Անհապաղ կասեցնել կատարողական վարույթը
Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲԸ գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանը հանդես է եկել միջնորդությամբ` կատարողական վարույթը կասեցնելու մասին: Միջնորդության մեջ, որ ուղարկվել է ՀՀ իշխանության տարբեր ատյանների, ասվում է.
«ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Հ.Բաբաջանյանի Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին 10.01.2009թ. որոշմամբ Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանվել է 4.934.843.265 ՀՀ դրամ: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկզիբը նշանակվել էր 23.01.2009թ.: 02.02.2009թ. նշված աճուրդն ըստ էության չկայացավ:
Ըստ հարկադիր կատարողի որոշման` Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 4.067.201.600 ՀՀ դրամ, ինչպես նաև 81.344.032 ՀՀ դրամ պետական տուրքի գումար և 207.427.281,6 ՀՀ դրամ որպես կատարողական գործողությունների ծախս` ընդհանուր` 4.355.972.913 ՀՀ դրամ:
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 35.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելիս վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով:
Նշված նորմից հետևում է, որ հաջորդ էլեկտրոնային աճուրդի մեկնարկային գինը սահմանվելու է 4.441.448.938 ՀՀ դրամ (4.934.843.265-493.484.326,5 (10%)):
Սնանկության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի անբավարարության հետևանքով անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և մեկամսյա ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել դատարան` անկախ նրանից, այդ բոլոր կատարողական վարույթները գտնվում են նույն հարկադիր կատարողի մոտ, թե ոչ:
Սույն մասի իմաստով գույքն անբավարար է համարվում, եթե կատարողական վարույթով (վարույթներով) իրացման ենթակա արգելանք դրված և գնահատված գույքի առաջիկա իրացման գնահատված կամ մեկնարկային գինն ավելի ցածր է պահանջի (պահանջների) չափից: Պահանջի (պահանջների) չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը և գույքի իրացումից ծագող անուղղակի հարկային պարտավորությունները:
Վերոհիշյալ նորմի համաձայն հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել սույն կատարողական վարույթը և դիմել սնանկության պահանջով, քանի որ մեկնարկային գինը ցածր է պահանջի չափից:
Մեկնարկային գինը կկազմի` 4.441.448.938 ՀՀ դրամ.
Պահանջի չափը` 5.096.362.450,9 ՀՀ դրամ, որի մեջ`
- 4.067.201.600 ՀՀ դրամ բնօգտ. վճար,
- 81.344.032 ՀՀ դրամ պետական տուրքի գումար,
- 207.427.281,6 ՀՀ դրամ որպես կատարողական գործողությունների ծախս,
- 740.389.537,9 ՀՀ դրամ` իրացումից առաջացող ԱԱՀ (ընդհանուր գումարի մեջ 16,67%)
Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ Ընկերության անշարժ գույքը գրավադրված է հօգուտ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի և այս պահին ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի ընդդեմ Ընկերության` 167.807.628 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին:
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
- Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:
- Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի, գրավադրված գույքի վրա արգելանք դնելու որոշման և գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:
- Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում գրավառուիª այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գրավառուն արդեն իր պահանջը ներկայացրել է Ընկերությանը, հետևաբար Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի` 167.807.628 ՀՀ դրամի պարտավորությունն առաջնահերթ կատարելու պայմաններում աճուրդից առաջացող այդ չափով գումարը պետք է փոխանցվի գրավառուին:
Սնանկության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը հարկադիր կատարողին պարտադրում է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը:
Ելնելով վերոգրյալից խնդրում եմ կատարողական վարույթն անհապաղ կասեցնել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել