական է որակվել 64 ծրագիր` շուրջ 4 մլրդ դրամ գումարի չափով: Այս մասին տարեվերջի մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջին անգամ մշակվել եւ պատրաստվել է 11 բարեգործական ծրագիր` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով: Նախարարության աշխատակազմի բարեգործական ծրագրերի համակարգման բաժինը համակարգել է ըստ բնակավայրերի ու սոցիալական խմբերի բարեգործություն ստացողների ընտրության եւ ցուցակների կազմման աշխատանքները: Բաժնի պետ Ռուզաննա Խոջայանի կողմից տրամադրված տեղեկության համաձայն, ծրագրերում ներառվում են հանրապետության սոցիալապես անապահով տարբեր խավերի ներկայացուցիչներ: Նրա խոսքերով, 11 ծրագրերից այժմ իրականացվում է արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամներին` ձեռքի կառավարման ավտոմեքենաների տրամադրման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 100 ավտոմեքենա(1 մեքենայի արժեքը կազմում է 2.635 մլն դրամ): 2008-ի ընթացքում կառավարության եւ բարերարների ֆինանսավորմամբ արդեն մեքենա են ստացել 25 հաշմանդամներ: Մեկ այլ ծրագրով նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար Շուշիի 220 տեղանոց գիշերօթիկ հաստատության շենքի վերակառուցում: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 650  մլն դրամ: Սոցիալական մյուս ծրագրերով նախատեսվում է առանց ծնողական խնամքի մնացած թվով 15 երեխաներին բնակելի տներով  եւ գույքով ապահովում (ընդհանուր արժեքը` 135 մլն դրամ), Շուշիի քաղաքում բնակչության առանձին խմբերի համար սանատոր-առողջարանային կենտրոնի կառուցում (ընդհանուր արժեքը` 930 մլն դրամ): Մյուս ծրագրերը վերաբերում են 5 մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակելի տների կառուցմանը,  վերանորոգմանը եւ ընդլայնմանը (1640.0 մլն դրամ), 7 եւ ավելի մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող 58  ընտանիքներին գույքով, մեղվափեթակով եւ ընտանի կենդանիներով ապահովմանը, հաշմանդամների համար մարզական սարքերի, մոտոսայլակների եւ այլ հարմարանքների, թվային լսողական սարքերի ձեռք բերմանը: Մեկ այլ ծրագրով նախատեսվում է զոհված ազատամարտիկների 1160 ընտանիքների բնակարանների ջեռուցման եւ տաք ջրով ապահովում` 1259 մլն դրամի շրջանակներում: Վերոնշյալ ծրագրերը տարածել է նաեւ հանրապետությունից դուրս եւ ակնկալում է բարերարների աջակցությունը: Բոլոր ծրագրերի վերջում նշված է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել համաֆինանսավորման տարբերակները: Ռուզաննա Խոջայանի հավաստմամբ, այս տարի Ղարաբաղում նախատեսվում է կազմակերպել բարեգործների միջազգային համաժողով, որի նպատակը բարեգործական կազմակերպությունների եւ անհատ բարերարների գործունեության բարեգործական ծրագրերի համակարգումն է, մեծ ներդրում ունեցող բարերարների խրախուսումը եւ համագործակցության սերտացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter