«Ինձ ինչի՞ եք հարցնում, գնացեք ՀՀ կառավարությանը հարցրեք»,- ասում է սանահինցի Արմո Երիցյանը
Ալավերդու համայնքապետարանը 2008 թ.-ին բնապահպանական վճարներից 12,4 մլն դրամ է ծախսել Ակներ եւ 9,4 մլն դրամ` Սանահին գյուղական թաղամասերում խմելու ջրագծեր կառուցելու համար: Թեեւ 2008 թվական արդեն ետեւում է, սակայն այս գյուղերի բնակիչների խմելու ջրի մատակարարման խնդիրներն այդպես էլ չեն լուծվել:
Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը դեռեւս 2008թ.-ի դեկտեմբերի 26-ին մեզ հետ զրույցի ընթացքում ջրագծերի մասին ասաց. «Ակների ջրագիծը մեկ ամիս առաջ է ավարտվել, ծրագրի նպատակը նա էր, որ ջուրը հասցնենք գյուղ, իսկ արդեն ներքին ցանցի աշխատանքների հետ կապված, լրացուցիչ ֆինանսավորում ունենալու դեպքում ներքին ցանցը կվերանորոգվի»:
Պարզվեց՝ 2009 թ.-ի բյուջեով քաղաքապետն այդ նպատակով լրացուցիչ գումար չի նախատեսել: Այդուհանդերձ, քաղաքապետից տեղեկացանք. «Ներքին ցանցի որոշ աշխատանքներ, օրինակ՝ Ակներ գյուղում, իրենց ուժերով կատարեցին գյուղացիները, եւ գյուղի վերեւի թաղամասը համարյա ջուր ունի արդեն»: Քաղաքապետի խոսքից ստացվում է, որ ջրագծի վրա 12,4 մլն դրամ ծախսելու արդյունքում ջրով ապահովվել են միայն Ակներ գյուղի վերին թաղի մի քանի բնակիչներ:
Հունվարի 2-ին ակներցիների հետ հանդիպմանը պարզվեց, որ գյուղի ո՛չ վերեւի, ո՛չ էլ ներքեւի թաղերում ջրագծից մարդիկ չեն օգտվում, քանի որ ներքին ցանցի խողովակները տարբեր տեղերում պայթել են, իսկ ջրագծի մասին գյուղացիները, կարծես թե, մոռանում են: Մինչդեռ քաղաքապետը մեզ հավաստիացնում էր. «Չի բացառվում, որ գյուղերի ջրի ներքին ցանցերի մնացած աշխատանքները նույնպես կատարեն գյուղացիները՝ իրենց հաշվին, բացի այդ՝ քանի որ այդ ջրի համար իրենք են պատասխանատվություն կրելու, մյուս տարվա սկզբին, ասել է թե՝ 2009 թ.-ի սկզբին, մենք կհանդիպենք գյուղացիների հետ, հատկապես Սանահին գյուղում պետք է ջրաչափեր տեղադրվեն եւ ըստ իրենց ծախսած ջրի պետք է նաեւ վճարեն»:
Ակնհայտ է, որ ջրագծերի կառուցման համար գումարները նախատեսելիս քաղաքապետին ի սկզբանե չէր հետաքրքրել ծախսերի արդյունավետության հարցը: Խնդիրն այն է, որ Ակներ եւ Սանահին գյուղերի բնակիչները սոցիալապես այն աստիճան անապահով են, որ ի վիճակի չեն խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ջրի ներքին ցանցի՝ արդեն տեղ-տեղ փտած խողովակները վերանորոգել:
Սանահին գյուղի բնակիչները խմելու ջուրը շարունակում են վերցնել գյուղի վերեւում գտնվող «Վերին միլ» կոչվող աղբյուրից: Ջուր տանում են` ով ինչով կարողանում է, թեեւ աղբյուրը գտնվում է հակասանիտարական վիճում, ամբողջությամբ թաղված է անասունների թրիքի մեջ:
«Գյուղի ծայրին եմ ապրում, Ակների ճամփի վրա: Օգտագործում ենք «Աստոծնազա» տեղամասից եկող ոռոգման ջուրը, խմելու ջուրն էլ 2կմ ոտքով գնում ենք «Վերին մլից» դույլերով կրում»,- պատմում է Սվետլանա Էվոյանը: Նա տեղյակ չէր, որ քաղաքապետարանը ջրագծի համար փող է հատկացրել, քանի որ որեւէ բան չի փոխվել: Անտեղյակ էր նաեւ նրա հարեւանը՝ Անահիտ Մոսինյանը:
Անահիտ Վերանյանն էլ, ով ջրով լիքը ծանր դույլերը ձեռքին աղբյուրից ջուր էր տանում, ասաց. «Ես չգիտեմ, թե էդ թազա ջուրը ընչի չեն միացնում: Դրա համար մեծ կա, թող մեծը պահանջի»,- գտնում էր Անահիտը: «Դեռ որքա՞ն է դույլերով ջուր տանելու» հարցին Անահիտը պատասխանեց. «Ի՞նչ կարանք անենք, հարմարվում ենք»:
Սանահինցի Հովիկ Վերանյանի կարծիքով՝ ջրագիծը չի միացվում, որովհետեւ ջրամբարը ջուր է թողնում, ասում են՝ օրերը պիտի տաքանան, որ սարքեն: Մեր այցելության պահին ջրամբարների միայն կափարիչներն էին ներկված: Այն հարցին, թե գյուղացիները կարո՞ղ են իրենց ոժերով վերանորոգել գյուղի ջրի ներքին ցանցը կամ ջրամբարից իրենց ուժերով ջուր քաշել իրենց տները, սանահինցի Արմո Երիցյանը պատասխանեց. «Շաշեր կանեն: Գեղըմը ո՞վ կարա բասեյնից ջուր տանի: Ես չեմ կարա տանեմ: Անհնարին ա: Գիտե՞ք հմի ոնցա, մարդիկ ինֆարկտ են տանում, ո՞նց են սորեն դենը մի կտոր հաց ճարելու, որ ուտեն: Ես չգիտեմ, 9 միլիոնանոց ջրագծի հերն էլ անիծած: Ես հմի ներկա մոմենտին քաշ եմ գալի, 60 տարեկան մարդ եմ, ո՛չ աշխատանք են տալիս, ո՛չ էլ՝ թոշակ»:
Ակներ եւ Սանահին գյուղերի բնակիչների «բախտը» ջրագծերի հարցում չի բերում: Դեռևս 2004 թ. ՀՀ կառավարության միջոցներով Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի նախաձեռնությամբ Ծաղկաշատի Ժիվանք հանդամասի լեռնային աղբյուրներից ոռոգման ջրագիծ է կառուցվել Հաղպատ, Ակներ եւ Սանահին գյուղերի վարելահողերի ոռոգման համար, որին այս գյուղերի բնակիչներն արդեն քանի տարի կարոտ են մնում: Արմո Երիցյանն այս ջրագծի մասին ասաց. «Ես Ժիվանքից Սանահին բերվող ջրագծի վրա աշխատել եմ, բայց չգիտեմ՝ ջուրն ուր ա: Համ էլ՝ ինձ ինչի՞ եք հարցնում, գնացեք ՀՀ կառավարությանը հարցրեք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել