HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական կազմակերպությունները մտահոգված են

Երևանի Մամուլի ակումբի, ԶԼՄ-ի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի նստաշրջանի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նորացված փաթեթի քննարկումը: Այդ փաստաթղթերի որակը գերազանցեց մեր բոլոր հոռետեսական ակնկալիքները. լեզվական, տրամաբանական եւ իրավական սխալների քանակն անիմաստ է դարձնում դրանց մանրամասն վերլուծությունը: Առավել եւս, որ վերջին տարիների ընթացքում մեր կազմակերպությունները հետեւողականորեն ու կառուցողական կերպով արձագանքել են զանգվածային լրատվամիջոցների ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին, տվել են պաշտոնական նախագծերի բովանդակային գնահատականը, ներկայացրել են սեփական առաջարկությունները: Մասնավորապես, 2008 թվականի դեկտեմբերին Երեւանի մամուլի ակումբն ու «Ինտերնյուսը» ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովին են ուղարկել այս օրենսդրական փաթեթի նախորդ տարբերակի վերաբերյալ մանրամասն մեկնաբանեւթյուններ: Մեր սկզբունքային դիտողություններից ոչ մեկը գործնականում հաշվի չի առնվել: Դրա փոխարեն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին` օրինագծում հայտնվել են դրույթներ, որոնց մի մասն այլ բնութագրման, քան «թյուրիմացությունն» է, արժանի չէ: 2008 թվականի նոյեմբերին մեր կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվեցին անդամակցելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից` լրատվամիջոցների օրենսդրության աշխատանքային խմբին: 2008 թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ այդ խմբի առաջին հանդիպումը, դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում կազմակերպվեցին լսումնե` նվիրված հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության կարգավորման մի քանի ասպեկտներին: Սակայն, ինչպես երեւում է օրինագծերի փաթեթից, այդ միջոցառումները որեւէ օգուտ չեն տվել, իսկ նախագծերի ներկա տարբերակներին աշխատանքային խմբին ծանոթացնելը նույնիսկ հարկ չի համարվել: Այդ դեպքում ինչու էին այն ընդհանրապես ստեղծում: Հերթական անգամ ստիպված ենք լինում արձանագրել, որ օրինաստեղծ գործընթացի զանազան քաղաքակիրթ ձեւերը մեզ մոտ բացառապես դեկորների դեր են կատարում: Նման իրավիճակում, եւ հաշվի առնելով նստաշրջանի քննարկմանը դրված փաստաթղթերի որակը, դրանց վրա մեր հետագա լուրջ աշխատանքը կնշանակեր անհարգալից վերաբերմունք սեփական պրոֆեսիոնալ արժանապատվության նկատմամբ: Չխորանալով հեղինակների անիրազեկության ու փնթիության մասին վկայող բազմաթիվ մանրամասների մե` մատնացույց անենք հիմնական մեթոդոլոգիական սխալները (թե գիտակցված հնարքները), որոնք, ի լրումն արդեն եղածների, հայտնվել են նորացված փաթեթում: Խոսքն, առաջին հերթին, հասկացությունների կոպիտ խեղաթյուրման մասին է: Տեղական փորձագետները եւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի ընդունումից (2000 թ.) հետո` առաջին իսկ օրերից, բարձրաձայնում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում օրենսդրորեն հասարակական-քաղաքական բազմազանություն ապահովելու անհրաժեշտության մասին: Սրա փոխարեն, օրինագծի հեղինակներն առաջարկում են մասնագիտական բազմազանություն (լրագրության մասնագետ, հեռուuտառադիոհեռարձակման կամ հեռահաղորդակցության ինժեներ-կառավարիչ, գործարարության կամ ֆինանսների կառավարիչ եւ այլն): Երկրորդ` չմշակելով Խորհրդի, ինչպես նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախության որեւէ իրական երաշխիքներ, ինչի անհրաժեշտության մասին նույնպես մշտապես խոսվում է, հեղինակները հորինել են այդ մարմինների անդամների երդման տեքստ: Քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելուն, տեղեկատվության ազատությանը եւ այլ բարձր սկզբունքներին հավատարմության երդում տալու պահանջը` առանց անկախությանը, բազմակարծությանը եւ հասարակությանը հաշվետու լինելուն նպաստող հուսալի մեխանիզմների, միայն ավելացնում է երեսպաշտությունը, ինչն առանց այդ էլ մեր հանրային կյանքի մեծագույն հիմնախնդիրներից է: Կրկնեն` օրենսդրական փաթեթի երկու սկզբունքային թերությունները դրանում առկա անընդունելի դրույթների ու անհեթեթությունների մի փոքր մասն են միայն: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 1643 (2009) Բանաձեւում կոչ է արել Հայաստանի իշխանություններին «ամբողջությամբ իրականացնել Եվրոպայի խորհրդի փորձագետների համապատասխան առաջարկությունները», որոնք վերաբերում են հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների անկախությանը: Մեզ հայտնի չէ ԵԽ փորձագետների վերջին առաջարկություննների բովանդակությունը, թեպետ վերոհիշյալ աշխատանքային խմբի անդամները, հավանաբար, պիտի տեղեկացված լինեին (այլապես որը պիտի լիներ պրոֆիլային հանձնաժողովին նրանց օգնությունը): Սակայն այն, որ հեռարձակման օրենսդրության վերաբերյալ ԵԽԽՎ 1609 (2008) եւ 1620 (2008) բանաձեւերի պահանջները, ինչպես նաեւ` ԵԱՀԿ Լրատվամիջոցների ազատության հարցերով հանձնակատարի կոչերը քննարկվող օրինագծերում չեն արտացոլվել` որեւէ կասկած չի հարուցում: Ավելին, ամբողջովին անտեսված է 1643 Բանաձեւի այն դրույթը, որը վերաբերում է մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները դադարեցնելուն: ԵԽԽՎ-ն ընդգծել է. «... որ իշխանությունները չպետք է օգտագործեն թվային հեռաձարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռք բերումը` որպես պատճառ հետաձգելու հեռաձարկման` ազատ, արդար ու թափանցիկ մրցույթների անցկացումը, ինչպես պահանջում է Վեհաժողովը»: Այնինչ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի համապատասխան փոփոխությանը, որն ընդունվել է բոլոր ժողովրդավարական եւ կանոնակարգային նորմերի խախտմամբ, այս նոր փաթեթի հեղինակները այդպես էլ չեն անդրադարձել: Հեռարձակման օրենսդրության շուրջ կատարվող ամեն ինչ, ցավոք, խոսում է այն մասին, որ ԱԺ պատգամավորները ոչ մի կերպ չեն գիտակցում, որ անհրաժեշտ է դասեր քաղել այնպիսի իրավիճակներից, երբ հայ խորհրդարանականների պատվիրակությունը կանգնած էր ձայնից զրկվելու իրական վտանգի առջեւ: Իրենց եւ շրջապատին հանգստացնելով բարեփոխումների (այդ թվում եւ խոսքի ազատության ոլորտում) աստիճանականության, կարճ ժամանակում եվրոպական չափանիշներին հասնելու անհնարինության մասին պնդումներով` նրանք շարունակում են վարկաբեկել տեղեկատվական բնագավառի բարեփոխման բուն գաղափարը, վնաս են հասցնում մեր երկրի հեղինակությանն ու նրա ժողովրդավարական զարգացման հեռանկարին: Որպեսզի մերկապարանոց չլինենք, դիմենք փաստերին. սույն հայտարարության համար առիթ հանդիսացած օրենսդրական փաթեթի առաջին տարբերակը հայտնվեց 2008 թվականի հունիսին: Այդ ժամանակից օրինագծերի ակնհայտ թերությունները ոչ միայն չեն վերացվել, այլեւ լրացվել են նորերով, առավել աղաղակողներով: Չենք խոսում արդեն այն մասին, որ հեռարձակման օրենսդրության սկզբունային կատարելագործման հարցն արդեն ութ տարուց ավելի օրակարգում է: Եվ սա կոչվում է աստիճանական բարեփոխում: Ստեղծված իրավիճակում մեզ ոչինչ չի մնում, քան կոչ անել Ազգային ժողովի պատգամավորներին` հնարավորինս արագ մոռանալ ընթացիկ քառօրյայի քննարկմանը ներկայացված փաթեթը, վերադառնալ դրա նախկին տարբերակներից որեւէ մեկին եւ զբաղվել փաստաթղթերի արմատական վերամշակմամբ` հաշվի առնելով աշխատանքային խմբի բազմաթիվ դիտողություներն ու առաջարկություննները եւ միջազգային կազմակերպությունների երաշխավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter