Հայ Արիական Միաբանությունը ողջույններ է հղում Բոլիվիայի նախագահին
Այսօր ՀԱՄ-ը տարածել է հայտարարություն, որում «ջերմ ողջույններ է հղում» Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին` իր նախնյաց հավատքին վերադառնալու նախաձեռնության համար:
Վերջերս բնիկ ամերիկացի նախագահը հայտարարել է, որ Բոլիվիան այլեւս կաթոլիկ (քրիստոնեական) պետություն չէ եւ այդ կրոնը չի կարող համարվել պետական կրոն:
Նախագահ Մորալեսը նշել է, որ Բոլիվիայի բնակչության ավելի քան 85%-ը հնդկացիական ցեղերի ներկայացուցիչներ եւ հին հավատի հետեւորդներ են, ուստի պետք է վերականգնվի իրենց հին հավատը: Նա նաեւ նշել է, թե չի բացառվում, որ իսպաներենի հետ համատեղ պետական լեզու համարվի տեղի հնդկացիների լեզուն:
«Հայ Արիական Միաբանությունը Ամերիկա աշխարհամասի առաջին հնդկացի նախագահի պետականորեն իրականացվող այս թերեւս եզակի նախաձեռնությունը համարում է լուրջ աշխարհայացքային քայլ, ինչը կարող է շրջադարձային ազդեցություն թողնել բոլոր հին ազգերի հավատադարձության վրա:
Մենք` հայ-արիականներս, նույնպես ունենք մեր հին հավատի, հայ Աստվածների պաշտամունքը եւ կարեւորում ենք Բոլիվիայի նախագահի վճռական քայլը` իր երկիրն ու ազգը սեփական արմատներին ամրացնելուն եւ զորացնելուն միտված:
Վստահ ենք, որ հայությանը նույնպես սպասվում է դարձ դեպի արմատներըª հայոց հավատը, հայ Աստվածների պաշտամունքը:
Փառք Տիեզերքի Արարչին եւ բարի վերադարձ հայ Աստվածներին:
Արիական Հայաստանն է հայոց զորության հիմնաքարը»,-ասված է հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել