Առանց ամբաստանյալների դատական նի՞ստ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում hիմնական զեկուցող, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը անդրադարձավ առանց ամբաստանյալի դատական նիստ անցակացնելու հնարավորությանը:
Նա գտնում է, որ ներկայում գործող կարգավորումը գործնականում դժվարություններ է առաջացնում, երբ ամբաստանյալը դատական նիստերի դահլիճում ոչ պատշաճ վարքագիծ է դրսեւորում` վտանգելով արդարադատության շահը, տուժողների եւ դատավարության այլ մասնակիցների, վկաների իրավունքների պաշտպանությունը:
Դանիելյանը գտնում է, որ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում խոցելի է դառնում նաեւ ամբաստանյալի իրավունքների պաշտպանությունը: Ըստ նրա` օրենսդրական փաթեթը ամբաստանյալի վիճակը բարելավող բնույթ ունի. ի տարբերություն օրենսգրքի գործող կարգավորման` դատական նիստերի դահլիճից հեռացման արդյունքում կալանավորված անձանց համար պատժի ժամկետի մեջ չհաշվելու խնդիր չի առաջանում, ամբաստանյալի նկատմամբ դահլիճից հեռացման պատժամիջոցի կիրառման դեպքում պաշտպանի մասնակցությունը նիստին դառնում է պարտադիր:
Պատգամավորները մտահոգությունները վերաբերում էին ընդհանուր իրավասության դատարանների թվաքանակի փոփոխության սկզբունքներին, օրենսդրական փոփոխությունների իրավիճակային բնույթին, դատական նիստերից ամբաստանյալին հեռացնելու պատժամիջոցի կիրառմանը եւ այլն:
Հանձնաժողովը որոշեց ներկայացնել ԱԺ որոշման նախագծեր օրենսդրական փաթեթը երկու ընթերցմամբ քննարկելու եւ առաջինից երկրորդ ընթերցումը 24 ժամվա ընթացքում կազմակերպելու վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել