Տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի խորհրդի նիստ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը` դիտորդի կարգավիճակով։
Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի աուդիտի պլանը, ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչի երկրորդ փուլի իրականացման նպատակների վերաբերյալ տեղեկատվությունը եւ «Վարկային ծրագրի վարչական քաղաքականությունը եւ ընթացակարգերը» ուղեցույցը, ընթացիկ այլ հարցեր։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Վերոհիշյալ աուդիտի պլանի վերաբերյալ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ փաստաթուղթը ներկայացնում է այն պահանջները, որոնց առկայության դեպքում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից (ՀՄԿ) ֆինանսավորում ստացած կազմակերպությունները պետք է ենթարկվեն անկախ աուդիտի։ Մինչ օրս իրականացվել է 2006թ. հոկտեմբերից մինչեւ 2008թ. դեկտեմբեր ծրագրի ֆինանսական աուդիտ։ Նշված աուդիտի պլանը թույլ կտա շարունակել աուդիտի իրականացումը մինչեւ ծրագրի ավարտը։
Օրակարգի հաջորդ հարցի կապակցությամբ, Արա Հովսեփյանը տեղեկացրել է, որ «ՀՄԿ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2008թ. դեկտեմբերի 10-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն, ուսումնասիրվել է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչի երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը։ Ըստ գլխավոր գործադիր տնօրենի, արդյունքում վերանայվել է Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ծրագրի իրականացման «Ծրագրի վարչական քաղաքականությունը եւ ընթացակարգերը» փաստաթուղթը` ծրագրին տալով առանձնահատուկ առաքելություն եւ վարկերի տրամադրումն ուղղորդելով միայն Ջրից դեպի շուկա ծրագրի նպատակների իրագործմանը։
Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում Տեխնիկական վերահսկողության իրականացման պայմանագրի նախագիծը, «Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման նախագծում» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից 2008թ. դեկտեմբերի 10-ին հաստատված գնումների պլանում կատարված փոփոխությունները եւս։
Նիստում խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել նաեւ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ, ըստ որի հիշյալ ենթածրագրի շրջանակներում արդեն իսկ ավարտվել են Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոմոբիլային ճանապարհի 24.48 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածների վերականգնման շինարարական պայմանագրերով նախատեսված աշխատանքները։ Նշվել է, որ կապալառու «Դորոժնիկ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքներն իրականացրել է նախատեսված ժամկետից` 2008թ. դեկտեմբերի 15-ից, 10 օր շուտ եւ պայմանագրային արժեքի դիմաց` շուրջ 48,5 մլն դրամ խնայողությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել