HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Պետեկամուտների կոմիտեի նախագահը գոհ չէ իր ղեկավարած կառույցի 2008թ. գործունեությունից

Այսօր կառավարությունում շարունակվեց նախարարությունների և գերատեսչությունների կողմից վարչապետին 2008 թ. գործունեության մասին հաշվետվությունների ներկայացումը: Ի տարբերություն մյուս գերատեսչությունների ղեկավարների` Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը խոսեց հիմնականում 2008 թ. բացթողումների և 2009 թ. անելիքների մասին: Գագիկ Խաչատրյանի խոսքերով` դեռևս չի հաջողվել անհրաժեշտ բավարար մակարդակի հասցնել ներմուծողների և արտադրողների ամբողջ տեսականու քանակների` մինչև շղթայի վերջնական հարկման արդյունավետ աշխատանքի ձևավորումը: 2008 թ. մեծ ուշադրություն չի դարձվել նաեւ այդ ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրմանը: Ըստ նրա` պետք է տեղեկատվական տեխնոլոգիաները շատ արագ զարգացնել` ֆինանսական մեծ ռեսուրսներ ներդնելով, կառավարման մեկ էլեկտրանային համակարգի անցնելու համար: ՊԵԿ-ի նախագահի խոսքերով` տեղեկատվական տեխնոլոգիների միջոցով պետք է ընդլայնել հետբացթողումային և նախաբացթողումային ստուգումների համակարգը: Նախաբացթողումային ստուգումների իրականացման համար, ըստ նրա, պետք է ներդնել շատ երկրներում արդեն կիրառվող էլետրոնային հայտարարագրերի համակարգը, որն էապես կթեթևացնի հսկողական մեխանիզմների կիրառումը բիզնեսի համար, իսկ հետբացթողումային հսկողության իրականացման համար պետք է ուժեղացնել ինֆորմացիայի փոխանակումը միջազգային պայմանագրերով: Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ արդյունավետ չեն կիրառվել նաև հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց արդյունավետության ապահովման մեխանիզմները. "Մենք պետք է 2009 թ.-ին դրան լայն թափ հաղորդենք, ՀԴՄ-ների ներդրումով մենք նախադեպ ենք ստեղծել, որ երկրում կայանա թղթաշրջանառությունը և նախտեսում ենք հատուկ հաշիվների ներդրումը հանրապետությունով, որն էապես կփոխի թղթաշրջանառության խնդիրները Հայաստանում": Տնտեսական ճգնաժամի պայմաններում կոմիտեի նախագահը անհրաժեշտ է համարում մաքսանենգության և կեղծ ապրանքների ներմուծման կանխման դեմ պայքարը, իսկ երկրի տնտեսական անվտագության պահպանումը պետք է մաքսային մարմինների համար լինի առաջնային խնդիր: Պետք է նաև մաքսային արժեքի որոշմանը վերաբերող մաքսային վարչարարությունը բարելավել: Նրա խոսքերով` չնայած 2008 թ. ներդրվեց մաքսային միջնորդի ինստիտուտը, բայց դրա կայացման համար դեռ շատ աշխատանքներ կան անելու: Կոմիտեի նախագահը գտնում է նաև, որ պետք է սուբյեկտների մոտ զուտ վարչարարական կերպով հարկերի հավաքումից անցնել հարկերի վճարման, օրենսդրական փոփոխությունների միջոցով ներդնել հարկային ներկայացուցչի ինստիտուտը, նաև հարկեր վճարողներին սպասարկողների որակը բարձրացնել և առհասարակ միջազգային չափանիշներին համապատասխան կադրերի վերապաստրաստման, ատեստացիայի և գնահատման համակարգ ներդնել: Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ օրենսդրությամբ իրենց տրված գործիքները` չափագրումները, գործունեության կասեցումները, հանդիպակաց ստուգումները, այսօր իրենք լավագույն ձևով չեն օգտագործում: "Պետք է էապես փոխել օպերատիվ հետախուզական աշխատանքների վարչության կազմակերպվող գործողությունները ստվերի դեմ պայքարի ոււղղությամբ",- ասաց նա: Գագիկ Խաչատրյանն ասաց նաև, որ պետք է իրականացնել ռիսկային ոլորտների վերլուծություններ և ռիսկերի կառավարման համակարգը կատարյալ դարձնել` ներդնելով միջազգային ստանդարտներին համապաստախան տեխնոլոգիաներ: Ըստ նրա` 2008 -2012 թթ. ռազմավարական ծրագրերից շատերը բարդ չափանիշներ էին պարունակում և ռեսուրսների բացակայության պատճառով իրենք մի շարք ծրագրեր իրականացնելուց ձեռնպահ են մնացել, բայց 2009 թ. իրատեսական ծրագրեր ենք կազմելու և իրականացնելու: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը շատ ճշգրիտ ներկայացրեց բացթողումները, խնդիրները, որոնք առկա են այսօր ոլորտում. "Մենք ձեզ հետ միասին կկարողանանք իրականացնել դրանք 2009-2012 թվականներին, ես քաջ գիտակցում եմ, որ 2009 թվականը լինելու է ամենածանրը մեզ համար, քանի որ մի կողմից` համաշխարհային ճգնաժամը որակաապես իրավիճակը փոխում է հարկահավաքման ոլորտում, ստեղծում է լրջագույն հիմախնդիրներ, և մենք պարտավոր ենք կատարել մեր ծրագրերը հարկահավաքման ոլորտում, մյուս կողմից` այդ միջավայրում զուգահեռաբար անցկացնել բարեփոխումներ` շատ դժվար է": Վարչապետը կարծում է, որ բարեփոխումները հեշտ է իրականացնել, երբ երկիրն ունի տնտեսական աճի բարձր ցուցանիշներ: Վարչապետի կանխատեսմամբ` 2009 թ. ՊԵԿ-ն ավելի լուրջ և բարդ խնդիրների է առնչվելու: "Կարծում եմ, որ բոլոր նախարարությունները պետք է էապես աջակցեն պետական եկամուտների կոմիտեին, բոլորի մոտ պետք է լինի այս գիտակցությունը, թե ինչ ծանր անելիքներ են մեզ սպասվում 2009թ.",- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter